Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Ընտանեկան երջանկության բանալին

Երբ կողակիցդ քրոնիկ հիվանդություն ունի

Երբ կողակիցդ քրոնիկ հիվանդություն ունի

Ես տառապում եմ քրոնիկական հոգնածության համախտանիշով։ Մեր տան միակ աշխատողը ամուսինս է։ Ես անտեղյակ եմ մեր ընտանիքի ֆինանսական վիճակից, քանի որ նա այդ մասին երբեք չի խոսում ինձ հետ։ Այդ պատճառով էլ մտածում եմ, որ մեր ֆինանսական վիճակը լավ չէ, և ամուսինս չի ուզում, որ այդ մասին իմանամ ու անտեղի մտահոգությունների մեջ ընկնեմ (Նենսի) *։

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ մեջ կարող են խնդիրներ լինել, սակայն երբ կողակիցներից մեկը քրոնիկ հիվանդություն է ձեռք բերում, ապա խնդիրներն ավելի են շատանում *։ Եթե քո կողակիցը նույնպես տառապում է ինչ–որ հիվանդությամբ, թերևս մտածես. «Ի՞նչ եմ անելու, եթե կողակցիս առողջությունը ավելի վատանա։ Որքա՞ն կարող եմ խնամել նրան և միևնույն ժամանակ աշխատել, տան գործերը անել՝ եփել, մաքրել։ Ինչո՞ւ եմ ինձ մեղավոր զգում, որ առողջ եմ»։

Իսկ եթե դու ես տառապում քրոնիկ հիվանդությամբ, գուցե մտածես. «Ինչպե՞ս կարող եմ ինքնահարգանք ունենալ, եթե չեմ կարողանում կատարել իմ պարտականությունները։ Արդյոք կողակիցս վրդովվո՞ւմ է, որ ես հիվանդ եմ։ Մի՞թե մենք այլևս երջանիկ ամուսիններ չենք կարող լինել»։

Ցավոք, որոշ զույգեր ամուսնալուծվել են, քանի որ չեն կարողացել հաղթահարել հիվանդության հետևանքով առաջ եկած խնդիրները։ Սակայն դա չի նշանակում, որ ձեր ամուսնությունն էլ է քայքայման եզրին։

Շատ ամուսիններ կարողանում են հաղթահարել այդ խնդիրները, պահպանում են իրենց ուրախությունը և նույնիսկ ավելի են մտերմանում։ Օրինակ՝ Կազուկոն, որի ամուսինը՝ Յոշիակին, ողնաշարի վնասվածքի պատճառով ի վիճակի չէ անգամ թեթևակիորեն շարժվելու, պատմում է. «Ամուսինս ոչ մի բան չի կարող անել առանց իմ օգնության։ Քանի որ շարունակ հոգ եմ տանում նրան, վիզս, ուսերս ու թևերս անընդհատ ցավում են։ Այդ պատճառով էլ որպես ամբուլատոր հիվանդ բուժվում եմ օրթոպեդիկ հիվանդանոցում։ Հաճախ զգում եմ, որ այլևս ի վիճակի չեմ խնամելու նրան, այդուհանդերձ, չեմ վհատվում։ Կարող եմ ասել, որ մեր ամուսնական միությունը նույնիսկ ավելի է ամրացել»։

Ուստի ինչպե՞ս է հնարավոր նման դժվար հանգամանքներում ուրախություն պահպանել ընտանիքում։ Երբ կողակիցներից մեկը տառապում  է քրոնիկ հիվանդությամբ, մյուսը կարող է մտածել, որ երկուսով են հիվանդ, քանի որ հիվանդությունը մեծ ազդեցություն է թողնում երկուսի վրա։ Ամուսինների միջև գոյություն ունեցող այս փոխադարձ կապվածության մասին խոսվում է Ծննդոց 2։24 համարում. «Մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին»։ Հետևաբար երբ կողակիցներից մեկը անբուժելի հիվանդությամբ է տառապում, ճիշտ կլինի, որ թե՛ ամուսինը, թե՛ կինը պայքարեն խնդիրների դեմ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ամուսինները, ովքեր քրոնիկ հիվանդություն ձեռք բերելուց հետո լավ փոխհարաբերություններ են պահպանում, սովորում են հաղթահարել դժվարությունները և հարմարվում են իրենց իրավիճակին։ Աստվածաշնչում կան գործնական խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն նրանց համար, ովքեր դիմագրավում են այսպիսի խնդիրներ։ Քննենք դրանցից երեքը։

