Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թող ոչինչ հետ չպահի քեզ փառք ստանալուց

Թող ոչինչ հետ չպահի քեզ փառք ստանալուց

«Նա, ով ոգով խոնարհ է, փառք կստանա» (ԱՌԱԿ. 29։23

1, 2. ա) Ի՞նչ իմաստ ունեն «փառք» թարգմանված բնագրային բառերը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

ԵՐԲ լսում ես «փառք» բառը, ի՞նչ է միտքդ գալիս։ Աստծու հիասքանչ ստեղծագործության գեղեցկությո՞ւնը (Սաղ. 19։1)։ Այն փառքն ու պատի՞վը, որ տրվում է բացառիկ հարստություն և իմաստություն ունեցող կամ մեծ հաջողությունների հասած մարդկանց։ Աստվածաշնչում «փառք» թարգմանված բնագրային բառերն ունեն «ծանրություն» իմաստը։ Հնում փողը պատրաստում էին թանկարժեք մետաղներից։ Որքան մետաղադրամը ծանր էր, այնքան նրա արժեքը բարձր էր։ Այն բառերը, որոնք արտահայտում էին ծանրության իմաստ, ժամանակի ընթացքում ձեռք բերեցին փոխաբերական իմաստ՝ «թանկ», «շքեղ», «տպավորիչ»։

2 Աշխարհում փառքի է արժանանում այն մարդը, ով ունի իշխանություն, դիրք կամ համբավ։ Մարդիկ նման բաները արժևորում են։ Իսկ ի՞նչն է Աստված արժևորում։ Ո՞ր դեպքում է նա մարդուն համարում փառքի արժանի։ Առակներ 22։4-ում կարդում ենք. «Խոնարհության ու Եհովայի հանդեպ վախի արդյունքը հարստություն է, փառք և կյանք»։ Իսկ Հակոբոս աշակերտը գրում է. «Խոնարհ եղեք Եհովայի աչքում, և նա կբարձրացնի ձեզ» (Հակ. 4։10)։ Ի՞նչ է այն փառքը, որ Եհովան տալիս է մարդուն։ Ի՞նչը կարող է մեզ խանգարել, որ ստանանք այն։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին այդ փառքը ստանալու։

3-5. Ինչպե՞ս է Եհովան մեզ փառքի արժանացնում։

3 Սաղմոսերգուն վստահ էր, որ Եհովան կբռնի իր աջ ձեռքից և իրեն կարժանացնի իսկական փառքի (կարդա՛ Սաղմոս 73։23, 24)։ Ինչպե՞ս է Եհովան փառքի արժանացնում իր հավատարիմ ծառաներին։ Տարբեր կերպերով։ Օրինակ՝ օգնում է հասկանալու, թե որն է իր կամքը, և թույլ է տալիս մտերմանալ իր հետ (1 Կորնթ. 2։7; Հակ. 4։8

4 Եհովան իր ծառաներին փառքի է արժանացնում նաև նրանով, որ թույլ է տալիս քարոզելու բարի լուրը (2 Կորնթ. 4։1, 7)։ Նա բոլոր նրանց, ովքեր իրենց  ծառայությամբ փառք են բերում իրեն և օգնում են ուրիշներին, խոստանում է. «Ես կպատվեմ նրանց, ովքեր պատվում են ինձ» (1 Սամ. 2։30)։ Ինչպե՞ս է Եհովան պատվում։ Նրանք լավ անուն են ձեռք բերում Աստծու և հավատակիցների մոտ (Առակ. 11։16; 22։1

5 Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր «վստահում են Եհովային և պահում նրա ճանապարհները»։ Սաղմոս 37։34-ում ասվում է. «Նա կբարձրացնի քեզ, որ երկիրը ժառանգես. և դու կտեսնես ամբարիշտների կործանումը»։ Նրանք բաղձանքով սպասում են այն ժամանակին, երբ հավիտենական կյանքի իրենց չքնաղ հույսը իրականություն կդառնա (Սաղ. 37։29

«ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՓԱՌՔ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ»

