Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թոմաս Էմլին. Աստծուն հայհոյո՞ղ, թե՞ ճշմարտության պաշտպան

Թոմաս Էմլին. Աստծուն հայհոյո՞ղ, թե՞ ճշմարտության պաշտպան

Ո՞Վ ԷՐ Թոմաս Էմլինը, և ի՞նչը մղեց նրան թիկունք կանգնելու ճշմարտությանը։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից, որն այսօր կօգնի մեզ։

Այս հարցերին պատասխանելու համար պետք է վերադառնանք 17-րդ դարի վերջ և 18-րդ դարի սկիզբ՝ Անգլիա և Իռլանդիա։ Անգլիայի եկեղեցին մեծ իշխանություն էր բանեցնում։ Տարբեր բողոքական խմբավորումներ և առանձին անհատներ խնդիրներ էին ունենում եկեղեցու հետ, քանի որ համամիտ չէին ուսմունքների և սովորությունների հարցում։

Ո՞Վ ԷՐ ՆԱ

Այս մթնոլորտում էր, որ Թոմաս Էմլինը ծնվեց 1663թ. մայիսի 27-ին Սթեմֆորդում՝ Լինքոլնշիրում (Անգլիա)։ 19 տարեկանում ներկայացրեց իր առաջին քարոզը։ Հետագայում ծառայեց որպես պրեսբիտերական քահանա մի կոմսուհու համար, որն ապրում էր Լոնդոնում։ Դրանից հետո նա տեղափոխվեց Բելֆաստ (Իռլանդիա)։

Բելֆաստում Էմլինը ի վերջո սկսեց ժամերգություն կատարել ծխական եկեղեցում։ Ժամանակի ընթացքում նա տարբեր վայրերում, այդ թվում Դուբլինում ծառայեց որպես քահանա։

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՂԱԴՐՎԵՑ ՈՐՊԵՍ ՀԱՅՀՈՅՈՂ

Այդ տարիներին Էմլինը մանրամասնորեն ուսումնասիրում էր Աստվածաշունչը։ Կատարած ուսումնասիրությունները մղեցին նրան կասկածի տակ դնելու Երրորդության ուսմունքը, թեև սկզբնապես հավատացել էր դրան։ Ուսումնասիրելով Ավետարանները՝ նա համոզվեց, որ դրանք թիկունք են կանգնում իր նոր հասկացողությանը։

Էմլինը միանգամից չհրապարակեց այն, ինչ գտել էր։ Սակայն Դուբլինի եկեղեցում ոմանք նկատեցին, որ նա իր քարոզներում չի հիշատակում Երրորդությունը։ Իմանալով, որ իր նոր համոզմունքները լավ արձագանք չեն գտնի ուրիշների կողմից՝ նա գրեց. «Այն պահից, երբ բացահայտորեն դավանեմ իմ համոզմունքների մասին, հույս չեմ ունենա, որ կմնամ ներկայիս դիրքում»։ 1702թ. հունիսին երկու եկեղեցական մեղադրեցին նրան այն բանում, որ չի անդրադառնում Երրորդությանը իր քարոզներում։ Էմլինը խոստովանեց, որ այլևս չի հավատում դրան, և ասաց, որ հրաժարական կներկայացնի։

Էմլինի հրատարակությունը, որում ներկայացվում էր սուրբգրային փաստեր, թե ինչու Հիսուսը չէր կարող Գերագույն Աստված լինել

Մի քանի օրվա ընթացքում նա հեռացավ Դուբլինից (Իռլանդիա) և գնաց Անգլիա։ Սակայն 10 շաբաթ հետո որոշ գործեր կարգավորելու նպատակով վերադարձավ Դուբլին, որ հետո կարողանա մշտապես տեղափոխվել Լոնդոն։ Դուբլինում նա հրատարակեց «Սուրբ գրքի խոնարհ ուսումնասիրություն. արձանագրություն Հիսուս Քրիստոսի մասին» աշխատությունը, քանի որ մտադիր էր պաշտպանել իր տեսակետները։ Այդ հրատարակության մեջ նա սուրբգրային ապացույցներ ներկայացրեց, թե ինչու Հիսուսը չէր կարող լինել Գերագույն Աստված։ Դա շատ զայրացրեց Էմլինի՝ Դուբլինում գտնվող նախկին եկեղեցու անդամներին. նրա դեմ բողոք ներկայացվեց։

Էմլինին կալանքի տակ առան և կանգնեցրին Դուբլինի թագավորական դատարանի առաջ 1703թ. հունիսի 14-ին։ Իր՝ «Դատավարության իրական պատմություն» գրքում նա գրեց, որ մեղադրվում է գիրք «գրելու և հրատարակելու մեջ, որում, ըստ իրենց, հայհոյել է և չարամտորեն պնդել, որ Հիսուս Քրիստոսը հավասար չէ Հայր Աստծուն, և այլն»։ Դատավճիռը կանխորոշված էր։ Իռլանդիայի եկեղեցու յոթ  եպիսկոպոսները դատավորների հետ դատի նստեցին։ Էմլինին թույլ չտրվեց խոսել ի պաշտպանություն իրեն։ Ռիչարդ Լեվանսը՝ մի հայտնի դատավոր, ասաց Էմլինին, որ նրան շան օրը կգցի՝ առանց դատ ու դատաստանի։ Դատի վերջում Ռիչարդ Փեյնը՝ Իռլանդիայի գլխավոր դատավորը, երդվյալ ատենակալներին ասաց, որ եթե նրանք չկայացնեն այն դատավճիռը, որ սպասում են իրենցից, ապա ի մտի ունենան, որ «լորդ եպիսկոպոսները այնտեղ են». նա թերևս ակնարկում էր, որ ատենակալները խստորեն կպատժվեն։

