Բեդելի Աստվածաշունչ. քիչ ճանաչված, բայց կարևոր թարգմանություն
ԵՐԲ անգլիացի հոգևորական Ուիլյամ Բեդելը 1627-ին գնաց Իռլանդիա, երկրում տիրող իրավիճակը տարակուսանքի մեջ գցեց նրան։ Իռլանդիան, որտեղ գերիշխող կրոնը կաթոլիկությունն էր, գտնվում էր բողոքական երկրի՝ Բրիտանիայի տիրապետության տակ։ Բողոքական ռեֆորմատորները արդեն թարգմանել էին Աստվածաշունչը եվրոպական շատ լեզուներով։ Մինչդեռ ոչ ոք չէր մտածում այն իռլանդերեն թարգմանելու մասին։
Բեդելը այն կարծիքին էր, որ իռլանդացիները «չպետք է զրկված լինեն [Աստծու Խոսքից], ինչ է թե անգլերեն չգիտեն»։ Նա սկսեց քայլեր ձեռնարկել Աստվածաշունչը իռլանդերեն թարգմանելու համար։ Բայց հանդիպեց ուժեղ հակառակության, հատկապես բողոքականների կողմից։ Ո՞րն էր պատճառը։
ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԻՌԼԱՆԴԵՐԵՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Բեդելը իր պարտքը համարեց անձամբ սովորել իռլանդերեն։ Իսկ Դուբլինի Թրինիթի քոլեջի ռեկտոր, հետագայում էլ Քիլմորի եպիսկոպոս դառնալուց հետո նա շարունակ հորդորում էր իր ուսանողներին գործածել այդ լեզուն։ Իրականում Անգլիայի Էլիզաբեթ I թագուհին Թրինիթի քոլեջը հիմնադրել էր այն նպատակով, որ այնտեղ կրթված ուսանողները կարողանան իր հպատակներին ուսուցանել Աստվածաշունչը վերջիններիս մայրենի լեզվով։ Բեդելը ջանում էր հենց դա իրագործել։
Քիլմորի թեմի տարածքում մարդկանց մեծ մասը խոսում էր իռլանդերեն։ Ուստի Բեդելը ամեն ինչ անում էր, որ իր թեմում լինեն իռլանդերեն իմացող քահանաներ։ Նա ուներ նույն տեսակետը, ինչ Պողոսը, որն ասել է. «Ավելի լավ է, որ ժողովում հինգ հասկանալի խոսք ասեմ՝ ուրիշներին սովորեցնելու համար, քան տասը հազար խոսք՝ որևէ այլ լեզվով [այսինքն մի լեզվով, որը մարդիկ լավ չեն հասկանում]» (1 Կորնթացիներ 14։19)։
Բայց ազդեցիկ իշխանավորները ամեն ինչ անում էին, որ խանգարեն նրան։ Պատմաբանների վկայությամբ՝ ոմանք պնդում էին, որ իռլանդերենի գործածությունը «վտանգ է ներկայացնում պետության համար», իսկ ուրիշներն ասում էին, որ դա «դեմ է կառավարության շահերին»։ Ոմանց կարծիքով էլ իռլանդացիներին տգիտության մեջ պահելը շահավետ էր Անգլիայի համար։ Անգլիայում նույնիսկ սահմանվել էին օրենքներ, որոնք պահանջում էին, որ իռլանդացիները չօգտագործեն իրենց մայրենի լեզուն ու թողնեն իրենց սովորույթները և դրա փոխարեն՝ սովորեն անգլերեն ու որդեգրեն անգլիական նիստուկացը։
ԲԵԴԵԼԸ ՍԿՍՈՒՄ Է ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բեդելը թույլ չտվեց, որ նման բռնատիրական տեսակետներն ազդեն իր վրա։ 1630-ականների սկզբներին նա սկսեց իռլանդերեն թարգմանել Աստվածաշնչի նոր լույս տեսած անգլերեն մի հրատարակություն՝ «Ջեյմս թագավորի թարգմանության» 1611թ.-ի հրատարակությունը։ Նա ցանկանում էր թողարկել Աստվածաշնչի մի թարգմանություն, որը հասկանալի կլիներ հնարավորինս շատ մարդկանց։ Նա համոզված էր, որ քանի դեռ Աստվածաշունչը «փակ» գիրք էր հասարակ ու աղքատ մարդկանց համար, նրանք չէին կարող կարդալ ու հասկանալ այն և այդպիսով Հովհաննես 17։3)։
գտնել հավիտենական կյանքի տանող ճանապարհը (Բեդելից առաջ ուրիշ մարդիկ էլ էին հասկացել այս իրողությունը։ Նրանից մոտ 30 տարի առաջ մի եպիսկոպոս՝ Ուիլյամ Դենիելը, նկատել էր, որ մարդկանց համար շատ դժվար է սովորել Աստվածաշնչի ուսմունքները, երբ դրանք մատուցվում են, այսպես ասած, «անծանոթ լեզվի մշուշով պատված»։ Դենիելը իռլանդերեն էր թարգմանել Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Իսկ Բեդելը հանձն առավ Եբրայերեն Գրությունների թարգմանությունը։ Այսօր մեզ հայտնի Բեդելի Աստվածաշունչը ընդգրկում է և՛ Բեդելի, և՛ Ուիլյամ Դենիելի աշխատությունները։ Բեդելի Աստվածաշունչը իռլանդերեն առաջին ամբողջական Աստվածաշունչն էր։ Եվ հաջորդ 300 տարիների ընթացքում այն եղել է Աստվածաշնչի միակ իռլանդերեն թարգմանությունը։