6, 7. Ինչո՞ւ շատերը չցանկացան հավատալ Հիսուսին։

6 Եհովան պատրաստ է մեզ փառքի արժանացնելու։ Սակայն ի՞նչը կարող է խանգարել մեզ այդ փառքը ստանալու։ Օրինակ՝ գուցե չափից շատ ուշադրություն դարձնենք այն մարդկանց կարծիքին, ովքեր լավ փոխհարաբերություններ չունեն Աստծու հետ։ Հովհաննես առաքյալը Հիսուսի օրերի իշխանների մասին գրեց. «Նույնիսկ իշխաններից շատերը հավատացին [Հիսուսին], սակայն փարիսեցիների պատճառով բացահայտ չէին դավանում նրան, որպեսզի չվտարվեն ժողովարանից, որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան Աստծու փառքը» (Հովհ. 12։42, 43)։ Այդ իշխանների համար շատ ավելի լավ կլիներ, որ այդքան մեծ կարևորություն չտային փարիսեցիների կարծիքին։

7 Դրանից ավելի վաղ Հիսուսը պարզ ասել էր, թե ինչու շատերը չեն ընդունում և չեն հավատում իրեն (կարդա՛ Հովհաննես 5։39–44)։ Իսրայել ազգը դարեր շարունակ սպասում էր Մեսիայի գալստյանը։ Երբ Հովհաննես Մկրտիչը սկսեց քարոզել, շատերն ասում էին. «Գուցե նա՞ է Քրիստոսը» (Ղուկ. 3։15)։ Հավանաբար, ոմանք Դանիելի մարգարեությունից գիտեին, որ մոտեցել է Քրիստոսի հայտնվելու ժամանակը։ Իսկ երբ նա եկավ և սկսեց սովորեցնել, Օրենքին լավատեղյակ մարդիկ չընդունեցին նրան։ Ո՞րն էր պատճառը։ Հիսուսը նրանց ասաց. «Ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ դուք իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որը միակ Աստծուց է գալիս»։

8, 9. Օրինակով ցույց տուր, թե մարդկանցից եկող փառքը ինչպես կարող է Եհովայի տված փառքից ավելի կարևոր դառնալ։

8 Բերենք մի օրինակ, թե մարդկանցից եկող փառքը ինչպես կարող է Եհովայի տված փառքից ավելի կարևոր դառնալ։ Փառքը համեմատենք լույսի հետ։ Մեր տիեզերքը ողողված է լույսով։ Երբ քաղաքից դուրս պարզկա գիշերով նայում ենք երկնքին, տեսնում ենք հազարավոր շողշողացող աստղեր։ «Աստղերի փառքը» ակնածանք է ներշնչում (1 Կորնթ. 15։40, 41)։ Սակայն քաղաքում, որտեղ կան շատ լույսեր, աստղերն այնքան էլ լավ չեն երևում։ Քաղաքի լույսերը խամրեցնում են հեռավոր աստղերից եկող լույսը։ Մի՞թե փողոցների, ստադիոնների և շենքերի լույսերը ավելի ուժեղ են կամ ավելի գեղեցիկ, քան աստղերի լույսը։ Իհարկե ոչ։ Պարզապես քաղաքի լույսերը ավելի մոտ են մեզ և խանգարում են տեսնելու աստղերից եկող լույսը։ Եթե ուզում ենք զմայլվել գիշերային երկնքով, պետք է քաղաքի լույսերից հեռու լինենք։

