Մի՛ կորցրու առողջ դատողությունդ
«Եղբայրնե՛ր.... խնդրում ենք ձեզ, որ դուք իսկույն չկորցնեք ձեր առողջ դատողությունը» (2 ԹԵՍԱՂ. 2։1, 2)։
1, 2. Սուտն ինչո՞ւ է այսօր շատ տարածված, և ի՞նչն է նպաստում դրա տարածմանը (տե՛ս այս էջի նկարը)։
ԱՅՍ աշխարհում չափազանց տարածված են խարդախությունը, խաբեբայությունը և սուտը։ Սա չպետք է մեզ զարմացնի։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Սատանան վարպետ խաբեբա է, և նա է ղեկավարում այս աշխարհը (1 Տիմոթ. 2։14; 1 Հովհ. 5։19)։ Որքան շատ ենք մոտենում այս չար համակարգի վախճանին, այնքան Սատանան ավելի շատ է բարկությամբ լցվում՝ «գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտն. 12։12)։ Հետևաբար կարող ենք սպասել, որ նրա ազդեցության տակ ընկած մարդիկ ավելի ու ավելի անազնիվ կդառնան, ընդ որում նրանք հատկապես կցանկանան խաբել Եհովայի ծառաներին։
2 Երբեմն զանգվածային լրատվամիջոցները մոլորեցուցիչ հայտարարություններ են անում կամ բացահայտ ստեր ասում Եհովայի ծառաների և նրանց համոզմունքների մասին։ Թերթերը, հեռուստատեսային վավերագրական ֆիլմերը և ինտերնետային էջերը նպաստում են կեղծիքի ու ստի տարածմանը։ Ոմանք, առանց երկար մտածելու, հավատում են այդ ամենին և սկսում անհանգստանալ։
3. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ չխաբվենք։
3 Այս ամենի միջոցով մեր թշնամին փորձում է մեզ բարոյալքել։ Մենք երախտապարտ ենք Եհովային, որ տվել է մեզ իր Խոսքը, որը «օգտակար է.... ուղղելու.... համար» (2 Տիմոթ. 3։16)։ Աստծու Խոսքի միջոցով մենք կարող ենք հակազդել Սատանային։ Պողոսի նամակներից իմանում ենք, որ առաջին դարում Թեսաղոնիկեի ժողովի որոշ անդամներ, հավատալով ստերի, մոլորության մեջ էին ընկել։ Առաքյալը թեսաղոնիկեցիներին գրեց. «Խնդրում ենք ձեզ, որ դուք իսկույն չկորցնեք ձեր առողջ դատողությունը» (2 Թեսաղ. 2։1, 2)։ Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի այս սիրառատ հորդորից և ինչպե՞ս կարող ենք մեր սովորածը կիրառել։
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՐՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
4. Ինչպե՞ս թեսաղոնիկեցի քրիստոնյաները նախազգուշացում ստացան «Եհովայի օրվա» գալստյան մասին, և ինչպե՞ս ենք այսօր մենք այդպիսի նախազգուշացում ստանում։
4 Թեսաղոնիկեցիներին գրած առաջին նամակում Պողոսը նրանց ուշադրությունը հրավիրում է «Եհովայի օրվա» գալստյան վրա։ Նա չէր ուզում, որ իր եղբայրները լինեն խավարի մեջ և անպատրաստ, ուստի կոչ արեց նրանց՝ «լույսի որդիներին», «արթուն մնալ և պահպանել զգոնությունը» (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 5։1–6)։ Մենք սպասում ենք Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կործանմանը։ Նրա ոչնչացումով կսկսվի Եհովայի մեծ օրը։ Այսօր Եհովայի նպատակի իրագործման վերաբերյալ մեր հասկացողությունն ավելի շատ է։ Բացի այդ, ժողովի միջոցով պարբերաբար ստանում ենք ժամանակահարմար հիշեցումներ, որոնք օգնում են մեզ «պահպանելու մեր զգոնությունը»։ Այդ կրկնվող նախազգուշացումներին ուշադրություն դարձնելով՝ ավելի վճռական կդառնանք Աստծուն «սուրբ ծառայություն մատուցելու մեր բանականությամբ» (Հռոմ. 12։1)։
