Սովորեցրեք ձեր երեխաներին
Երբևէ քեզ «սպիտակ ագռավ» զգացե՞լ ես
«ՍՊԻՏԱԿ ագռավը» նա է, ով չի ընդունվում ուրիշների կողմից և չի դառնում նրանց խմբի մի մասը։ Գուցե նա ուրիշ մաշկի գույն ունի, ուրիշ ազգից է կամ չի խոսում ու չի վարվում բոլորի նման։ Երբևէ քեզ «սպիտակ ագռավ» զգացե՞լ ես։~ *
Այժմ խոսենք մի մարդու մասին, որը նույն զգացումներն է ունեցել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։ Եկ տեսնենք, թե ով էր նա և ինչու էր իրեն այդպես զգում։ Եթե դու էլ ես քեզ երբևէ «սպիտակ ագռավ» զգացել, ուրեմն շատ բան կարող ես սովորել նրանից։
Մեմփիբոսթեն Դավթի սիրելի ընկերոջ՝ Հովնաթանի որդին էր։ Պատերազմում զոհվելուց առաջ Հովնաթանն ասաց Դավթին, որ բարի աչքով նայի իր երեխաներին։ Գահ բարձրանալուց տարիներ անց Դավիթը հիշեց Հովնաթանի այս խոսքերը։ Բայց Հովնաթանի զավակներից միայն Մեմփիբոսթեն էր մնացել։ Փոքր տարիքում նրա հետ դժբախտություն պատահեց, որի հետևանքով Մեմփիբոսթեն իր ողջ կյանքի ընթացքում կաղ մնաց։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչու էր նա իրեն «սպիտակ ագռավ» զգում։~
Դավիթն ուզում էր բարիք անել Հովնաթանի որդուն։ Ուստի նա Մեմփիբոսթեին Երուսաղեմում՝ իր տան մոտ, տուն տվեց և տեղ տվեց իր ճաշի սեղանի շուրջ։ Բացի այդ, Սիբային, նրա որդիներին ու ծառաներին տվեց Մեմփիբոսթեին որպես ծառաներ։ Անկասկած, Դավիթը պատվի արժանացրեց Հովնաթանի որդուն։ Գիտե՞ս՝ ինչ եղավ հետո։~
Դավթի տան մեջ շուտով լուրջ խնդիրներ ծագեցին։ Աբիսողոմը՝ նրա որդիներից մեկը, դուրս եկավ իր հոր դեմ և փորձեց խլել գահը։ Իր կյանքը փրկելու համար Դավիթը ստիպված եղավ փախուստի դիմել։ Շատերը գնացին Դավթի հետ, քանի որ գիտեին, որ նա է օրինական թագավորը։ Մեմփիբոսթեն նույնպես ցանկացավ գնալ, սակայն չէր կարող, քանի որ հազիվ էր քայլում։
Այնուհետև Սիբան ասաց Դավթին, որ Մեմփիբոսթեն մնացել է, որովհետև իրականում ցանկանում է թագավոր դառնալ։ Իսկ Դավիթը հավատաց այս ստին։ Ուստի նա Սիբային տվեց Մեմփիբոսթեի ողջ ունեցվածքը։ Շուտով թագավորը հաղթանակ տարավ Աբիսողոմի դեմ մղած պատերազմում և վերադարձավ Երուսաղեմ, ու լսեց նաև Մեմփիբոսթեին։ Նա որոշեց, որ Մեմփիբոսթեն ու Սիբան պետք է բաժանեն իրենց ունեցվածքը։ Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս վարվեց Մեմփիբոսթեն։~
Նա չտրտնջաց՝ ասելով, որ Դավթի կայացրած որոշումն անարդար է։ Մեմփիբոսթեն գիտեր՝ թագավորին խաղաղություն է պետք, որ կարողանա իր գործերը լավ կատարել։ Ուստի նա ասաց, որ Սիբան վերցնի ամբողջ ունեցվածքը։ Մեմփիբոսթեի համար կարևորն այն էր, որ Եհովայի ծառան՝ Դավիթը, վերադարձել էր Երուսաղեմ և շարունակելու էր թագավորել։
Մեմփիբոսթեն շատ տառապեց։ Նա հաճախ էր իրեն օտարացած զգում։ Բայց Եհովան սիրում էր նրան և հոգ էր տանում նրա մասին։ Ի՞նչ կարող ենք սովորել դրանից։~ Նույնիսկ երբ անում ենք այն, ինչ ճիշտ է, ոմանք կարող են ստեր փչել մեր մասին։ Հիսուսն ասաց. «Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել»։ Մարդիկ նույնիսկ սպանեցին Հիսուսին։ Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե անենք այն, ինչ ճիշտ է, ճշմարիտ Աստված Եհովան և իր Որդի Հիսուսը կսիրեն մեզ։
Կարդա քո Աստվածաշնչում
^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։