ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՄՈՏ ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ
Քեզ մոտ զգո՞ւմ ես Աստծուն
«Աստծու հետ մտերիմ փոխհարաբերությունները տալիս են քեզ ապահովության զգացում ու կայունություն, և դու քեզ լիարժեք մարդ ես զգում։ Ասես Աստված միշտ իր աչքը քեզ վրա է պահում հանուն քո բարօրության» (ՔՐԻՍՏՈՖԵՐ, ԵՐԻՏԱՍԱՐԴ՝ ԳԱՆԱՅԻՑ)։
«Աստված տեսնում է քեզ, երբ միայնակ ես զգում, ու տալիս է ավելի շատ սեր և ուշադրություն, քան երբևէ կխնդրեիր» (ՀԱՆՆԱ, 13 ՏԱՐԵԿԱՆ, ԱԼՅԱՍԿԱ, ԱՄՆ)։
«Աստծու հետ մտերիմ փոխհարաբերությունը ամենաթանկ բանն է, որ ունես, և այն քեզ ներքին խաղաղություն է տալիս» (ՋԻՆԱ, ՄՈՏ 45 ՏԱՐԵԿԱՆ, ՋԱՄԱՅԿԱ)։
Միայն Քրիստոֆերը, Հաննան և Ջինան չեն, որ նման զգացումներ ունեն։ Բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում համոզված են, որ Աստված իրենց իր ընկերն է համարում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Քեզ մոտ զգո՞ւմ ես Աստծուն։ Ուզո՞ւմ ես մոտ կամ ավելի մոտ լինել նրան։ Թերևս հարցնես. «Իսկապե՞ս հնարավոր է, որ մարդ արարածը մտերիմ փոխհարաբերություններ ունենա Ամենակարող Աստծու հետ։ Եթե այո, ապա ինչպե՞ս»։
ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄՏԵՐԻՄ ԼԻՆԵԼ
Աստվածաշնչի համաձայն՝ հնարավոր է մտերիմ, անձնական փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված եբրայեցի Աբրահամ նահապետին կոչեց «իմ ընկեր» (Եսայիա 41։8)։ Ուշադրություն դարձրու նաև, թե ինչ ջերմ հրավեր է տրվում Հակոբոս 4։8-ում. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»։ Ուստի հստակ է, որ հնարավոր է մտերիմ փոխհարաբերություններ՝ ընկերություն հաստատել Աստծու հետ։ Բայց քանի որ Աստված անտեսանելի է, ինչպես կարո՞ղ ես «մոտենալ» նրան և լավ հարաբերություններ վայելել նրա հետ։
Այս հարցին պատասխանելու համար քննենք, թե մարդկանց միջև ինչպես է ընկերություն զարգանում։ Սովորաբար առաջին հերթին երկու անհատներ իմանում են միմյանց անունները։ Հետո կանոնավորաբար հաղորդակցվում են՝ արտահայտելով իրենց մտքերն ու զգացմունքները, ինչի շնորհիվ մտերմանում են։ Իսկ երբ ջանում են ինչ-որ բան անել իրար համար, ընկերական կապն ամրանում է։ Նույնը կարող ենք ասել Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու մասին։ Տեսնենք, թե ինչու։