Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից, Թայվան

Անձնվիրաբար ծառայողների կյանքից, Թայվան

ՄՈՏ հինգ տարի առաջ Չունգ Կյունը և Ջուլին՝ մոտ 35 տարեկան ամուսիններ, Սիդնեյում (Ավստրալիա) ընդհանուր ռահվիրա էին ծառայում։ Չունգ Կյունը պատմում է. «Մենք կես դրույքով աշխատանք ունեինք և ապրում էինք հարմարավետ կյանքով։ Մեր բնակավայրում կլիման շատ լավն էր, ապրելը՝ հեշտ։ Մեր հարազատներն ու ընկերներն էլ մոտ էին ապրում մեզ»։ Այդուհանդերձ, Չունգ Կյունը և Ջուլին իրենց լիովին բավարարված չէին զգում։ Ինչո՞ւ։ Նրանք հասկանում էին, որ հանգամանքները իրենց հնարավորություն են տալիս ավելին անելու ծառայության մեջ, բայց վարանում էին փոփոխություններ անել։

2009թ.-ին տարածաշրջանային համաժողովում ամուսինները լսեցին մի ելույթ, որը նրանց լրջորեն մտածելու տեղիք տվեց։ Հռետորը իր խոսքն ուղղեց այն եղբայրներին ու քույրերին, որոնք կարող էին ընդլայնել իրենց ծառայությունը։ Նա օրինակ բերեց՝ ասելով. «Վարորդը կարող է աջ կամ ձախ շրջադարձ կատարել միայն այն դեպքում, երբ մեքենան ընթացքի մեջ է։ Նմանապես Հիսուսը կարող է ուղղություն տալ մեզ մեր ծառայությունը ընդլայնելու հարցում միայն այն դեպքում, երբ մենք մեծ ջանքեր ենք թափում մեր նպատակին հասնելու համար» *։ Ամուսիններին թվաց, թե հռետորն անմիջապես իրենց հետ է խոսում։ Այդ նույն համաժողովում Թայվանում ծառայող մի միսիոներ զույգի հետ հարցազրույց եղավ։ Նրանք պատմեցին, որ իրենք ուրախություն են ստանում ծառայությունից, և շեշտեցին, որ իրենց դաշտում քարոզիչների մեծ կարիք կա։ Չունգ Կյունին և Ջուլիին նորից թվաց, որ նրանց խոսքերը իրենց են ուղղված։

Ջուլին պատմում է. «Այդ համաժողովից հետո մենք աղոթեցինք Եհովային, որ մեզ քաջություն տա տեղափոխվելու Թայվան»։ Նա ավելացնում է. «Մենք վախենում էինք։ Կարծես երեխա լինեինք, որը կյանքում առաջին անգամ պատրաստվում է ցատկել լողավազանի ամենախոր տեղը»։ Ժողովող 11։4-ը օգնեց նրանց կատարելու այդ  «ցատկը»։ Այդ համարում գրված է. «Քամուն նայողը սերմ չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի»։ Չունգ Կյունն ասում է. «Մենք վճռեցինք, «նայելու» փոխարեն, «ցանել» ու «հնձել»»։ Նրանք ավելի շատ սկսեցին աղոթել, կարդացին միսիոներների կենսագրություններ, էլեկտրոնային նամակներով սկսեցին սերտորեն շփվել նրանց հետ, ովքեր արդեն տեղափոխվել էին Թայվան։ Ամուսինները վաճառեցին իրենց ավտոմեքենաներն ու կահույքը և երեք ամիս անց տեղափոխվեցին Թայվան։

ՆՐԱՆՔ ԶԳԱՑԻՆ, ԹԵ ԻՆՉ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Տարբեր երկրներից ավելի քան 100 եղբայրներ և քույրեր եկել են Թայվան ու ներկայումս ծառայում են այդ երկրի այն տարածքներում, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։ Նրանք եկել են Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Կորեայից, Իսպանիայից և Միացյալ Նահանգներից։ Ամենամեծը 73 տարեկան է, ամենափոքրը՝ 21։ Նրանցից ավելի քան 50-ը ամուրի քույրեր են։ Ինչպե՞ս են այս եռանդուն եղբայրներն ու քույրերը սկսել ծառայել օտար երկրում։