Ուշադիր եղեք միմյանց նկատմամբ

«Երկուսը լաւ է քան թէ մէկը»,— գրված է Ժողովող 4։9–ում։ Ինչո՞ւ։ Նույն գլխի 10–րդ համարը բացատրում է. «Եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ»։ Ուստի լավ կլինի հարց տանք ինքներս մեզ՝ «վեր կացնո՞ւմ եմ» իմ կողակցին դժվարությունների ժամանակ, ուշադի՞ր եմ նրա նկատմամբ, գնահատանքի խոսքեր ասո՞ւմ եմ։

Գիտե՞ս, թե ինչպես կարող եք օգնել իրար։ Յոնգը, որի կինը կաթված է ստացել, ասում է. «Ջանք եմ թափում միշտ ուշադիր լինել կնոջս նկատմամբ։ Երբ ծարավ եմ, մտածում եմ, որ նա էլ է ծարավ, երբ ուզում եմ դուրս գնալ և հիանալ գեղեցիկ տեսարանով, նրան էլ եմ առաջարկում ինձ հետ գալ։ Այսպես փորձում ենք միասին հաղթահարել մեր խնդիրները»։

Մյուս կողմից՝ քրոնիկ հիվանդությամբ տառապող կողակիցն էլ կարող է իր հնարավորության սահմաններում որոշ գործեր անել տանը։ Դա կօգնի նրան թերարժեքության զգացում չունենալ, ինչպես նաև աջակցել իր կողակցին, որը շարունակ հոգ է տանում իր մասին։

Հնարավոր է մտածես, որ լավագույն ձևով ես հոգ տանում քո հիվանդ կողակցին, սակայն լավ կլինի հաշվի առնել նաև նրա կարծիքը այդ հարցում։ Նենսին, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, ի վերջո որոշեց ասել իր ամուսնուն, թե որքան վատ է զգում, երբ ընտանիքի ֆինանսական հարցերից անտեղյակ է։ Այժմ ամուսինը ավելի շատ է հաղորդակցվում նրա հետ։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ձեզնից յուրաքանչյուրը թղթի վրա կարող է նշել, թե ինչ պետք է անի կողակիցը իրավիճակը թեթևացնելու համար։ Այնուհետև փոխանակեք թղթերը։ Նշեք մեկ կամ երկու առաջարկ, որը ուզում եք կիրառել ձեր ընտանիքում։

Իրար հետ ժամանակ անցկացրեք

«Ամեն բանի ժամանակ կա»,— գրել է իմաստուն Սողոմոն թագավորը (Ժողովող 3։1)։ Սակայն երբ ընտանիքում կողակիցներից մեկը տառապում է քրոնիկ հիվանդությամբ, գուցե թվա, թե անհնար է ամեն բան հավասարակշռել։ Ի՞նչ կարելի է անել այսպիսի իրավիճակում։

Բժշկական պրոցեդուրաներից և հետազոտություններ անելուց բացի, փորձեք կանոնավորաբար ժամանակ անցկացնել միասին և չկենտրոնանալ հիվանդության վրա։ Եթե հնարավոր է, շարունակեք զբաղվել այն ամենով, ինչ հաճույքով անում էիք նախկինում։ Օրինակ՝ կարող եք միասին կարդալ, ինչու չէ, նաև օտար լեզու սովորել։ Այդպիսով դուք կամրացնեք ձեր «մեկ մարմին» միությունը և ուրախ կլինեք։

Որպեսզի ապրեք հավասարակշռված կյանքով, իրար հետ ժամանակ անցկացրեք

Ժամանակ անցկացրեք նաև ուրիշների հետ։ Առակաց 18։1–ում գրված է. «Ինքնահաճոյ մարդը [«մեկուսացող մարդը», ՆԱ] ցանկութիւն է որոնում. ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է»։ Այո՛, մարդկանցից մեկուսանալը բացասական ազդեցություն է թողնում անհատի մտածելակերպի վրա։ Իսկ ժամանակ առ ժամանակ մարդկանց հետ շփվելը լավ է անդրադառնում հիվանդի տրամադրության և մտավիճակի վրա։ Ուստի նախաձեռնություն վերցրեք և ձեր ընկերներին հրավիրեք ձեր տուն։