5, 6. ա) Ինչի՞ մասին խոսեց Պողոսը թեսաղոնիկեցիներին գրած երկրորդ նամակում։ բ) Ի՞նչ է Աստված շուտով անելու Հիսուսի միջոցով, և ի՞նչ պետք է հարցնենք ինքներս մեզ։
5 Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակին շուտով հետևեց երկրորդը։ Այդ նամակում Պողոս առաքյալը նրանց ուշադրությունը հրավիրեց գալիք նեղության վրա, երբ Տեր Հիսուսը Աստծու դատաստանը կբերի նրանց վրա, «ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղ. 1։6–8)։ 2 Թեսաղոնիկեցիներ 2-րդ գլխից երևում է, որ ժողովի որոշ անդամներ Եհովայի օրվա մասին այն աստիճան «տագնապներ» ունեին, որ մտածում էին, թե այն ուր որ է գալու է (կարդա՛ 2 Թեսաղոնիկեցիներ 2։1, 2)։ Նրանք սահմանափակ հասկացողություն ունեին Եհովայի նպատակի իրագործման վերաբերյալ, ինչը հետագայում հենց Պողոսն ընդունեց, երբ գրեց մարգարեանալու մասին։ Նա գրեց. «Հիմա մենք որոշ չափով գիտելիքներ ունենք և որոշ չափով մարգարեանում ենք, բայց երբ որ ամբողջականը գա, այդ որոշ չափովը կվերանա» (1 Կորնթ. 13։9, 10)։ Բայց Աստծու կողմից ներշնչված այն նախազգուշացումները, որ գրել են Պողոսը, Պետրոսը և այդ ժամանակների ուրիշ հավատարիմ օծյալ եղբայրներ, կարող էին հոգևորապես զորացնել նրանց, որ պահպանեն իրենց հավատը։
6 Նրանց հասկացողությունը ուղղելու նպատակով Պողոսը Աստծու ներշնչանքով բացատրեց, որ նախքան Եհովայի օրվա գալը կլինի մեծ հավատուրացություն, և կհայտնվի «անօրենության մարդը» *։ Դրանից հետո Տեր Հիսուսը «կոչնչացնի» «անօրենության մարդուն» և բոլոր նրանց, ովքեր խաբվել են նրա կողմից։ Առաքյալը նշում է, որ նրանք ոչնչանալու են այն պատճառով, որ «չընդունեցին ու չսիրեցին ճշմարտությունը» (2 Թեսաղ. 2։3, 8–10)։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Որքա՞ն եմ սիրում ճշմարտությունը»։ Աստծու համաշխարհային ժողովը կանոնավորաբար ստանում է «Դիտարան» ամսագիրը և այլ հրատարակություններ։ Ինքդ քեզ հարցրու. «Ուսումնասիրո՞ւմ եմ դրանք, որպեսզի հոգևոր հասկացողությունս միշտ ներդաշնակ լինի մեր ներկա հասկացողությանը»։
ԶԳՈՒՅՇ ԵՂԻՐ ՔՈ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ
7, 8. ա) Ի՞նչ վտանգների էին բախվում վաղ քրիստոնյաները։ բ) Ի՞նչն է անչափ վտանգավոր ճշմարիտ քրիստոնյաների համար այսօր։
7 Ինչ խոսք, առաջին դարում, բացի հավատուրաց ուսմունքներից, ուրիշ վտանգներ էլ կային։ Օրինակ՝ Պողոսը Տիմոթեոսին գրեց, որ «բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է»։ Առաքյալը շեշտեց, որ դրան «ձգտելով՝ ոմանք շեղվել են հավատից ու իրենց շատ ցավերով են խոցել» (1 Տիմոթ. 6։10)։ «Մարմնի գործերը» նույնպես մշտապես սպառնացող վտանգ էին լինելու (Գաղ. 5։19–21)։