Լորա

Ամուրի քույր Լորան (Կանադա) ռահվիրա է Թայվանի արևմուտքում։ Տասը տարի առաջ նա ընդհանրապես չէր սիրում քարոզել։ Լորան ասում է. «Ես ծառայությանն այնքան շատ չէի մասնակցում, որ մեջս սեր առաջանար դրա հանդեպ»։ Նրա կանադացի ընկերները նրան հրավիրեցին իրենց հետ մեկ ամիս ծառայելու Մեքսիկայում։ Քույրն ասում է. «Կյանքումս առաջին անգամ այդքան շատ ժամանակ անցկացրի ծառայության մեջ։ Ի զարման ինձ՝ ծառայությունը հիանալի անցավ»։

Տեսնելով, թե ինչ հաճելի է անցնում ծառայությունը օտար երկրում՝ Լորան որոշեց տեղափոխվել օտարախոս ժողով Կանադայում։ Նա չինարենի դասընթաց անցավ, ծառայեց չինախոս խմբի հետ և նպատակ դրեց տեղափոխվելու Թայվան։ 2008-ի սեպտեմբերին Լորան արդեն Թայվանում էր։ Քույրն ասում է. «Հարմարվելու համար մոտ մեկ տարի պահանջվեց, և հիմա չեմ պատկերացնում կյանքս Թայվանից դուրս»։ Ի՞նչ է նա ասում քարոզչական ծառայության մասին. «Ծառայությունը հիանալի է։ Ոչինչ այնքան մեծ բավականություն  չի պատճառում, որքան տեսնելը, թե ուսումնասիրողները, ճանաչելով Եհովային, ինչպես են փոխում իրենց կյանքը։ Այստեղ՝ Թայվանում, շատ անգամ եմ զգացել, թե ինչ ուրախություն է դա»։

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Բրայան և Միշել

Բրայանն ու Միշելը, որոնք 35 տարեկան ամուսիններ են, մոտ 8 տարի առաջ ԱՄՆ-ից տեղափոխվեցին Թայվան։ Սկզբում նրանց թվում էր, թե իրենց ծառայությունն անիմաստ է այստեղ։ Բայց մի փորձառու միսիոներ նրանց ասաց. «Նույնիսկ եթե միայն կարողանում եք թերթիկ տալ, հիշեք, որ այդ թերթիկը վերցրած մարդը, ըստ ամենայնի, իր կյանքում առաջին անգամ է Եհովայի մասին ինչ-որ բան իմանում։ Իսկ դա նշանակում է, որ դուք կարևոր գործ եք անում այստեղ»։ Նրա խոսքերը շատ ոգևորեցին Բրայանին ու Միշելին և օգնեցին, որ նրանք չընկճվեն։ Մեկ ուրիշ եղբայր նրանց ասաց. «Որպեսզի չվհատվեք չինարենը սովորելիս, ձեր առաջընթացը չափեք ոչ թե օրից օր, այլ համաժողովից համաժողով»։ Ժամանակի ընթացքում Բրայանն ու Միշելը սովորեցին չինարենը և այժմ արդյունավետ ռահվիրաներ են։

Ի՞նչը կարող է քո մեջ ցանկություն առաջացնել սովորելու օտար լեզու։ Հնարավորության դեպքում այցելիր այն երկիր, որտեղ ուզում ես ծառայել։ Գնա ժողովի հանդիպումներին, շփվիր եղբայրների և քույրերի հետ, նրանց հետ ծառայիր։ Բրայանն ասում է. «Երբ տեսնես, թե ինչքան շատ մարդ է արձագանքում Թագավորության լուրին, երբ զգաս եղբայրների և քույրերի ջերմ սերը, դու չես վախենա օտար երկրում ծառայելու հետ կապված դժվարություններից»։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀՈԳՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Քրիստան և Միշել