Բեդելը, որը հմուտ եբրայագետ էր, Աստվածաշնչի թարգմանության գործում ներգրավեց երկու անհատների, որոնց համար իռլանդերենը մայրենի լեզու էր։ Թարգմանության ընթացքում Բեդելը իր երկու օգնականների հետ ջանադրաբար ստուգում էր Աստվածաշնչի յուրաքանչյուր համար։ Համեմատության համար նրանք օգտվում էին Աստվածաշնչի իտալերեն մի թարգմանությունից, որի հեղինակը շվեյցարացի աստվածաբան Ջովաննի Դիոդատին էր, ինչպես նաև հունարեն «Յոթանասնից» թարգմանությունից և հին եբրայերեն աստվածաշնչյան արժեքավոր մի ձեռագրից։
Այդ խումբը հետևեց «Ջեյմս թագավորի թարգմանության» թարգմանիչների օրինակին (որոնցից շատերին Բեդելը հավանաբար անձամբ էր ճանաչում) և թարգմանության մեջ մի շարք համարներում օգտագործեց Աստծու անունը։ Օրինակ՝ նրանք Աստծու անունը գրել են Ելք 6։3-ում «Իեհովա» ձևով։ Ներկայումս Բեդելի թարգմանության բնագիր տեքստը պահպանվում է Մարշի գրադարանում (Դուբլին, Իռլանդիա)։ (Տե՛ս «Բեդելին հիշում են ու գնահատում» շրջանակը)։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՈՒՄԸ
Բեդելը իր թարգմանությունն ավարտեց մոտավորապես 1640-ին։ Բայց չկարողացավ հրատարակել այն։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն էր, որ նա դեռևս ուժգին հակառակության էր բախվում։ Քննադատները վատաբանեցին Բեդելի գլխավոր թարգմանչին՝ ցանկանալով այդ կերպով հեղինակազրկել նրա աշխատությունը։ Նրանք նույնիսկ այնպես արեցին, որ թարգմանչին ձերբակալեցին ու բանտ գցեցին։ Իսկ 1641-ին երկրում սկսվեց դաժան ու արյունահեղ հակաանգլիական ապստամբություն։ Բեդելը անգլիական ծագում ուներ, բայց տեղի բնակիչները պաշտպանեցին նրան, քանի որ տեսնում էին, որ նա անկեղծորեն հետաքրքրված է իրենցով։ Սակայն ի վերջո ապստամբ զինվորները Բեդելին բանտ գցեցին, որտեղ նրան պահում էին շատ վատ պայմաններում։ Ակներևաբար դա էր պատճառը, որ նա շատ կարճ ժամանակ անց՝ 1642-ին, մահացավ։ Նա այդպես էլ չտեսավ իր աշխատության լույսընծայումը։
Երբ Բեդելի տունը խուզարկեցին ու տակնուվրա արեցին, նրա գրեթե բոլոր աշխատությունները ոչնչացրին։ Սակայն Բեդելի մտերիմ ընկերներից մեկին հաջողվեց փրկել Աստվածաշնչի թարգմանության նրա ձեռագրերը։ Որոշ ժամանակ անց այդ ձեռագրերը ձեռք բերեց Նարսիսուս Մարշը, որը հետագայում դարձավ Արմայի արքեպիսկոպոս և Իռլանդիայի եկեղեցու գահերեց արքեպիսկոպոս։ Ֆինանսական աջակցություն ստանալով գիտնական Ռոբերտ Բոյլից՝ նա 1685-ին լույս ընծայեց Բեդելի Աստվածաշունչը։
ՓՈՔՐ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ
Բեդելի Աստվածաշունչը համաշխարհային ճանաչում չստացավ։ Այդուհանդերձ, կարող ենք վստահաբար ասել, որ այդ թարգմանությունը թեև փոքր, բայց կարևոր քայլ էր Աստվածաշունչը մարդկանց հասկանալի դարձնելու գործում։ Այն հատկապես օգտակար եղավ իռլանդախոս մարդկանց համար, որոնք ապրում էին ոչ միայն Իռլանդիայում, այլև Շոտլանդիայում և ուրիշ վայրերում։ Նրանք այժմ կարող էին կարդալ Աստծու Խոսքը իրենց մայրենի լեզվով և բավարարել իրենց հոգևոր կարիքները (Մատթեոս 5։3, 6)։
«Կարդալով Բեդելի Աստվածաշունչը՝ Աստծու խոսքերը լսում էինք մեր մայրենի լեզվով։ Դա այն բանալին էր, որը Աստվածաշնչի հիանալի ճշմարտությունները սովորելու դուռ բացեց իմ ու իմ ընտանիքի առաջ»
Մինչ օրս էլ Բեդելի Աստվածաշունչը շարունակում է օգնել ճշմարտությունը սիրող մարդկանց։ Իռլանդախոս մի մարդ, որը նոր էր իմացել, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում, ասաց. «Կարդալով Բեդելի Աստվածաշունչը՝ Աստծու խոսքերը լսում էինք մեր մայրենի լեզվով։ Դա այն բանալին էր, որը Աստվածաշնչի հիանալի ճշմարտությունները սովորելու դուռ բացեց իմ ու իմ ընտանիքի առաջ»։