Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ պլանավորելը արդյունքներ է բերում

Լավ պլանավորելը արդյունքներ է բերում

Մարիա Իսաբելը մի ջանասեր պատանի քարոզիչ է, որն իր ընտանիքի հետ ապրում է Սան Բեռնարդո քաղաքում (Հարավային Ամերիկա, Չիլի)։ Նրանք մապուչե ցեղից են և մեծ եռանդով աջակցել են մապուչե լեզվով (նաև կոչվում է մապուդունգուն) նոր ժողովի կազմավորմանը։

Երբ հայտարարվեց, որ Հիսուսի Հիշատակի երեկոն անց է կացվելու նաև մապուդունգուն լեզվով և որ 2000 հրավիրատոմս է տպագրվել այդ լեզվով, Մարիա Իսաբելը սկսեց մտածել, թե ինչ կարող է ինքն անել։ Նա հիշեց այն դեպքերը, թե ինչպես են պատանի Վկաները հաջողությամբ քարոզել համադասարանցիներին և ուսուցիչներին։ Մարիա Իսաբելը խոսեց ծնողների հետ, և նրանք որոշեցին, որ նա հրավիրատոմսերը դպրոցում տարածելու ծրագիր կազմի։ Ի՞նչ արեց աղջիկը։

Առաջին հերթին՝ Մարիա Իսաբելը դպրոցի ղեկավարությունից թույլտվություն խնդրեց հրավիրատոմս փակցնել դպրոցի հիմնական մուտքի մոտ։ Նրան չմերժեցին և նույնիսկ գովեցին իր նախաձեռնության համար։ Մի օր առավոտյան ներկա-բացակա անելու ժամանակ տնօրենը նույնիսկ բարձրախոսով հայտարարեց հրավիրատոմսի մասին։

Հետո՝ Մարիա Իսաբելը խնդրեց, որ իրեն թույլ տան անցնել բոլոր դասարաններով։ Ուսուցիչներից թույլտվություն ստանալուց հետո նա յուրաքանչյուր դասարանում հարցրեց, թե կան իրենց մեջ մապուչեներ։ Մարիա Իսաբելն ասում է. «Կարծում էի, որ ամբողջ դպրոցում ընդամենը 10–15 մապուչե աշակերտ կլիներ, բայց նրանք ավելի շատ էին. ես 150 հրավիրատոմս տվեցի»։

«ՆԱ ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆ ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ ԿԲԵՐԵՆ»

Մի կին, որը կարդացել էր դպրոցի մուտքի մոտ փակցված հրավիրատոմսը, հարցրեց, թե ում պետք է դիմի այդ միջոցառման հետ կապված։ Նա շատ զարմացավ, երբ նրան տարան տասը տարեկան մի աղջնակի մոտ։ «Նա չէր սպասում, որ իրեն երեխայի մոտ կբերեն»,— լայն ժպտալով ասում է Մարիա Իսաբելը։ Աղջիկը նրան հրավիրատոմս տվեց, հակիրճ պատմեց միջոցառման մասին, հետո այդ կնոջից վերցրեց նրա հասցեն, որպեսզի ծնողների հետ այցելի և ավելի շատ բան պատմի Աստծու Թագավորության մասին։ Մապուդունգուն լեզվով խոսող 20 քարոզիչներն անչափ ուրախացան, որ այդ կինը Հիշատակի երեկոյին եկավ 26 ուրիշ մարդկանց հետ, որոնք նույնպես մապուչե ցեղից էին։ Այժմ Սան Բեռնարդոյում կա մապուդունգուն լեզվով բարգավաճող ժողով։

Ինչ տարիքի էլ որ լինես, դու նույնպես կարող ես համադասարանցիներիդ կամ աշխատակիցներիդ հրավիրել Հիշատակի երեկոյին, հանրային ելույթի կամ մարզային համաժողով։ Մեր հրատարակություններում փնտրիր դեպքեր, որոնք կարող են քեզ միտք տալ, թե ինչպես դա անես։ Նաև աղոթիր սուրբ ոգին ստանալու համար, որպեսզի քաջությամբ խոսես Եհովայի մասին (Ղուկ. 11։13)։ Եթե այդպես վարվես, դու նույնպես հաճելիորեն կզարմանաս և շատ կոգևորվես՝ տեսնելով լավ պլանավորելու արդյունքները։