Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Հնարավո՞ր է հավիտյան ապրել
Առաջին մարդը՝ Ադամը, ապրեց հարյուրավոր տարիներ, բայց ի վերջո ծերացավ ու մահացավ։ Այդ ժամանակվանից ի վեր՝ մարդիկ տարբեր միջոցներ են փորձել ծերությունից խուսափելու համար, սակայն մինչ օրս ոչ ոքի դա չի հաջողվել։ Ինչո՞ւ։ Ադամը ծերացավ ու մահացավ, քանի որ չհնազանդվեց Աստծուն ու մեղք գործեց։ Ուստի մենք ծերանում ենք, քանի որ Ադամից մեղք և մահ ենք ժառանգել (կարդա՛ Ծննդոց 5։5; Հռոմեացիներ 5։12)։
Որպեսզի հավիտենական կյանքը հնարավոր դառնար, ինչ-որ մեկը պետք է փրկանք տար մեզ համար (Հոբ 33։24, 25)։ Փրկանքը այն գինն է, որը վճարվում է որևէ մեկին ազատագրելու համար, իսկ մենք կարիք ունենք ազատագրվելու մահից (Ելք 21։29, 30)։ Հիսուսը վճարեց այդ գինը՝ մահանալով մեզ համար (կարդա՛ Հովհաննես 3։16)։
Ինչպե՞ս կարող ենք հավիտենական կյանք ստանալ
Ոչ բոլորն են ազատվելու հիվանդության ու ծերության կապանքներից։ Այն մարդիկ, ովքեր Ադամի պես չեն հնազանդվում Աստծուն, հնարավորություն չեն ունենա հավիտյան ապրելու։ Միայն նրանք, ովքեր մեղքերի ներում կստանան, կվայելեն հավիտենական կյանքը (կարդա՛ Եսայիա 33։24; 35։3–6)։
Ներում ստանալու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։ Մենք պետք է ճանաչենք Աստծուն՝ ուսումնասիրելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Այն սովորեցնում է, թե ինչպես կարող ենք բավարարված կյանքով ապրել, ստանալ Աստծու հավանությունը և հավիտենական կյանքը (կարդա՛ Հովհաննես 17։3; Գործեր 3։19)։