Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

«Աստված ուրախությամբ տվողին է սիրում»

«Աստված ուրախությամբ տվողին է սիրում»

Ինչպիսի՞ նվերն է քեզ ուրախացնում։ Անկասկած, հաճելի է, երբ մեզ նվեր են տալիս սիրուց մղված, ոչ թե պարտավորության զգացումից։ Սա ցույց է տալիս, որ ստացողի համար կարևոր են տվողի մղումները։ Դա կարևոր է նաև Աստծու համար։ Ուշադրություն դարձնենք, թե Պողոս առաքյալը ինչ է գրել այդ մասին 2 Կորնթացիներ 9։7-ում։

Ո՞րն էր այս խոսքերը գրելու նպատակը։ Պողոսն ուզում էր Կորնթոսի քրիստոնյաներին հորդորել, որ աջակցեն Հրեաստանում գտնվող իրենց կարիքավոր հավատակիցներին։ Արդյոք նա ստիպե՞ց կորնթացիներին դա անել։ Ընդհակառակը՝ նա հետևյալը գրեց. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։ Եկեք մանրամասնությամբ քննենք նրա խոսքերը։

«Այնպես, ինչպես իր սրտում է որոշել»։ Անկեղծ քրիստոնյան տալիս է, քանի որ «իր սրտում» այդպես է որոշել։ Նա ավելին է անում, քան իր հավատակիցների կարիքներին ուշադրություն դարձնելը։ «Որոշել» թարգմանված բնագիր բառը, ինչպես նշում է մի աստվածաշնչագետ, «ունի նախապես վճռելու իմաստ»։ Հետևաբար քրիստոնյան մտածում է իր հավատակիցների կարիքների մասին և հարցնում իրեն, թե ինչ կարող է անել նրանց համար (1 Հովհաննես 3։17

«Ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով»։ Պողոսը նշում է, որ քրիստոնյան պետք է տա ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ ստիպողաբար։ «Դժկամությամբ» թարգմանված հունարեն արտահայտությունը բառացի նշանակում է «տրտմությամբ»։ Ինչպես բացատրվում է մի աշխատության մեջ, դժկամությամբ տվողը «տխուր սրտով է տալիս, քանի որ բաժանվելու է իր փողից»։ Ստիպողաբար տվողը տալիս է, քանի որ պարտադրված է դա անել։ Մեզանից ո՞վ կցանկանա դժկամությամբ կամ ստիպողաբար տվողի կողմից նվեր ստանալ։

«Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։ Եթե քրիստոնյան որոշում է տալ, նա պետք է դա անի ուրախությամբ։ Անշուշտ, տալու մեջ ուրախություն կա, եթե անհատը տալիս է ճիշտ մղումներով (Գործեր 20։35)։ Ուրախությամբ տվողը դժվար թե կարողանա թաքցնել իր այդ զգացումը։ Իրականում ուրախությունը պարզապես ներքին զգացում չէ։ Այն երևում է նաև արտաքնապես։ Ուրախությամբ տվողը հաճելի է թե՛ մեր սրտին, թե՛ Աստծու։ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ Պողոսի այս խոսքերը հետևյալ կերպ են հնչում. «Աստված սիրում է այն մարդկանց, ովքեր սիրում են տալ» (Contemporary English Version)։

«Աստված սիրում է այն մարդկանց, ովքեր սիրում են տալ»

Պողոս առաքյալի ներշնչված խոսքերում մի կարևոր սկզբունք կա։ Անկախ նրանից, թե ինչ ենք տալիս՝ մեր ժամանակը, ուժը թե նյութական որևէ բան, թող որ անենք դա հոժարակամորեն և ուրախությամբ, և թող որ մեր շարժառիթը լինի ուրիշներին օգնելու անկեղծ ցանկությունը, հատկապես նրանց, ովքեր կարիքի մեջ են։ Դա ուրախություն կպատճառի ոչ միայն մեզ, այլև Աստծուն, քանի որ նա սիրում է ուրախությամբ տվողին։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր սեպտեմբեր ամսվա համար

1 և 2 Կորնթացիներ