Ինչպես դիմանալ կողակցի կորստին
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հստակ ասում է, որ ամուսինը պետք է «սիրի իր կնոջը, ինչպես իր անձը», իսկ կինը պետք է «խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ»։ Լինելով «մեկ մարմին»՝ նրանցից յուրաքանչյուրը պետք է կատարի իր դերը (Եփես. 5։33; Ծննդ. 2։23, 24)։ Ժամանակի ընթացքում կողակիցների կապվածությունն ու սերը ավելի է ուժեղանում։ Այդ կապը կարելի է համեմատել կողք կողքի աճող երկու ծառերի արմատների հետ, որոնք միահյուսվում են իրար։ Երջանիկ կողակիցների զգացմունքները ասես միահյուսվում են իրար, և նրանց փոխհարաբերությունները ժամանակի ընթացքում ավելի են ամրանում։
Բայց ի՞նչ է լինում, երբ կողակիցներից մեկը մահանում է։ Նրանց կապը, որ անխզելի էր, կտրվում է։ Կողակից կորցրած կինը կամ տղամարդը հաճախ զգացական ցավ է ունենում, իրեն միայնակ է զգում, երբեմն նույնիսկ բարկանում է կամ իրեն մեղավոր զգում։ Դանիելան, որ 58 տարի ամուսնացած է եղել, ճանաչում է շատերին, որ կողակից են կորցրել *։ Բայց երբ նրա ամուսինը մահացավ, նա ասաց. «Իրականում ես չէի հասկանում այդ մարդկանց զգացմունքները։ Մինչև որ դա քեզ հետ չպատահի, չես հասկանա, թե դա ինչ է»։
ԱՆՎԵՐՋ ԹՎԱՑՈՂ ՑԱՎ
Որոշ հետազոտողներ ասում են, որ ոչինչ այնքան ուժեղ սթրեսի մեջ չի գցում, որքան սիրելի կողակցի մահը։ Շատերը, որ նման կորուստ են ունեցել, համաձայն են այս կարծիքին։ Միլին, որի ամուսինը մահացել է 25 տարի առաջ, ասում է. «Կարծես հաշմանդամ լինեմ»։ Չնայած որ այդքան տարիներ են անցել, նա շարունակում է ցավ զգալ։
Սյուզանը կարծում էր, որ այն այրիները, ովքեր տարիներ շարունակ ողբում են իրենց ամուսնու կորուստը, չափից շատ են վիշտ արտահայտում։ Նա իր ամուսնու հետ ապրեց 38 տարի։ Կողակցի մահից անցել է 20 տարի, բայց Սյուզանն ասում է. «Ամեն օր նրա մասին եմ մտածում»։ Կորստյան ցավից նա հաճախ է արտասվում։
Աստվածաշունչն ասում է, որ կողակցի կորստյան ցավը շատ ուժեղ է լինում ու երկար է տևում։ Երբ Սառան մահացավ, Աբրահամը՝ նրա ամուսինը, «ներս մտավ, որ ողբա ու լաց լինի Սառայի համար» (Ծննդ. 23։1, 2)։ Թեև Աբրահամը հավատում էր հարությանը, նա խոր ցավ զգաց իր սիրելի կնոջ կորստյան պատճառով (Եբր. 11։17–19)։ Հակոբը իր կնոջ՝ Ռաքելի մահից հետո դեռ երկար ժամանակ սիրով հիշում էր նրան։ Նա խանդաղատանքով արտահայտվեց նրա մասին իր որդիների հետ խոսելիս (Ծննդ. 44։27; 48։7)։
Ի՞նչ ենք սովորում սուրբգրային այս օրինակներից։ Կողակից կորցրած մարդիկ հաճախ երկար տարիներ ցավ են զգում։ Մենք չպետք է նրանց արցունքներն ու տխրությունը թուլության նշան համարենք։ Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեծ վշտի դրսևորումներ են, և գուցե հարկ լինի, որ նրանց էմոցիոնալ աջակցություն ցույց տանք երկար ժամանակ։
«ՄԻ՛ ՄՏԱՀՈԳՎԵՔ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ»
Մարդը, երբ կորցնում է կողակցին, չի դառնում պարզապես ամուրի։ Երկար տարիներ ապրելով իր կնոջ հետ՝ ամուսինը սովորաբար գիտի, թե ինչպես մխիթարի նրան, ինչպես բարձրացնի նրա տրամադրությունը և ինչպես ոգևորի, երբ նա վհատված է։ Բայց երբ նա մահանում է, կնոջ ուրախության և մխիթարության աղբյուրը վերանում է։ Նույն ձևով կինը ժամանակի ընթացքում սովորում է, թե ինչ անի, որ ամուսինը իրեն զգա ապահով ու երջանիկ։ Վերջինիս համար շատ թանկ է իր կնոջ քնքուշ հպումը, սփոփիչ խոսքերը և ուշադրությունը իր հետաքրքրությունների ու կարիքների հանդեպ։ Երբ կինը մահանում է, ամուսինը դատարկություն է զգում։ Այսպիսի պատճառներով կողակից կորցրած մարդիկ ապագային նայում են անվստահությամբ ու վախով։ Աստվածաշունչը ինչպե՞ս կարող է նրանց տալ ապահովության զգացում և հոգեկան անդորր։
«Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթ. 6։34)։ Հիսուսի այս խոսքերը մասնավորապես վերաբերում են կյանքի նյութական կողմին, բայց դրանք շատերին օգնել են նաև դիմանալու սիրելի մարդու ծանր կորստին։ Չարլզը իր կնոջ մահից մի քանի ամիս անց գրեց. «Մինչև հիմա շատ եմ կարոտում Մոնիկին, զգում եմ նրա պակասը, երբեմն էլ թվում է, թե վիճակս միայն վատանում է։ Բայց հասկանում եմ, որ դա նորմալ է, և ժամանակի ընթացքում, ի վերջո, ցավս մեղմանալու է»։
Այո՛, Չարլզը «ժամանակի ընթացքում» էր զգալու ցավի թեթևացում։ Ինչպե՞ս։ Նա ասաց. «Եհովայի օգնությամբ ես չէի մտահոգվում վաղվա օրվա մասին»։ Նա չհամակվեց վշտով։ Ճիշտ է, կորստյան ցավը չանհետացավ մեկ օրում, բայց նա թույլ էլ չտվեց, որ այն խեղդի իրեն։ Եթե կողակիցդ մահացել է, կորստյան ցավը կարող ես թեթևացնել՝ չմտահոգվելով վաղվա օրվա մասին։ Դու չգիտես, թե վաղվա օրը ինչ քաջալերանք ու մխիթարություն կարող է բերել։
Եհովան չէր նախատեսել, որ մարդիկ մահանան։ Մահը «Բանսարկուի գործերից» է (1 Հովհ. 3։8; Հռոմ. 6։23)։ Նա մահվան և դրա հանդեպ վախի միջոցով շատերին պահում է ստրկության մեջ և զրկում է նրանց հույսից (Եբր. 2։14, 15)։ Նա հաճույք է ստանում այն բանից, երբ որևէ մեկը կորցնում է նույնիսկ Աստծու նոր աշխարհում երջանիկ ու բավարարված կյանքով ապրելու հույսը։ Այսպիսով՝ Ադամի մեղքի և Սատանայի նենգությունների պատճառով է, որ մարդ կորցնում է իր կողակցին և տառապում է (Հռոմ. 5։12)։ Եհովան ամբողջությամբ կվերացնի Սատանայի հասցրած վնասը՝ ոչնչացնելով նրա դաժան զենքը՝ մահը։ Շատերը, այդ թվում նաև բազմաթիվ մարդիկ, ովքեր կողակից են կորցրել, ազատվել են այն վախից, որ Սատանան տարածում է։
Հարության ժամանակներում բազմաթիվ փոփոխություններ են լինելու մարդկային փոխհարաբերություններում։ Նոր աշխարհում երեխաների հետ կատարելության են հասնելու նրանց հարություն առած ծնողները, տատերն ու պապերը և մյուս նախնիները։ Ծերության բոլոր հետևանքները վերացվելու են։ Երիտասարդ սերունդները սովորելու են իրենց նախնիներին բոլորովին այլ աչքերով նայել։ Նման փոփոխությունները, ինչ խոսք, կնպաստեն մարդկային ընտանիքի բարելավմանը։
Հարություն առածների վերաբերյալ բազմաթիվ հարցեր կարող են լինել։ Օրինակ, երբ ինչ-որ մեկը կորցրել է երկու կամ ավելի կողակից։ Սադուկեցիները մի հարց տվեցին մի կնոջ մասին, որի առաջին ամուսինը մահացել էր, հետո մահացել էր երկրորդը և այդպես մինչև յոթերորդը (Ղուկ. 20։27–33)։ Ի՞նչ փոխհարաբերություններ են նման մարդիկ ունենալու հարության ժամանակ։ Մենք չգիտենք, և իմաստ էլ չունի ենթադրություններ անելու և անհանգստանալու։ Միակ բանը, որ կարող ենք անել, պարզապես Եհովային վստահելն է։ Մի բան հաստատ է. ինչ էլ որ Եհովան անի ապագայում, լավ է լինելու։ Դա մի այնպիսի բան է լինելու, ինչին հարկավոր է հուսալ և ոչ թե դրանից վախենալ։
ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ՝ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ
