Եդե՞մն է մարդկության բնօրրանը
Եդե՞մն է մարդկության բնօրրանը
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի հրաշալի լայնարձակ պարտեզում ես։ Չկա քաղաքի աղմուկն ու ժխորը։ Ամեն ինչ հանդարտ է ու խաղաղ։ Ոչ մի մտահոգություն չունես, ոչ մի հիվանդություն ու ցավ չի անհանգստացնում քեզ։ Հանգիստ վայելում ես ողջ գեղեցկությունը։
Զմայլվում ես՝ նայելով երփնավառ ծաղիկներին, արևի շողերի հետ խաղացող առվակին, հարուստ ու փարթամ կանաչին։ Զեփյուռը շոյում է քեզ։ Օդը հագեցած է անուշ բույրերով։ Լսում ես տերևների սոսափյունը, քարերին զարնվող ջրի ճողփյունը, թռչունների քաղցր դայլայլը և միջատների աշխույժ բզզոցը։ Անշուշտ կուզեիր, որ դա երբեք չվերջանար։
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ հավատում են, որ մարդկության բնօրրանը այսպիսի վայր է եղել։ Քրիստոնեությունը, հուդայականությունը և մահմեդականությունը սովորեցնում են, որ Աստված Ադամին ու Եվային բնակեցրել է Եդեմի պարտեզում։ Աստվածաշունչը հայտնում է, որ նրանք խաղաղ ու երջանիկ կյանք են վայելել։ Նույնիսկ կենդանիները վտանգավոր չեն եղել։ Ադամն ու Եվան խաղաղ փոխհարաբերություններ են ունեցել Աստծու հետ, որը նրանց հնարավորություն էր տվել հավիտյան ապրելու այդ հրաշալի միջավայրում (Ծննդոց 2։15–24)։
Հնդուականները նույնպես հնում գոյություն ունեցած դրախտի մասին իրենց հավատալիքն ունեն։ Իսկ բուդդայականները հավատում են, որ հոգևոր մեծ առաջնորդները՝ բուդդաները, ծնվում են ոսկե դարաշրջաններում, երբ աշխարհը նման է լինում դրախտի։ Աֆրիկյան շատ կրոններում էլ կան պատմություններ, որոնք հիշեցնում են Ադամի ու Եվայի մասին պատմությունը։
Դրախտի գաղափարը հանդիպում է տարբեր ժողովուրդների կրոններում և ավանդություններում։ Ֆրանսիացի պատմաբան և գրող Ժան Դըլյումոն գրել է. «Շատ քաղաքակրթություններում եղել է հավատ հնագույն դրախտի գոյության հանդեպ, որը նկարագրվել է որպես կատարելության, ազատության, խաղաղության, երջանկության և առատության օրրան, որտեղ չեն եղել լարված իրավիճակներ, ընդհարումներ և վայրագություններ.... Այս հավատը հասարակության մեջ առաջ է բերել բաղձանք կորցրած, բայց ոչ մոռացված դրախտի հանդեպ, ինչպես նաև ձգտում՝ այն վերագտնելու»։
Գուցե այս պատմություններն ու ավանդությունները ծագել են մեկ աղբյուրից։ Հնարավոր է, որ դրանք «հասարակության մեջ» պահպանված անցյալի հուշեր են։ Արդյո՞ք հեռավոր անցյալում Եդեմի պարտեզը իրողություն է եղել, և արդյո՞ք գոյություն են ունեցել Ադամն ու Եվան։
Քննադատները հեգնանքով են խոսում այս թեմայի մասին։ Մեր ժամանակներում, երբ գիտությունը մեծ առաջընթաց է ապրել, շատերը մտածում են, թե դրախտի մասին պատմությունները պարզապես հեքիաթներ ու առասպելներ են։ Հետաքրքիր է, որ միայն Աստծուն չհավատացող մարդիկ չեն, որ այս կարծիքին են։ Կրոնական առաջնորդներից շատերը նույնպես կասկածում են Եդեմի պարտեզի գոյությանը։ Նրանք պնդում են, որ երբեք այդպիսի վայր չի եղել՝ ասելով, որ դա ընդամենը այլաբանություն է, առակ։
Ճիշտ է, Աստվածաշնչում առակներ շատ կան, որոնցից հայտնի են, օրինակ, Հիսուսի առակները։ Սակայն Եդեմի մասին պատմությունը Աստվածաշունչը ներկայացնում է ոչ թե որպես առակ, այլ որպես իրական պատմություն՝ պարզ ու ճշգրիտ։ Եթե Եդեմի պարտեզը երբեք չի եղել, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք վստահել Աստվածաշնչի մնացած մասին։ Եկ տեսնենք, թե ինչու են ոմանք կասկածում անցյալում Եդեմի պարտեզի գոյությանը և թե արդյոք նրանց պատճառաբանումները հիմնավոր են։ Իսկ հետո կխոսենք նաև այն մասին, թե ինչպես է աստվածաշնչյան այս արձանագրությունը առնչվում մեզանից յուրաքանչյուրին։