Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անգին գանձ՝ աղբակույտի միջից

Անգին գանձ՝ աղբակույտի միջից

Ի՞ՆՉ է գալիս ձեր միտքը, երբ լսում եք «աղբակույտ» բառը։ Թերևս պատկերացնում եք մի տեղ կուտակված աղբ և թափոններ, որոնցից գարշահոտություն է գալիս։ Հազիվ թե մտածեք, որ նման տեղում կարելի է ինչ-որ արժեքավոր բան գտնել։

Սակայն մեկ դար առաջ հենց աղբակույտի մեջ գտան անգին մի գոհար։ Դա բառացի գոհար չէր, բայց շատ մեծ արժեք ուներ։ Ի՞նչ էր դա, և ինչո՞ւ է այն կարևոր այսօր։

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Քսաներորդ դարի սկզբներին Օքսֆորդի համալսարանի գիտաշխատողներ Բերնարդ Փ. Գրենֆելը և Արթուր Ս. Հանթը մեկնեցին Եգիպտոս։ Այնտեղ՝ Նեղոս գետի հովտի մոտ՝ աղբակույտերի մեջ, նրանք գտան մի քանի պապիրուսե պատառիկներ։ 1920-ին երկու գործընկերները արդեն սկսել էին ցուցակագրել իրենց հայտնաբերած հավաքածուն։ Այդ ընթացքում Գրենֆելը գնեց նաև մի քանի այլ պատառիկներ, որոնք հայտնաբերվել էին Եգիպտոսում կատարված պեղումների ժամանակ։ Նա այդ պատառիկները գնեց Ջոն Ռայլենդսի գրադարանի անունից (Մանչեստր, Անգլիա)։ Սակայն Գրենֆելն ու Հանթը մահացան՝ չհասցնելով ավարտել հավաքածուի ցուցակագրումը։

Այդ գործն ավարտին հասցրեց Օքսֆորդի համալսարանի մեկ ուրիշ գիտաշխատող՝ Քոլին Հ. Ռոբերտսը։ Պատառիկները տեսակավորելիս նա նկատեց պապիրուսի մի կտոր, որն ուներ 9 սմ երկարություն և 6 սմ լայնություն։ Ի զարմանս նրա՝ այդ հունարեն ձեռագրում կային Հովհաննեսի Ավետարանից որոշ հատվածներ։ Պատառիկի մի կողմում գրված էին որոշ խոսքեր Հովհաննես 18։31–33 համարներից, իսկ մյուս կողմում՝ հատվածներ 37-րդ և 38-րդ համարներից։ Ռոբերտսը հասկացավ, որ իր ձեռքում անգին մի գանձ է։

ՊԱՐԶՈՒՄ ԵՆ ՁԵՌԱԳԻՐ ՊԱՏԱՌԻԿԻ ՀՆՈՒԹՅՈՒՆԸ

Ռոբերտսը մտածում էր, որ պապիրուսի այդ պատառիկը շատ հին է։ Բայց պարզելու համար, թե որքան հին է այն, նա դրա վրա եղած ձեռագիր տեքստը համեմատեց այլ հին ձեռագրերի հետ, որոնք թվագրություն ունեին։ Գիտության այն ճյուղը, որն այդպիսի համեմատություններ է կատարում, կոչվում է հնագրություն։ * Այդ մեթոդն օգտագործելով՝ Ռոբերտսը կարողացավ մոտավորապես որոշել պատառիկի տարիքը։ Բայց նա ցանկանում էր հավաստիանալ, որ չի սխալվել։ Ուստի Ռոբերտսը լուսանկարեց պատառիկը և այդ լուսանկարները ուղարկեց երեք պապիրուսագետների՝ խնդրելով պարզել պատառիկի հնությունը։ Ի՞նչ եզրակացության եկան այդ երեք մասնագետները։

Ուսումնասիրելով ձեռագիր տեքստի գրատեսակը և գրանշանների ձևը՝ երեք մասնագետներն էլ եկան այն եզրակացության, որ պատառիկը գրվել է մ.թ. երկրորդ դարի առաջին կեսերին՝ Հովհաննես առաքյալի մահից ընդամենը մի քանի տասնամյակ անց։ Սակայն այդ մեթոդով հնարավոր չէ ամենայն ճշգրտությամբ թվագրել ձեռագրերը։ Օրինակ՝ մեկ այլ գիտնականի կարծիքով՝ այդ տեքստը կարող էր գրված լինել երկրորդ դարի ցանկացած ժամանակահատվածում։ Այդուհանդերձ, այս փոքրիկ պապիրուսե պատառիկը մինչ օրս համարվում է Քրիստոնեական Հունարեն Գրությունների՝ երբևէ հայտնաբերված ամենահին ձեռագիր տեքստը։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ ՌԱՅԼԵՆԴՍԻ ՁԵՌԱԳԻՐ ՊԱՏԱՌԻԿԻՑ