9 Նմանապես երբ մարդկանցից եկող փառքը մեր սրտին ավելի մոտ է, այն կարող է խանգարել, որ փնտրենք ու գնահատենք Եհովայից եկող փառքը։ Շատերը մերժում են Թագավորության լուրը, որովհետև անհանգստանում են, թե իրենց մասին ինչ կմտածեն ընտանիքի անդամներն ու ծանոթները։ Իսկ ինչպե՞ս կարող է մարդկանցից փառք ստանալու ցանկությունը ազդել Աստծու ծառայի վրա։ Ենթադրենք՝ երիտասարդը նշանակված է ծառայելու այնպիսի տարածքում, որտեղ բոլորը իրեն ճանաչում են, բայց չգիտեն, որ նա Եհովայի վկա է։ Կվախենա՞ արդյոք  այնտեղ ծառայելուց։ Կամ ինչ-որ մեկին ծաղրում են իր աստվածապետական նպատակների համար։ Թույլ կտա՞, որ հոգևոր լավ տեսողություն չունեցող մարդիկ ազդեն իր որոշումների վրա։ Կամ քրիստոնյան լուրջ մեղք է գործել։ Կթաքցնի՞ իր սխալը, որպեսզի չկորցնի իր դիրքը ժողովում կամ էլ չհիասթափեցնի իր սիրելի մարդկանց։ Եթե նրա համար ամենից կարևորը Եհովայի հետ իր փոխհարաբերությունները վերականգնելն է, ապա նա «իր մոտ կկանչի ժողովի երեցներին» և նրանցից օգնություն կխնդրի (կարդա՛ Հակոբոս 5։14–16

10. ա) Ի՞նչ կարող է լինել, եթե չափից շատ անհանգստանանք, թե ուրիշներն ինչ կմտածեն մեր մասին։ բ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, եթե խոնարհ լինենք։

10 Բերենք ուրիշ օրինակ։ Ենթադրենք՝ դու հոգևորապես առաջադիմում ես։ Ինչպե՞ս կարձագանքես, եթե հավատակիցդ քեզ խորհուրդ տա։ Եթե մեջդ հպարտությունը խոսի, մտածես անունդ փրկելու մասին կամ եթե հակված ես սխալներդ արդարացնելու, ապա պաշտպանողական դիրք կբռնես և օգուտ չես քաղի տրված խորհրդից։ Կամ, ասենք, հավատակիցներիդ հետ ինչ-որ գործ ես անում։ Կանհանգստանա՞ս այն բանի համար, թե քո լավ մտահղացումների և քրտնաջան աշխատանքի համար ով կարժանանա գովասանքի։ Հիշիր, որ «փառք կստանա» նա, ով «ոգով խոնարհ» է (Առակ. 29։23

11. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը, երբ մեզ գովում են, և ինչո՞ւ։

11 Նույն ձևով էլ վերակացուները և նրանք, ովքեր «ձգտում են վերակացուի պարտականության», պետք է զգուշանան, որ փառք չփնտրեն մարդկանց մոտ (1 Տիմոթ. 3։1; 1 Թեսաղ. 2։6)։ Ինչպե՞ս պետք է եղբայրը արձագանքի, երբ իրեն գովում են իր կատարած աշխատանքի համար։ Իհարկե, նա իր համար հուշարձան չի կանգնեցնի, ինչպես որ արեց Սավուղ թագավորը (1 Սամ. 15։12)։ Բայց նա կընդունի՞, որ իր ձեռքբերումը միայն Եհովայի անզուգական բարության շնորհիվ եղավ, և որ ապագա ցանկացած հաջողություն կարող է լինել միայն Աստծու օրհնությամբ և օգնությամբ (1 Պետ. 4։11)։ Այն, թե ինչպես ենք արձագանքում, երբ մեզ գովում են, ցույց է տալիս, թե ինչ տեսակի փառք ենք փնտրում (Առակ. 27։21

«ՈՒԶՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՀՈՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԵԼ»

12. Ինչո՞ւ որոշ հրեաներ չլսեցին Հիսուսին։

12 Մեկ այլ բան, որ կարող է խանգարել մեզ ստանալ Աստծուց եկող փառքը, մեր սխալ ցանկություններն են։ Դրանց պատճառով գուցե ընդհանրապես չցանկանանք լսել ճշմարտությունը (կարդա՛ Հովհաննես 8։43–47)։ Հիսուսը որոշ հրեաների ասաց, որ նրանք չեն լսում իրեն, քանի որ ուզում են անել իրենց հոր՝ Բանսարկուի ցանկությունները։

13, 14. ա) Ի՞նչ են ասում մասնագետներն այն մասին, թե մարդու ուղեղը ինչպես է ընկալում միաժամանակ հնչող խոսքը։ բ) Ի՞նչն է որոշում, թե ում կլսենք։