Աստծու Խոսքի ամենահստակ ուսմունքներից մեկն այն է, որ մահացածները հարություն են առնելու։ Աստվածաշնչում գրված հարության դեպքերը երաշխավորում են, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհ. 5։28, 29)։ Մահվան կապանքներից ազատվածներին դիմավորողները, անշուշտ, մեծ ուրախություն կապրեն, իսկ հարություն առածների ուրախությունը մենք չենք էլ կարող պատկերացնել։
Երբ մահացածները հարություն առնեն, երկիրը կլցվի չտեսնված ուրախությամբ։ Միլիարդավոր մահացած մարդիկ կրկին կապրեն և իրենց տեղը կգրավեն մարդկային հասարակության մեջ (Մարկ. 5։39–42; Հայտն. 20։13)։ Ապագա այս հրաշքի շուրջ խորհրդածելը կմխիթարի բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։
Երբ հարության մասին Աստծու չքնաղ խոստումը կատարվի, որևէ մեկը հիմնավոր պատճառ կունենա՞ տխուր լինելու։ Աստվածաշունչն ասում է՝ ո՛չ։ Եսայիա 25։8-ի համաձայն՝ Եհովան «կկլանի մահը հավիտյան»։ Դա նշանակում է, որ ամբողջովին կվերանա նաև մահվան պատճառած ցավը։ Նույն մարգարեությունում ասվում է. «Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից»։ Եթե հիմա վշտացած ես կողակցիդ մահվան պատճառով, հարությունը, անշուշտ, ուրախություն կպատճառի քեզ։
Ոչ մի մարդ լիովին չի հասկանում այն, թե Աստված ինչ է իրագործելու նոր աշխարհում։ Եհովան ասում է. «Ինչպես որ երկինքն է երկրից բարձր, այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից, ու իմ մտքերը՝ ձեր մտքերից» (Ես. 55։9)։ Ապագայում սպասվող հարության վերաբերյալ Հիսուսի խոստումը մղում է մեզ Աբրահամի պես վստահելու Եհովային։ Այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենակարևոր բանը Աստծու ասածներն անելն է։ Այդպես անելով՝ «արժանի կլինենք կյանք ստանալու գալիք աշխարհում» և ապրելու նրանց հետ, ովքեր հարություն կառնեն (Ղուկ. 20։35)։
ՀԻՄՆԱՎՈՐ ՀՈՒՅՍ
Ապագային նայիր ոչ թե վախով, այլ հույսով։ Մարդկային տեսանկյունից՝ ապագան մռայլ է։ Բայց Եհովան մեզ լավ բանի հույս է տալիս։ Ճիշտ է, կոնկրետ չգիտենք, թե Եհովան ինչպես կբավարարի մեր բոլոր կարիքներն ու ցանկությունները, բայց մենք չպետք է կասկածենք, որ նա կանի դա։ Պողոս առաքյալը գրեց. «Տեսանելի հույսը հույս չէ, քանի որ երբ մարդ մի բան տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա դրան։ Բայց եթե մենք հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ապա տոկունությամբ շարունակում ենք սպասել դրան» (Հռոմ. 8։24, 25)։ Աստծու խոստումների հանդեպ ունեցած ամուր հույսը կօգնի տոկալու։ Տոկունություն դրսևորելով՝ դու կհասնես այդ չքնաղ ապագային, և Եհովան «կկատարի քո սրտի խնդրանքները»։ Նա կգոհացնի «ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 37։4; 145։16; Ղուկ. 21։19)։
Երբ Հիսուսի մահը մոտենում էր, նրա առաքյալները շփոթության մեջ էին։ Հիսուսը հանգստացրեց նրանց՝ ասելով. «Թող ձեր սրտերը չխռովվեն։ Հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ.... Ես ձեզ որբ չեմ թողնի, ես կգամ ձեզ մոտ» (Հովհ. 14։1–4, 18, 27)։ Նրա այս խոսքերը դարեր շարունակ իր օծյալ հետևորդներին հույս էին տալու և օգնելու էին տոկալու։ Նմանապես նրանք, ովքեր փափագում են տեսնել իրենց մահացած հարազատների հարությունը, ոչ մի պատճառ չունեն հուսահատվելու։ Եհովան և նրա Որդին «որբ չեն թողնի» նրանց, ովքեր հարազատ են կորցրել։ Կարող ես վստահ լինել դրանում։
^ պարբ. 3 Անունները փոխված են։