8 Պողոսը թեսաղոնիկեցիներին մի լուրջ նախազգուշացում տվեց։ Նա նրանց զգուշացրեց այն մարդկանցից, որոնց նա մեկ այլ նամակում անվանեց «կեղծ առաքյալներ»։ Նրանցից ոմանք «ծուռումուռ բաներ էին խոսում աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (2 Կորնթ. 11։4, 13; Գործ. 20։30)։ Հետագայում Հիսուսը գովեց Եփեսոսի ժողովին, որովհետև այդ ժողովի անդամները «տանել չէին կարող վատ մարդկանց»։ Եփեսացիները «փորձել» էին այն մարդկանց, ովքեր իրականում կեղծ առաքյալներ էին, փաստացի՝ ստախոսներ (Հայտն. 2։2)։ Հետաքրքիր է, որ թեսաղոնիկեցիներին գրած իր երկրորդ նամակում Պողոսը պատվիրեց. «Իսկ հիմա, եղբայրնե՛ր, պատվիրում ենք ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով հեռու մնալ ամեն եղբորից, որը անկարգությամբ է վարվում»։ Հետո նա հատուկ նշեց այն քրիստոնյաների մասին, ովքեր «չէին ուզում աշխատել» (2 Թեսաղ. 3։6, 10)։ Եթե այդ մարդկանց մասին ասվում է, որ նրանք «անկարգությամբ էին վարվում», ապա որքան առավել «անկարգությամբ էին վարվում» նրանք, ովքեր հավատուրացության ուղին էին բռնել։ Այո՛, նման մարդկանց հետ սերտ շփումը շատ վտանգավոր էր, և հարկավոր էր հեռու մնալ նրանցից։ Նույնը ճիշտ է նաև այսօր (Առակ. 13։20)։
9. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, երբ ինչ-որ մեկը սկսում է ենթադրություններ անել կամ քննադատել։
9 Մեծ նեղությունը և այս չար աշխարհի վախճանը մոտենում են, ուստի այս ներշնչյալ նախազգուշացումները այսօր ավելի մեծ նշանակություն ունեն։ Անկասկած, մենք չենք ուզում «աչքաթող անել» Եհովայի «[անզուգական բարության] նպատակը», և չենք ուզում բաց թողնել հավիտենական կյանքով ապրելու հնարավորությունը (2 Կորնթ. 6։1)։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, երբ ժողովի հանդիպումներին հաճախողներից որևէ մեկը փորձում է մեզ ներքաշել այնպիսի զրույցների մեջ, որոնք քննադատական բնույթ ունեն կամ անձնական ենթադրությունների վրա են հիմնված (2 Թեսաղ. 3։13–15)։
«ԱՄՈՒՐ ԲՌՆԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ»
10. Պողոսը Թեսաղոնիկեի ժողովի քրիստոնյաներին հորդորեց ի՞նչը ամուր բռնել։
10 Պողոսը հորդորեց թեսաղոնիկեցիներին «հաստատ կանգնել» և կառչած մնալ իրենց սովորածից (կարդա՛ 2 Թեսաղոնիկեցիներ 2։15)։ Ի՞նչ նկատի ուներ նա՝ ասելով «այն ամենը, ինչ սովորեցիք»։ Անշուշտ, նա նկատի չուներ այն ուսմունքները, որոնք տարածում էին կեղծ կրոնականները, և որոնք ներկայացվում էին նույնքան արժեքավոր, որքան Սուրբ Գրքերն էին։ Պողոսը խոսում էր այն ուսմունքների մասին, որոնք նա և ուրիշները ստացել էին Հիսուսից, ինչպես նաև այն ամենի մասին, ինչը առաքյալը Աստծու ներշնչանքով գրել էր ու փոխանցել հավատակիցներին։ Հետագայում դրանց մեծ մասը դարձավ Աստվածաշնչի մի մասը։ Պողոսը գովեց իր կորնթացի եղբայրներին, որովհետև, ինչպես ինքն է գրում, նրանք «բոլոր բաներում հիշում էին իրեն և ամուր կառչած էին այն ամենին, ինչ փոխանցել էր իրենց» (1 Կորնթ. 11։2)։ Այն, ինչ սովորում էին առաջին դարի քրիստոնյաները, բխում էր հուսալի և վստահարժան աղբյուրից։
11. Ինչպե՞ս են ոմանք խաբվում։
11 Եբրայեցիներին գրած նամակում Պողոսը նշեց երկու բան, ինչի պատճառով քրիստոնյան գուցե կորցնի հավատը և դառնա անհավատարիմ (կարդա՛ Եբրայեցիներ 2։1; 3։12)։ Նա խոսեց «շեղվելու» և «հեռանալու» մասին։ Գետի ափին գտնվող նավակը, իր տեղից շեղվելով, կարող է աննկատ հեռանալ և հայտնվել շատ հեռու։ Բայց կարող է լինել նաև այնպես, որ մարդն ինքը նավակը հեռացնի ափից։ Այս օրինակը ցույց է տալիս, թե մարդ ինչպես կարող է խաբվել և թույլ տալ, որ ճշմարտության հանդեպ իր վստահությունը թուլանա։ Որոշ թեսաղոնիկեցիների, հավանաբար, հենց դա պատահեց։