13 Մենք լսում ենք այն, ինչ ուզում ենք լսել (2 Պետ. 3։5)։ Եհովան մեզ ստեղծել է մի յուրահատուկ ունակությամբ. մեր ուղեղը անտեսում է անցանկալի ձայները։ Եթե մի պահ կենտրոնանանք և փորձենք հաշվել, թե քանի ձայն ենք լսում, ապա, հավանաբար, կզգանք, որ մինչ այդ պահը շատ ձայների վրա ուշադրություն չէինք դարձնում։ Ինչո՞ւ։ Մեր ուղեղի լիմբիական համակարգի շնորհիվ մենք կենտրոնացել էինք միայն մեկ ձայնի վրա, թեև միևնույն ժամանակ մեր ականջին էին հասնում նաև մյուս ձայները։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մարդկային խոսքը լսելու առնչությամբ։ Մասնագետները հայտնաբերել են, որ մարդու համար շատ ավելի դժվար է լսել միաժամանակ մի քանի հոգու։ Սա նշանակում է, որ երբ երկու կամ ավելի մարդ խոսում է, մենք պետք է ընտրենք, թե ում լսենք։ Իսկ այդ ընտրությունը կախված է նրանից, թե ում ենք ուզում լսել։ Այն հրեաները, որոնք ուզում էին անել իրենց հոր՝ Սատանայի ցանկությունները, պարզ է, որ ականջ չէին դնելու Հիսուսի խոսքերին։

14 Աստվածաշունչն ասում է, որ թե՛  «իմաստությունը» և թե՛ «հիմարությունը» ձայն են տալիս մեզ (Առակ. 9։1–5, 13–17)։ Ուստի մենք կանգնած ենք ընտրության առաջ։ Ո՞ւմ կլսենք։ Կլսենք նրան, ում ցանկանում ենք հաճելի լինել։ Հիսուսի ոչխարները լսում են նրա ձայնը և հետևում են նրան (Հովհ. 10։16, 27)։ Նրանք «ճշմարտության կողմն» են (Հովհ. 18։37), «օտարների ձայնը չեն ճանաչում» (Հովհ. 10։5 Այս մարդիկ խոնարհ են, ուստի փառք են ստանում Աստծուց (Առակ. 3։13, 16; 8։1, 18

«ԴՐԱՆՔ ՓԱՌՔ ԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ»

15. Ինչպե՞ս կարող էին Պողոսի նեղությունները «փառք» նշանակել իր հավատակիցների համար։

15 Եթե, չնայած դժվարություններին, շարունակում ենք կատարել Եհովայի կամքը, ապա դրանով մեր հավատակիցներին օգնում ենք փառք ստանալու։ Եփեսոսի ժողովին Պողոս առաքյալը գրեց. «Խնդրում եմ, որ ձեզ համար կրած իմ այս նեղությունների պատճառով չվհատվեք, քանի որ դրանք փառք են ձեզ համար» (Եփես. 3։13)։ Ի՞նչ իմաստով էին Պողոսի նեղությունները «փառք» եփեսացիների համար։ Չնայած դժվարություններին՝ առաքյալը շարունակեց ծառայել նրանց, ինչով եփեսացի քրիստոնյաներին ցույց տվեց, որ Աստծու կամքը կատարելը ամենակարևոր բանը պետք է լինի իրենց համար։ Եթե Պողոսը վախենար նեղություններից, ապա եփեսացի քրիստոնյաները գուցե մտածեին, որ իրենց ու Եհովայի փոխհարաբերությունները, իրենց ծառայությունը և հույսը իզուր են։ Նա ցույց տվեց, որ Քրիստոսի աշակերտը լինելու համար արժե ամեն զոհողություն անել։