Երբեմն, սակայն, դժվար է հիվանդին հոգ տանող կողակցի համար հավասարակշռված լինել։ Չափից շատ աշխատելու արդյունքում  անհատը կարող է սպառվել և վտանգի տակ դնել սեփական առողջությունը։ Հնարավոր է, որ նա ի վիճակի չլինի այլևս խնամելու իր սիրելի կողակցին։ Ուստի նա պետք է ժամանակ հատկացնի նաև իրեն *։ Բացի այդ, ինչպես նշում են ոմանք, ժամանակ առ ժամանակ նույն սեռի պատկանող վստահելի անձնավորության հետ խոսելով և զգացմունքները արտահայտելով՝ կարելի է թեթևացնել լարվածությունը։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Գրի առեք, թե ինչ դժվարություններ ունեք։ Այնուհետև նշեք, թե ինչպես կարող եք հաղթահարել դրանք։ Դժվարությունների վրա չափից շատ կենտրոնանալու փոխարեն՝ հարցրեք ինքներդ ձեզ. «Ո՞րն է ամենապարզ միջոցը, որով կարող եմ բարելավել իրավիճակը»։

Փորձեք դրական տրամադրվածություն պահպանել

Աստվածաշունչը հորդորում է. «Մի ասիր թէ ի՞նչ է որ առաջի օրերը սորանից լաւ էին» (Ժողովող 7։10)։ Հետևաբար մի մտածեք, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե այդ հիվանդությունը չլիներ։ Հիշեք, որ այս աշխարհում չեք կարող բացարձակ երջանիկ լինել։ Պարզապես հարմարվեք իրավիճակին և հնարավորության սահմաններում արեք ձեր լավագույնը։

Կարող եք նաև միասին խոսել ձեր օրհնությունների մասին։ Ուրախ եղեք, եթե որևէ լավ փոփոխություն եք նկատում առողջության մեջ։ Մտածեք, թե ինչ լավ հեռանկար է ձեզ սպասում և հասանելի նպատակներ դրեք ձեր առջև։

Շոջին և Ակիկոն կիրառել են վերոնշյալ խորհուրդները և լավ արդյունքների են հասել։ Ակիկոն տառապում է ֆիբրոմիալգիայով (մկանները և հյուսվածքները ախտահարող հիվանդություն)։ Այդ պատճառով նրանք թողեցին հատուկ լիաժամ ծառայությունը։ Ինչ խոսք, նրանք շատ էին տխրել։ Սակայն Շոջին ասում է. «Երբեք մի վհատվեք՝ մտածելով այն բաների մասին, որ դուք այլևս չեք կարող անել։ Դրական տրամադրվածություն պահպանեք։ Անգամ եթե հույս ունեք, որ մի օր ամեն բան կփոխվի, ու դուք նորից կվերադառնաք ձեր նախկին ապրելակերպին, միևնույն է, կենտրոնացեք ձեր ներկա իրավիճակի վրա և ընդունեք կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա։ Անձամբ ես իմ ուշադրությունը կենտրոնացնում եմ կնոջս վրա»։ Եթե քո կողակիցը նույնպես տառապում է անբուժելի հիվանդությամբ, ապա այս գործնական խորհուրդը օգտակար կլինի նաև քեզ համար։

^ պարբ. 3 Որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 4 Թեև այս հոդվածում խոսվում է հիմնականում քրոնիկ հիվանդություն ունեցողների մասին, սակայն այն կարող է օգտակար լինել նաև այն զույգերի համար, որոնցից մեկը տուժել է վթարից կամ ունի էմոցիոնալ խնդիրներ, օրինակ՝ տառապում է դեպրեսիայով։

^ պարբ. 20 Կախված քո հանգամանքներից՝ գուցե որոշես, որ քո հիվանդ կողակցին օրվա մեջ մի քանի ժամ հոգ տանի խնամակալը կամ բուժքույրը։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

Այս պահին ի՞նչ պետք է անենք ես և իմ կողակիցը

  • Ավելի շատ խոսենք հիվանդության մասին

  • Քիչ խոսենք հիվանդության մասին

  • Շատ չանհանգստանանք

  • Ուշադիր լինենք միմյանց նկատմամբ

  • Իրար հետ հաճելի ժամանակ անցկացնենք

  • Ժամանակ անցկացնենք մեր ընկերների հետ

  • Հասանելի նպատակներ դնենք