Խնդիրներ, որոնց բախվում են կանայք
«Երբ տեսնում եմ, թե ինչպես են վերաբերվում կանանց, չեմ ուզում մեծանալ» (ԶԱԽՐԱ, 15 ՏԱՐԵԿԱՆ, «ԳԵՈ» հանդես, ֆրանսերեն հրատարակություն)։
ԱՅՍ աղջնակի խոսքերը ցույց են տալիս այսօրվա կյանքի դառը իրականությունը։ Բռնությունն ու խտրականությունը ասես հետապնդում են աղջիկներին ու կանանց ողջ կյանքի ընթացքում։ Քննենք փաստերը։
Սեռական խտրականություն։ Ասիական երկրներում ծնողների մեծամասնությունը գերադասում է ունենալ տղա երեխա։ Ըստ ՄԱԿ-ի 2011թ. հաշվետվության՝ սեռով պայմանավորված աբորտների, նորածինների սպանության կամ նրանց անուշադրության մատնելու հետևանքով այդ տարածքում մահանում է մոտ 134 միլիոն աղջիկ երեխա։
Կրթություն։ Ամբողջ աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ ընդհանրապես կրթություն չի ստանում կամ էլ սովորում է մինչև չորրորդ դասարան։ Նրանց երկու երրորդը կանայք են և աղջիկներ։
Սեռական բռնություն։ Ավելի քան 2,6 միլիարդ կանայք ապրում են այնպիսի երկրներում, որտեղ ամուսնական բռնաբարությունը հանցանք չի համարվում։
Առողջապահություն։ Զարգացող երկրներում անհրաժեշտ բուժօգնություն չստանալու պատճառով գրեթե երկու րոպեն մեկ հղիության կամ ծննդաբերության բարդություններից մահանում է մեկ կին։
Սեփականության իրավունք։ Թեպետ ամբողջ աշխարհում ստացվող բերքի ավելի քան կեսը կանայք են աճեցնում, սակայն բազմաթիվ երկրներում նրանք իրավունք չունեն հողատարածքի սեփականատեր լինելու կամ այն ժառանգելու։
Ինչո՞ւ են կանանց զրկում այս իրավունքներից։ Որոշ մշակույթներում կան կրոնական այնպիսի հայացքներ և սովորություններ, որոնք խրախուսում և նույնիսկ արդարացնում են կանանց հանդեպ բռնությունն ու դաժան վերաբերմունքը։ Ֆրանսիական օրաթերթերից մեկում գրված էին հնդիկ փաստաբան Չանդրա Ռամի Չոպրայի խոսքերը. «Բոլոր կրոնական օրենքները մի ընդհանուր բան ունեն. դրանք թիկունք են կանգնում կանանց նկատմամբ խտրականությանը»։
Դու է՞լ ես նույն կարծիքին։ Արդյոք Աստվածաշունչը նսեմացնո՞ւմ է կանանց, ինչպես ուրիշ շատ կրոնական գրքեր են անում։ Ոմանց կարծիքով՝ աստվածաշնչյան որոշ համարներ հենց այդ տպավորությունն են թողնում։ Սակայն ինչպե՞ս է Աստված իրականում վերաբերվում կանանց։ Թեև սա նուրբ հարց է, սակայն եթե ուշադիր և անկեղծորեն քննենք Աստվածաշունչը, կգտնենք պատասխանը։