Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծու դատաստաններ. դաժանության ապացո՞ւյց են

Աստծու դատաստաններ. դաժանության ապացո՞ւյց են

ԱՅՍ հարցի պատասխանն իմանալու համար Աստվածաշնչից հակիրճ քննենք երկու օրինակ՝ Նոյի օրերի Ջրհեղեղը և քանանացիների բնաջնջումը։

ՆՈՅԻ ՕՐԵՐԻ ՋՐՀԵՂԵՂԸ

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։ «Դաժանություն էր, երբ Աստված ջրհեղեղ բերեց ու կործանեց ողջ մարդկությանը, բացի Նոյից ու նրա ընտանիքից»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Աստված ասաց. «Ինձ ոչ թե ամբարշտի մահն է հաճույք պատճառում, այլ այն, որ ամբարիշտը հետ դառնա իր ճանապարհից ու ապրի» (Եզեկիել 33։11)։ Նոյի օրերի ամբարիշտ մարդկանց կործանումը բոլորովին էլ հաճելի չէր Աստծուն։ Այդ դեպքում ինչո՞ւ նա արեց դա։

Աստվածաշունչը պատասխանում է, որ Աստված, վաղեմի ժամանակներում ամբարիշտ մարդկանց կորստյան դատապարտելով, «անաստված մարդկանց համար գալիք բաների օրինակ թողեց» (2 Պետրոս 2։5, 6)։ Ինչի՞ մասին է խոսքը։

Նախ՝ Աստված ցույց տվեց, որ թեպետ իրեն հաճելի չէ մարդկանց կործանելը, սակայն նրա աչքից չեն վրիպում դաժան մարդիկ, որոնց պատճառով տառապում են մյուսները, և նա հաշիվ է պահանջելու նրանցից։ Որոշված ժամանակին նա վերջ է դնելու անարդարությանն ու տառապանքին։

Երկրորդ՝ Աստված նախքան դատաստան բերելը զգուշացնում է մարդկանց։ Նոյը արդարության քարոզիչ էր, բայց մարդկանց մեծ մասը արհամարհեց նրան։ Աստվածաշունչն ասում է. «[Նրանք] ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթեոս 24։39

Իսկ ինչպե՞ս վարվեց Աստված հետագայում։ Նա չփոխեց իր գործելակերպը։ Օրինակ՝ իսրայելացիներին զգուշացրեց, որ եթե մյուս ազգերի պես անօրենություն գործեն, նա թույլ կտա, որ թշնամիները գրավեն երկիրը, կործանեն մայրաքաղաք Երուսաղեմը և գերի տանեն նրանց։ Սակայն Իսրայելը ուշադրություն չդարձրեց այդ նախազգուշացմանը։ Նրանք նույնիսկ երեխաների էին զոհաբերում։ Եհովան կատարե՞ց իր խոսքը։ Այո՛, բայց միայն այն բանից հետո, երբ ուղարկեց իր մարգարեներին՝ զգուշացնելու ժողովրդին, որ փոխեն իրենց ընթացքը, քանի դեռ ուշ չէ։ Եվ դա արեց ոչ թե մեկ, այլ բազում անգամներ։ Նա նույնիսկ ասաց. «Գերիշխան Տեր Եհովան ոչինչ չի անի, մինչև իր գաղտնիքը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամոս 3։7

ԻՆՉՊԵՍ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԱՌՆՉՎՈՒՄ ՔԵԶ։ Եհովայի գործելակերպը մեզ հույս է ներշնչում։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված դատաստան կբերի  այն բոլոր մարդկանց վրա, ովքեր տառապանք են պատճառում մյուսներին։ Աստվածաշունչն ասում է. «Չարագործները կկործանվեն.... Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։9–11)։ Մի՞թե դաժան է այն դատաստանը, որը մարդկանց ազատելու է տառապանքից։

ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։ «Քանանացիների բնաջնջումը շատ ավելի մեծ ոճրագործություն էր, քան մեր օրերում տեղի ունեցած որևէ ցեղասպանություն»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «[Աստծու] բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա» (2 Օրենք 32։4)։ Աստծու գործելակերպը նման չէ մարդու գործելակերպին։ Ինչո՞ւ։ Քանի որ, ի տարբերություն մարդկանց, Աստված կարողանում է կարդալ սրտերը։

Օրինակ՝ երբ նա վճռեց կործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները, Աստծու հավատարիմ ծառա Աբրահամը ցանկացավ հավաստիանալ, թե արդյոք արդարացի էր այդ վճիռը։ Նա չէր կարող պատկերացնել, որ Աստված «արդարին ամբարշտի հետ կկործանի»։ Աստված վստահեցրեց նրան, որ եթե նույնիսկ տասը արդար մարդ լինի Սոդոմում, նրանց համար կխնայի այդ քաղաքը (Ծննդոց 18։20–33)։ Հստակ է, որ Եհովան քննել էր նրանց սրտերը և տեսել չարության աստիճանը (1 Տարեգրություն 28։9

Աստված քննեց նաև քանանացիների սրտերը և հետո արդար դատավճիռ կայացրեց նրանց դեմ։ Այդ ժողովուրդը հայտնի էր իր դաժանությամբ։ Նրանք մինչև իսկ երեխաների էին ողջ-ողջ այրում կրակի մեջ որպես զոհ * (2 Թագավորներ 16։3)։ Քանանացիները գիտեին, որ Աստված պատվիրել էր իսրայելացիներին տիրել ողջ երկրին։ Ովքեր որոշեցին մնալ և պատերազմել, իրականում դեմ էին դուրս գալիս ոչ միայն իսրայելացիներին, այլև Եհովային, ով հստակ ցույց էր տալիս, որ իր ժողովրդի հետ է։

Սակայն Աստված ողորմություն դրսևորեց նույնիսկ քանանացիների նկատմամբ, ովքեր հետ դարձան իրենց չարությունից և ընդունեցին Եհովայի բարոյական բարձր չափանիշները։ Օրինակ՝ Եհովան փրկեց քանանացի պոռնիկ Ռախաբին ու նրա ընտանիքին։ Նաև երբ քանանացիների Գաբաոն քաղաքի բնակիչները Աստծուց ողորմություն խնդրեցին, նա փրկեց նրանց ու նրանց երեխաներին (Հեսու 6։25; 9։3, 24–26

ԻՆՉՊԵՍ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԱՌՆՉՎՈՒՄ ՔԵԶ։ Մենք կարող ենք կարևոր դաս քաղել քանանացիների վրա բերած Աստծու դատաստանից։ Եհովայի խոստացած «դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը» արագորեն մոտենում է (2 Պետրոս 3։7)։ Ուստի եթե սիրենք Եհովային ու կատարենք նրա կամքը, կփրկվենք գալիք դատաստանից, երբ նա վերջ դնի տառապանքին՝ կործանելով այն մարդկանց, ովքեր մերժում են նրա արդար իշխանությունը։

Քանանացիները հայտնի էին դաժանությամբ։ Նրանք գիտակցաբար հակառակվում էին Աստծուն և նրա ժողովրդին

Եհովան սիրով հիշեցնում է ծնողներին, որ նրանց կատարած ընտրությունը ազդում է իրենց երեխաների վրա։ Աստծու Խոսքն ասում է. «Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը՝ սիրելով քո Աստված Եհովային, լսելով նրա ձայնին և նրան կառչած լինելով» (2 Օրենք 30։19, 20)։ Մի՞թե սրանք դաժան Աստծու խոսքեր են, թե՞ բարի Հոր, որը սիրում է մարդկանց և ուզում է, որ նրանք ճիշտ ընտրություն անեն։

^ պարբ. 15 Հնագետների պեղումների արդյունքում փաստվել է, որ քանանացիները երկրպագություն մատուցելիս երեխաների են զոհել։