Թայվան տեղափոխված որոշ ռահվիրաներ կարողացել են հոգալ իրենց նյութական կարիքները՝ անգլերեն ուսուցանելով։ Իսկ Քրիստանն ու Միշելը ծովամթերք են վաճառում։ Քրիստանն ասում է. «Ես երբեք նման գործ չեմ արել, բայց դրա շնորհիվ հնարավորություն ունենք այս երկրում ապրելու»։ Ժամանակի ընթացքում նրանք մշտական հաճախորդներ ունեցան։ Քանի որ լրիվ աշխատանքային օրով չեն աշխատում, Քրիստանն ու Միշելը բավականաչափ ժամանակ են ունենում անելու իրենց գլխավոր գործը՝ ծառայելու ռահվիրա։

«ՎԱՅԵԼԻՐ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

Ուիլյամն ու Ջենիֆերը (ԱՄՆ) Թայվան են եկել մոտ յոթ տարի առաջ։ Ուիլյամն ասում է. «Լեզու սովորելը, ռահվիրա ծառայելը, ֆինանսական կարիքները հոգալը և ժողովի մասին հոգ տանելը երբեմն ուժասպառ են անում»։ Ի՞նչն է օգնում այս ամուսիններին հաջողության հասնելու և ուրախ մնալու։ Նրանք ողջամիտ նպատակներ են դնում։ Օրինակ՝ ժամանակին, երբ նրանք սովորում էին չինարեն, չափից մեծ ակնկալիքներ չունեին, ուստի չէին վհատվում, երբ իրենց առաջընթացը դանդաղ էր լինում։

Ուիլյամ և Ջենիֆեր

Ուիլյամը հիշում է, թե շրջանային վերակացուն մի անգամ ինչ ասաց իրեն. «Մի՛ կենտրոնացիր միայն արդյունքի վրա։ Վայելիր ամբողջ գործընթացը»։ Եղբայրն ուզում էր ասել, որ հոգևոր նպատակ դնելուց հետո հարկավոր է ուրախանալ դրան հասնելու համար արած ամեն քայլով։ Ուիլյամն ասում է, որ այս խորհրդին հետևելով՝ ինքն ու իր կինը կարողացել են լինել ճկուն, հետևել տեղի պատասխանատու եղբայրների խորհուրդներին և փոխել իրենց գործելակերպը, որպեսզի հաջողության հասնեն ծառայության մեջ նոր երկրում։ Նաև սկսել են ժամանակ անցկացնել բնության գրկում և վայելել կղզու գեղեցկությունը։

Մեգան անունով մի ամուրի ռահվիրա քույր (ԱՄՆ), նպատակ ունի չինարեն սահուն խոսելու։ Մինչ ձգտում է այդ նպատակին, նա, Ուիլյամի և Ջենիֆերի նման, ուրախություն է ստանում իր ծառայությունից։ Հանգստյան օրերին Մեգանը միշտ քարոզիչների խմբի հետ ծառայում է մի շատ լավ տարածքում՝ Թայվանի ամենամեծ նավահանգստում՝ Գաոսյունում։ Քույրը, նավից նավ անցնելով, բարի լուրը քարոզել է Բանգլադեշից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից,  Թաիլանդից և Վանուատուից եկած ձկնորսներին։ Նա ասում է. «Քանի որ ձկնորսները կարճ ժամանակով են լինում նավահանգստում, մենք հենց տեղում սկսում ենք Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց հետ։ Որպեսզի հասցնենք բոլորին ուսուցանել, հաճախ միաժամանակ չորս-հինգ հոգու հետ ենք ուսումնասիրում»։ Իսկ ի՞նչ է Մեգանն ասում իր՝ չինարեն սովորելու մասին. «Կուզեի ավելի արագ սովորել, բայց միշտ հիշում եմ մի եղբոր խոսքերը. «Արա լավագույնդ, մնացածը կանի Եհովան»»։

Մեգան

ԱՊԱՀՈՎ, ՊԱՐԶ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Քետին (Մեծ Բրիտանիա) նախքան արտասահման տեղափոխվելը մանրամասնորեն հետաքրքրվեց, թե ամուրի քրոջ համար որ երկրում ավելի ապահով կլինի ծառայելը։ Նա Եհովային հայտնեց իր մտահոգությունները և նամակ գրեց մի քանի մասնաճյուղ՝ տեղեկություն խնդրելով այն մասին, թե ինչ վտանգներ կարող են լինել ամուրի քույրերի համար տվյալ երկրում։ Պատասխանները ստանալուց հետո Քետին ուշադրությամբ քննեց դրանք և որոշեց, որ ամենահարմար տարբերակը Թայվանն է։