Հովհաննեսի Ավետարանից հատվածներ պարունակող այս պատառիկը ինչո՞ւ է այսօր այդքան կարևոր Աստվածաշունչը գնահատող մարդկանց համար։ Դրա համար կա առնվազն երկու պատճառ։ Նախ՝ պատառիկն օգնում է հասկանալու, թե վաղ շրջանի քրիստոնյաները որքան շատ էին կարևորում Սուրբ Գրքերը։

Հովհաննեսի Ավետարանից հատվածներ պարունակող այս պատառիկը ինչո՞ւ է այսօր այդքան կարևոր Աստվածաշունչը գնահատող մարդկանց համար

Մ.թ. երկրորդ դարում ձեռագրերը լինում էին երկու ձևի՝ գլանաձև փաթեթներ և մատյաններ։ Գլանաձև փաթեթներ ստանալու համար պապիրուսների կամ մագաղաթների կտորները սոսնձում կամ ամրացնում էին իրար և դարձնում էին մեկ երկար կտոր, որը գլանաձև փաթաթում էին։ Հետո հարկ եղած դեպքում կարող էին փաթեթը բացել և օգտագործել։ Սովորաբար գլանաձև փաթեթի միայն մի կողմի վրա էին գրում տեքստը։

Սակայն Ռոբերտսի հայտնաբերած վերոհիշյալ պատառիկի երկու կողմի վրա էլ ձեռագիր տեքստ կար, ինչը հուշում է, որ դա ոչ թե գլանաձև փաթեթից, այլ մատյանից մնացած պատառիկ է։ Մատյանը պատրաստում էին մագաղաթե կամ պապիրուսե թերթերից, որոնք ծալում և կարում էին իրար։ Այն իր ձևով նման էր գրքի։

Ի՞նչ առավելություններ ուներ մատյանը՝ գլանաձև փաթեթի հետ համեմատած։ Առաջին դարի քրիստոնյաները բարի լուրի քարոզիչներ էին (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Նրանք բարի լուրը քարոզում էին ամենուրեք, որտեղ հանդիպում էին մարդկանց՝ տներում, հրապարակներում և փողոցներում (Գործեր 5։42; 17։17; 20։20)։ Նրանք հաճախ էին օգտվում Սուրբ Գրքերից, ուստի նրանց համար ավելի հեշտ էր օգտագործել մատյանը, որն ավելի սեղմ էր ու հարմար։

Մատյանը նաև հնարավորություն էր տալիս, որ ժողովներն ու առանձին անհատները հեշտությամբ արտագրեին Սուրբ Գրքերը և ունենային իրենց անձնական օրինակները։ Այդպիսով՝ Ավետարանները կրկին ու կրկին արտագրվում էին բազմաթիվ օրինակներով, ինչն անկասկած նպաստում էր քրիստոնեության արագ տարածմանը։

Ռայլենդսի ձեռագիր պատառիկը առջևից և հետևից

Երկրորդ պատճառը, թե ինչու է Ռայլենդսի պատառիկը անչափ կարևոր մեզ համար, այն է, որ այդ ձեռագիրը ցույց է տալիս, թե Աստվածաշնչի բնագիր տեքստը որքան ճշգրտորեն է արտագրվել ու փոխանցվել մեզ։ Թեև այդ պատառիկը պարունակում է ընդամենը մի քանի համար Հովհաննեսի Ավետարանից, սակայն այդ համարների տեքստը գրեթե նույնն է, ինչ ներկայիս Աստվածաշնչի տեքստը։ Այսպիսով՝ Ռայլենդսի պատառիկը փաստում է, որ Աստվածաշունչը փոփոխության չի ենթարկվել, թեև ժամանակի ընթացքում այն արտագրվել է բազմաթիվ անգամներ։

Ռայլենդսի ձեռագիր պատառիկից բացի, կան հազարավոր այլ պատառիկներ ու ձեռագրեր, որոնք հաստատում են, որ Աստվածաշնչի բնագիր տեքստը ճշգրտորեն է փոխանցվել մինչև մեր օրերը։ Ուերներ Քելերն իր գրքում նշում է. «Այս հին [ձեռագրերը] կասկածի նշույլ անգամ չեն թողնում, որ մեր ունեցած Աստվածաշնչերի տեքստը ճշգրիտ է ու վստահարժան» (The Bible as History)։

Ինչ խոսք, քրիստոնյաների հավատը հիմնված չէ հնագիտական գտածոների վրա։ Նրանք վստահ են, որ «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Սակայն մեր վստահությունն ավելի է ամրանում, երբ տեսնում ենք, որ անցյալի անգին «գոհարները» փաստում են այն, ինչ Աստվածաշունչն ասել է դարեր առաջ. «Եհովայի խոսքը մնում է հավիտյան» (1 Պետրոս 1։25

^ պարբ. 8 Համաձայն մի գրքի՝ հնագրությունը «հին գրերն ուսումնասիրող գիտություն է» (Manuscripts of the Greek Bible)։ Ժամանակի ընթացքում գրերի ձևը փոփոխության է ենթարկվում, և այդ փոփոխությունների շնորհիվ հնարավոր է պարզել, թե երբ է գրվել տվյալ ձեռագիրը՝ այն համեմատելով հավաստի թվագրություն ունեցող այլ ձեռագրերի հետ։