16. Ի՞նչ նեղության միջով անցավ Պողոսը Լյուստրայում։

16 Պողոսի եռանդն ու տոկունությունը, անշուշտ, ոգևորիչ էին եղբայրների և քույրերի համար։ Գործեր 14։19, 20-ում կարդում ենք. «Անտիոքից և Իկոնիոնից հրեաներ եկան ու համոզեցին ժողովրդին, և նրանք քարկոծեցին Պողոսին ու քարշ տվեցին [Լյուստրա] քաղաքից դուրս՝ կարծելով, թե նա մեռած է։ Սակայն երբ աշակերտները նրան շրջապատեցին, նա վեր կացավ ու մտավ քաղաք, իսկ հաջորդ օրը Բառնաբասի հետ գնաց Դերբե»։ Առաքյալը, որի մասին կարծում էին, թե մահացել է, արդեն հաջորդ օրը պատրաստ էր ոտքով երկար ճանապարհ գնալու՝ 100 կիլոմետր։

17, 18. ա) Տիմոթեոսը, հավանաբար, որտեղի՞ց գիտեր Լյուստրայում Պողոսի հալածանքի մասին։ բ) Ի՞նչ ազդեցություն թողեց Պողոսի տոկունությունը Տիմոթեոսի վրա։

17 Արդյոք Տիմոթեոսը այն «աշակերտների՞ց» էր, որոնք եկել էին Պողոսին օգնելու։ «Գործեր» գրքում այդ մասին գրված չէ, բայց կարելի է այդպես եզրակացնել՝ ելնելով այն խոսքերից, որ առաքյալը գրեց Տիմոթեոսին. «Դու սերտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, ապրելակերպին.... Տեղյակ ես.... այն ամենին, ինչ պատահեց ինձ Անտիոքում [այստեղից  Պողոսին հեռացրին], Իկոնիոնում [այստեղ առաքյալին փորձեցին քարկոծել] և Լյուստրայում [այստեղ քարկոծեցին]։ Բայց այդ բոլոր հալածանքներից Տերն ազատեց ինձ» (2 Տիմոթ. 3։10, 11; Գործ. 13։50; 14։5, 19

18 Այո՛, Տիմոթեոսը տեղյակ էր այդ դեպքերին և գիտեր, որ Պողոսը տոկացել է դժվարությունների ներքո։ Առաքյալի հավատարմությունը մեծապես տպավորել էր Տիմոթեոսին։ Երբ Պողոսը եկավ Լյուստրա, նրան պատմեցին Տիմոթեոսի մասին. «նրա մասին լավ էին խոսում Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրները» (Գործ. 16։1, 2)։ Ժամանակի ընթացքում Տիմոթեոսը այնքան հասունացավ, որ կարող էր ստանձնել լուրջ պարտականություններ (Փիլիպ. 2։19, 20; 1 Տիմոթ. 1։3

19. Ի՞նչ ազդեցություն կարող ենք թողնել հավատակիցների վրա, եթե տոկուն մնանք դժվարությունների ներքո։

19 Եթե մենք էլ, չնայած դժվարություններին, Աստծու կամքը կատարենք, ապա նման ազդեցություն կթողնենք հավատակիցների վրա, հատկապես երիտասարդների, որոնք առաջադիմելով՝ ավելի մեծ ներդրում կարող են ունենալ ծառայության մեջ։ Երիտասարդ քարոզիչները նայում են մեզ և սովորում քարոզչական հմտություններ, սովորում են նաև հաղթահարել կյանքի դժվարությունները։ Պողոսը «ամեն ինչում շարունակեց տոկալ», որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են մնում, «ստանան փրկությունը՝ հավիտենական փառքի հետ մեկտեղ» (2 Տիմոթ. 2։10

Պատանիները թանկ են գնահատում տարեց քրիստոնյաների տոկունությունը

20. Ինչո՞ւ պետք է շարունակենք փնտրել այն փառքը, որ Աստված է տալիս։

20 Եկեք, ուրեմն, շարունակենք «փնտրել այն փառքը, որը միակ Աստծուց է գալիս» (Հովհ. 5։44; 7։18; կարդա՛ Հռոմեացիներ 2։6, 7)։ Եհովան «հավիտենական կյանք [կտա] նրանց, ովքեր փառք.... են փնտրում»։ «Բարի գործերի մեջ տոկալով»՝ մենք մղում ենք եղբայրներին և քույրերին հավատարիմ մնալու և արժանանալու հավիտենական կյանքի։ Ուստի թող որ ոչինչ չխանգարի մեզ ստանալու այն փառքը, որ Աստված է տալիս։