12. Ի՞նչը կարող է վնասել մեր հոգևոր առողջությունը։
12 Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր օրերի մասին։ Այսօր ժամանակատար բազմաթիվ զբաղմունքներ կան։ Մտածիր, թե որքան ժամանակ ես տրամադրում սոցիալական ցանցին, էլեկտրոնային նամակներ կարդալուն և պատասխանելուն, սիրելի զբաղմունքին, մարզական իրադարձություններին տեղեկանալուն։ Այս զբաղմունքներից յուրաքանչյուրը կարող է շեղել մեզ և թուլացնել մեր եռանդը։ Արդյունքում գուցե սկսենք սրտանց չաղոթել, բաց թողնենք ժողովի հանդիպումները, քիչ ժամանակ տրամադրենք Աստծու Խոսքի ուսումնասիրությանն ու բարի լուրի քարոզչությանը։ Ի՞նչ կարող ենք անել, որ «իսկույն չկորցնենք մեր առողջ դատողությունը»։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
13. Ինչպես կանխագուշակվել էր, ինչպիսի՞ն է շատերի տրամադրվածությունը, և ի՞նչը կօգնի, որ մեր հավատը չթուլանա։
13 Մի բան մենք պետք է հաստատ հիշենք. երբեք չպետք է մոռանանք, թե ինչ ժամանակներում ենք ապրում, ինչպես նաև, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ շփումը այն մարդկանց հետ, ովքեր չեն ընդունում, որ այժմ «վերջին օրերն» են։ Պետրոս առաքյալը գրեց. «Վերջին օրերում ծաղրողներ կգան իրենց ծաղրանքներով, որ իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն ու կասեն. «Որտե՞ղ է նրա խոստացված ներկայությունը։ Քանի որ այն օրից, երբ մեր նախահայրերը մահվան քնով ննջեցին, ամեն բան շարունակվում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր»» (2 Պետ. 3։3, 4)։ Աստծու Խոսքը ամեն օր կարդալով և կանոնավորաբար ուսումնասիրելով՝ մենք միշտ կհիշենք, որ ապրում ենք վերջին օրերում։ Հավատուրացությունը, որի մասին կանխագուշակվել էր, վաղուց է ի հայտ եկել և մինչև օրս գոյություն ունի։ «Անօրենության մարդը» շարունակում է գոյություն ունենալ և հակառակվել Աստծու ծառաներին։ Ուստի մենք պետք է շատ զգոն լինենք՝ հիշելով, որ Եհովայի օրը մոտ է (Սոփ. 1։7)։
14. Ինչպե՞ս է Աստծու գործում զբաղված լինելը պաշտպանություն։
14 Փորձը ցույց է տվել, որ արթուն մնալու և առողջ դատողությունը չկորցնելու համար շատ կարևոր է կանոնավորաբար մասնակցել բարի լուրի քարոզչությանը։ Երբ Հիսուս Քրիստոսը՝ ժողովի գլուխը, իր հետևորդներին պատվիրեց բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել և նրանց սովորեցնել պահել այն ամենը, ինչ ինքն է պատվիրել, նա դրանով տվեց մի խորհուրդ, որը պաշտպանելու էր իր հետևորդներին (Մատթ. 28։19, 20)։ Այս պատվերը կատարելու համար մենք պետք է եռանդուն լինենք։ Կարո՞ղ ես պատկերացնել, որ թեսաղոնիկեցի մեր եղբայրները բավարարվեին միայն մակերեսորեն քարոզելով և ուսուցանելով, որ դա համարեին զուտ պարտականություն և այն կատարեին անտարբերությամբ։ Հիշիր, թե ինչ ասաց Պողոսը նրանց. «Մի՛ հանգցրեք ոգու կրակը։ Մարգարեանալուն արհամարհանքով մի՛ վերաբերվեք» (1 Թեսաղ. 5։19, 20)։ Մի պահ մտածիր, թե մենք ինչ տպավորիչ մարգարեություններ ենք ուսումնասիրում և դրանց մասին պատմում մարդկանց։