2004թ.-ին 31 տարեկանում Քետին տեղափոխվեց Թայվան։ Նա ձգտում է պարզ կյանքով ապրել։ Քետին պատմում է. «Ես եղբայրներին և քույրերին հարցրի, թե որտեղ են վաճառում էժան միրգ և բանջարեղեն։ Այդպես փողս ավելի խնայողաբար եմ ծախսում»։ Ի՞նչն է օգնում նրան պարզ կյանքով ապրելու։ Քույրն ասում է. «Հաճախ աղոթում եմ Եհովային, որ օգնի ինձ բավարարվելու այն պարզ ուտելիքով և հագուստով, որ ունեմ։ Ես տեսնում եմ, որ Եհովան պատասխանում է աղոթքներիս՝ ցույց տալով, թե իրականում ինչի կարիք ունեմ, և օգնելով չկենտրոնանալու ցանկություններիս վրա։ Ես սիրում եմ պարզ կյանքով ապրել, քանի որ դա օգնում է ինձ կենտրոնացած մնալու հոգևորի վրա»։

Քետի

Թեև Քետին պարզ կյանքով է ապրում, բայց նրա կյանքը շատ հետաքրքիր է։ Նա ասում է. «Այնտեղ, որտեղ ծառայում եմ, շատերն են դրականորեն արձագանքում բարի լուրին։ Դա ինձ շատ է ուրախացնում»։ Երբ Քետին եկավ Թայվան, այն քաղաքում, որտեղ սկսեց ռահվիրա ծառայել, երկու չինախոս ժողով կար։ Այսօր դրանք արդեն յոթն են։ Քետին ասում է. «Երբ աչքիդ առաջ նման աճ է տեղի ունենում, և դու նպաստում ես դրան, առօրյադ բուռն ու հետաքրքիր է դառնում»։

«ՆՈՒՅՆԻՍԿ Ի՛Մ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵԻՆ»

Իսկ ինչպե՞ս ընթացավ հոդվածի սկզբում հիշատակված Չունգ Կյունի և Ջուլիի ծառայությունը Թայվանում։ Չունգ Կյունը սկզբում կարծում էր, որ իր աղքատիկ չինարենով շատ քիչ օգուտ է տալիս ժողովին։ Բայց տեղի եղբայրներն այլ կարծիքի էին։ Չունգ Կյունն ասում է. «Երբ մեր ժողովը կիսվեց, ես, լինելով ծառայող օգնական, լրացուցիչ բազմաթիվ պատասխանատվություններ ստացա։ Այդ ժամանակ զգացի, որ իսկապես ծառայում եմ այնտեղ, որտեղ կարիքը մեծ է»։ Նա ժպտալով ավելացնում է. «Շատ հաճելի էր, որ նրանք նույնիսկ ի՛մ կարիքն ունեին»։ Այսօր Չունգ Կյունը երեց է ծառայում։ Ջուլին ավելացնում է. «Մենք զգում ենք մեծ գոհունակություն, բավականություն և երջանկություն։ Մենք եկանք օգնելու և ինքներս օգնություն ստացանք։ Շնորհակալ ենք Եհովային, որ թույլ է տվել մեզ ծառայելու այստեղ»։

Շատ երկրներում հոգևոր հնձի գործում դեռևս աշխատողների կարիք կա։ Գուցե շուտով ավարտելու ես դպրոցը և մտածում ես, թե ինչ նպատակ դնել կյանքում։ Կամ ամուրի ես և ուզում ես ավելին անել Եհովայի կազմակերպության մեջ։ Հնարավոր է՝ ընտանիք ունես և ուզում ես, որ ընտանիքդ հոգևոր հարուստ ժառանգություն ունենա։ Կամ թոշակի ես անցել և ունես արժեքավոր փորձ, որը կարող ես փոխանցել ուրիշներին։ Համոզված եղիր, որ առատ օրհնություններ են սպասում քեզ, եթե որոշես ընդլայնել ծառայությունդ՝ ծառայելով այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։