«Ես տառապում եմ այն բանի համար, ինչը ընդունում եմ որպես ճշմարտություն նրա [Աստծու] ու նրա փառքի մասին» (Թոմաս Էմլին)

Երբ Էմլինին մեղավոր ճանաչեցին, գլխավոր պետական մեղադրողի տեղակալը առաջարկեց, որ նա հրաժարվի իր համոզմունքներից։ Էմլինը մերժեց այդ առաջարկը։ Նրան տուգանեցին և դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման։ Քանի որ նա չէր կարողանում վճարել տուգանքը, բանտում մնաց երկու տարի, մինչև որ նրա ընկերներից մեկը համոզեց իշխանություններին նվազեցնել պահանջվող գումարը։ Նա ազատ արձակվեց 1705թ. հուլիսի 21-ին։ Լինելով նվաստացած՝ Էմլինը ասաց այն խոսքերը, որ մեջբերված էին հոդվածի սկզբում. «Ես տառապում եմ այն բանի համար, ինչը ընդունում եմ որպես ճշմարտություն նրա [Աստծու] ու նրա փառքի մասին»։

Էմլինը տեղափոխվեց Լոնդոն, որտեղ սկսեց ընկերակցել Ուիլյամ Ուիստոնի՝ մեկ ուրիշ աստվածաշնչագետի հետ։ Վերջինս մերժված էր հասարակության կողմից, քանի որ հրատարակել էր այն գաղափարները, որոնք աստվածաշնչյան ճշմարտություն էր համարում։ Ուիստոնը հարգում էր Էմլինին և կոչում «հին քրիստոնեության առաջին ու գլխավոր դավանող»։

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՄԵՐԺՈՒՄ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ուիլյամ Ուիստոնի և ուրիշ հարգված աստվածաշնչագետների նման՝ օրինակ՝ Իսահակ Նյուտոնի, Էմլինը հասկացավ, որ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում Երրորդության ուսմունքին, ինչը սովորեցնում է Աթանասյան հավատո հանգանակը։ Նա բացատրում էր. «Սուրբ Գրքի բազում լուրջ հետազոտություններից և խորհրդածություններից հետո.... ես հիմնավոր պատճառ գտա.... վերանայելու իմ հասկացողությունը Երրորդության գաղափարի վերաբերյալ, որին նախկինում հավատում էի»։ Էմլինը եզրակացրեց, որ «Հիսուս Քրիստոսի Աստվածն ու Հայրն է միակ Գերիշխանը»։

Ի՞նչը բերեց Էմլինին նման եզրահանգման։ Նա բազմաթիվ սուրբգրային համարներ գտավ, որոնք մատնանշում էին Հիսուսի և իր Հոր միջև եղող տարբերությունները։ Ահա ընդամենը մի քանի օրինակ (համարների վերաբերյալ Էմլինի մեկնաբանությունները շեղագիր են)։

  • Հովհաննես 17։3. «Քրիստոսը երբեք չասաց, որ ինքը միակ Աստվածն է կամ այնքան աստվածային է, որ կարող է միակ Աստվածը լինել։ Միայն Հայրն է կոչվում «միակ ճշմարիտ Աստված»»։

  • Հովհաննես 5։30. «Որդին իր կամքը չի կատարում, այլ Հոր կամքը»։

  • Հովհաննես 5։26. «Նրա կյանքը տրվել է իրեն Հոր կողմից»։

  • Եփեսացիներ 1։3. «Թեև Հիսուս Քրիստոսը սովորաբար կոչվում է Աստծու Որդի, մենք երբեք չենք գտնի այն միտքը, որ Հայրը կոչվում է Աստծու Հայր, թեպետ նա հաճախ կոչվում է մեր Տեր Հիսուսի Հայր»։

Այն բանից հետո, երբ Էմլինը քննեց բոլոր փաստերը, հստակ ասաց. «Սուրբ Գրքում չկա մի հատված, որում անգամ ձևականորեն ասվի, որ Հայրը, Որդին և Սուր ոգին մեկ են և նույն անձնավորությունն են»։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ

Այսօր շատերը վախենում են Սուրբ Գրքի ուսմունքները պաշտպանելուց։ Սակայն Էմլինը պատրաստ էր թիկունք կանգնելու Աստվածաշնչի ճշմարտությանը։ Նա հարց բարձրացրեց. «Եթե մարդը չի դավանում ամենակարևոր ճշմարտությունները, որոնք իր համար հստակ են և որոնց համար ապացույցներ կան Սուրբ Գրքում, ապա ի՞նչ նպատակով է կարդում և ուսումնասիրում այն»։ Էմլինը չէր կարող զիջումների գնալ ճշմարտության հարցում։

Էմլինի և ուրիշների թողած օրինակը կարող է մղել մեզ մտածելու, թե արդյոք պատրաստ ենք թիկունք կանգնելու ճշմարտությանը՝ չնայած մեր հանդեպ դրսևորվող ատելությանը։ Մենք նույնպես կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Ի՞նչն է ամենից կարևոր՝ հասարակության պատվին ու հաճությանն արժանանա՞լը, թե՞ Աստծու Խոսքի ճշմարտությունը պաշտպանելը»։