15. Ի՞նչ կարող ենք քննարկել ընտանեկան երկրպագության ժամանակ։
15 Մենք, անշուշտ, ուզում ենք օգնել մեր ընտանիքի անդամներին զարգացնելու իրենց քարոզչական հմտությունները։ Շատ եղբայրներ ու քույրեր ասում են, որ այս հարցում կարելի է հաջողության հասնել, եթե ընտանեկան երկրպագության ժամանակի մի մասը տրամադրվի ծառայությանը պատրաստվելուն։ Գուցե օգտակար համարեք խոսել այն մասին, թե ինչպես կարող եք զարգացնել մարդու հետաքրքրությունը, ինչի մասին կարելի է խոսել հաջորդ այցի ժամանակ, ամենից շատ որ թեմաները կհետաքրքրեն բնակչին և թե երբ է վերայցելելու լավագույն ժամանակը։ Շատերը ընտանեկան երկրպագությանը մի որոշ ժամանակ են հատկացնում նաև ժողովի հանդիպումների ծրագրին ծանոթանալուն։ Իսկ կարո՞ղ ես ավելին անել ժողովի հանդիպումներին պատրաստ լինելու և մեկնաբանություններ տալու համար։ Դա կամրացնի հավատդ, ինչն էլ կօգնի, որ չկորցնես առողջ դատողությունդ (Սաղ. 35։18)։ Ընտանեկան երկրպագությունը կպաշտպանի քեզ ենթադրություններից ու կասկածներից։
16. Ի՞նչն է մղում օծյալ քրիստոնյաներին պահպանելու առողջ դատողությունը։
16 Եհովան օրհնել է իր ժողովրդին՝ տարիների ընթացքում ավելի խոր հասկացողություն տալով աստվածաշնչյան մարգարեությունների վերաբերյալ։ Այս մասին խորհրդածելը լցնում է մեզ վստահությամբ, որ ապագայում հիանալի պարգև կստանանք։ Օծյալները հույս ունեն, որ երկնքում կմիանան Հիսուսին։ Սա, ինչ խոսք, մղում է նրանց զգույշ լինելու, որ չկորցնեն իրենց առողջ դատողությունը։ Այն, ինչ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին, անշուշտ կարող ենք ասել նաև մերօրյա օծյալներին. «Մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար, Եհովայից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված.... ընտրեց ձեզ ոգով ձեզ սրբացնելու միջոցով և ճշմարտության հանդեպ ձեր ունեցած հավատի միջոցով» (2 Թեսաղ. 2։13)։
17. Ինչո՞վ են քեզ համար քաջալերական 2 Թեսաղոնիկեցիներ 3։1–5 համարները։
17 Նրանք, ովքեր երկրի վրա ապրելու հույս ունեն, նույնպես պետք է զգույշ լինեն, որ չկորցնեն իրենց առողջ դատողությունը։ Եթե երկրային հույս ունես, ուշադրություն դարձրու այն քաջալերական խոսքերին, որ Պողոսը գրեց Թեսաղոնիկեի օծյալ քրիստոնյաներին (կարդա՛ 2 Թեսաղոնիկեցիներ 3։1–5)։ Բոլորս պետք է խորապես գնահատենք այս սիրառատ խոսքերը։ Այո՛, թեսաղոնիկեցիներին գրված նամակները կենսական նախազգուշացումներ են տալիս ենթադրությունների ու կասկածելի գաղափարների մասին։ Քանի որ վերջը շատ մոտ է, մենք անչափ երախտապարտ ենք այս նախազգուշացումների համար։
^ պարբ. 6 Գործեր 20։29, 30-ում Պողոսն ասում է, որ քրիստոնեական ժողովի միջից «մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար»։ Ինչպես վկայում է պատմությունը, ժամանակի ընթացքում առաջ եկավ հոգևոր դաս-աշխարհականներ բաժանումը։ Արդեն 3-րդ դարում ակնհայտ էր, որ «անօրենության մարդը» քրիստոնեական աշխարհի հոգևորականությունն է (տե՛ս «Դիտարան», 1990, փետրվարի 1, էջ 10–14, անգլ.)։