Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՂՈԹԵԼ

Կա՞ մեկը, ով լսում է մեր աղոթքները

Կա՞ մեկը, ով լսում է մեր աղոթքները

Որոշ մարդիկ համարում են, որ աղոթելն անիմաստ է, քանի որ ոչ ոք չի լսում մեր աղոթքները։ Ոմանք էլ աղոթում են, բայց զգում են, որ իրենց աղոթքները մնում են անպատասխան։ Մի աթեիստ փորձեց պատկերացնել, թե ով է կամ ինչպիսին է Աստված, և աղոթեց նրան. «Խնդրում եմ, պատասխանիր ինձ. գեթ մի ձայն, մի շշուկ...»։ Բայց, ինչպես ասում է նա, Աստված «լուռ մնաց»։

Սակայն Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ կա մի անձնավորություն, ով լսում է մեր աղոթքները։ Այդ անձնավորությունն Աստված է։ Աստվածաշնչում գրված է, թե դարեր առաջ ինչ է ասվել Աստծու ժողովրդին. «Նա [Աստված] անպատճառ բարեհաճություն կցուցաբերի քո հանդեպ, երբ լսի քո աղաղակը։ Հենց որ լսի այն, կպատասխանի քեզ» (Եսայիա 30։19)։ Իսկ աստվածաշնչյան մեկ այլ համարում ասվում է. «Ուղղամիտների աղոթքը հաճելի է [Աստծուն]» (Առակներ 15։8

Հիսուսն աղոթեց Աստծուն՝ իր Հորը, և «Աստված լսեց նրան» (Եբրայեցիներ 5։7)

Աստվածաշնչում նաև հիշատակվում է տարբեր մարդկանց մասին, ում աղոթքները Աստված լսել է։ Աստվածաշնչյան մի համարում ասվում է, որ Հիսուսը «խնդրանքներ մատուցեց [Աստծուն], ով կարող էր փրկել իրեն», և որ «Աստված լսեց նրան» (Եբրայեցիներ 5։7)։ Այլ օրինակների մասին կարող ենք կարդալ Դանիել 9։21 և 2 Տարեգրություն 7։1 համարներում։

Այդ դեպքում ինչո՞ւ են որոշ մարդկանց աղոթքները մնում անպատասխան։ Որպեսզի աղոթքները լսվեն, պետք է աղոթել միայն նրան, ով ըստ Աստվածաշնչի՝ միակ ճշմարիտ Աստվածն է՝ Եհովային։ * Աստված նաև պատվիրում է, որ աղոթենք իր «կամքի համաձայն», այսինքն՝ այնպիսի բաների համար, որ ընդունելի են իրեն։ Աստված հավաստիացնում է, որ եթե այդպես աղոթենք, նա «կլսի մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Ուստի եթե ցանկանում ենք, որ մեր աղոթքները լսվեն, պետք է ճանաչենք այն Աստծուն, որի մասին պատմում է Աստվածաշունչը, և պետք է իմանանք, թե որն է նրա կամքը։

Շատերը համոզված են, որ աղոթքը պարզապես ինչ-որ կրոնական արարողություն կամ սովորություն չէ, և որ Աստված իսկապես լսում է աղոթքներն ու պատասխանում։ Իսահակ անունով մի մարդ, որն ապրում է Քենիայում, ասում է. «Ես աղոթեցի Աստծուն, որ նա օգնի ինձ հասկանալու Աստվածաշունչը։ Կարճ ժամանակ անց մի անհատ մոտեցավ ինձ ու առաջարկեց այն օգնությունը, որի մասին խնդրել էի»։ Ֆիլիպիններում ապրող մի կին՝ Հիլդան, ցանկանում էր թողնել ծխելը։ Նա մի քանի անգամ փորձեց ձերբազատվել այդ սովորությունից, բայց չկարողացավ։ Այդ ժամանակ նրա ամուսինը ասաց նրան. «Աղոթիր Աստծուն, որ օգնի քեզ»։ Հիլդան հետևեց այդ խորհրդին։ Նա ասում է. «Ես ապշել էի. զգում էի, որ Աստված իսկապես օգնում է ինձ։ Ծխելու ցանկությունս աստիճանաբար թուլանում էր։ Ի վերջո կարողացա ձերբազատվել այդ վատ սովորությունից»։

Արդյոք Աստված իսկապես ցանկանո՞ւմ է օգնել մեզ և պատասխանել մեր խնդրանքներին, որոնք ներդաշնակ են իր կամքին։

^ պարբ. 6 Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։