ԴԱՍ 7
Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
1. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։
Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է։ Այն կփոխարինի մյուս բոլոր կառավարություններին և այնպես կանի, որ Աստծու կամքը կատարվի երկնքում և երկրի վրա։ Աստծու Թագավորության մասին լուրը բարի լուր է։ Շուտով այն կբավարարի լավ կառավարություն ունենալու մարդկանց ցանկությունը և կմիավորի երկրի բնակիչներին։ Կարդա՛ Դանիել 2։44; Մատթեոս 6։9, 10; 24։14։
Սովորաբար թագավորությունը ունենում է թագավոր։ Եհովան իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին է նշանակել, որ լինի իր Թագավորության Թագավորը։ Կարդա՛ Հայտնություն 11։15։
Դիտեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» տեսանյութը։
2. Ինչո՞ւ է Հիսուսը իդեալական Թագավոր։
Աստծու Որդին իդեալական Թագավոր է, քանի որ բարի է, վճռական՝ արդարություն հաստատելու հարցում (Մատթեոս 11։28–30)։ Նա նաև մեծ զորություն ունի մարդկանց օգնելու համար, քանի որ երկնքից է իշխելու երկրի վրա։ Հարություն առնելուց հետո նա համբարձվեց երկինք և նստեց Եհովայի աջ կողմը (Եբրայեցիներ 10։12, 13)։ Որոշ ժամանակ անց Աստված նրան իշխանություն տվեց, որ սկսի ղեկավարել։ Կարդա՛ Դանիել 7։13, 14։
3. Ովքե՞ր են իշխելու Հիսուսի հետ։
Հիսուսի հետ երկնքում կթագավորեն մի խումբ մարդիկ, որոնք կոչվում են «սրբերի ժողովուրդ» (Դանիել 7։27)։ Առաջին սրբերը, որ ընտրվեցին, Հիսուսի հավատարիմ առաքյալներն էին։ Եհովան մինչ օրս շարունակում է ընտրել հավատարիմ տղամարդկանց և կանանց, որ համալրեն «սրբերի ժողովրդի» շարքերը։ Հիսուսի նման՝ նրանք հարություն են առնում որպես ոգեղեն էակներ։ Կարդա՛ Հովհաննես 14։1–3; 1 Կորնթացիներ 15։42–44։
Քանի՞ հոգի են երկինք գնալու։ Նրանց թիվը 144000 է։ Հիսուսը նրանց կոչեց «փոքր հոտ» (Ղուկաս 12։32)։ Նրանք Հիսուսի հետ երկնքից կթագավորեն երկրի վրա։ Կարդա՛ Հայտնություն 14։1։
4. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը սկսեց իշխել։
Աստծու Թագավորությունը սկսել է իշխել 1914թ.-ից a։ Առաջին բանը, որ Հիսուսը արեց որպես Թագավոր, Սատանային ու իր դևերին երկրի վրա գցելն էր։ Դա կատաղեցրեց Սատանային, և նա ամբողջ երկիրը սկսեց լցնել «վայերով» (Հայտնություն 12։7–10, 12)։ Այդ ժամանակվանից ի վեր մարդկության տառապանքն ավելի է սաստկացել։ Պատերազմները, սովերը, համաճարակները և երկրաշարժերը «նշանի» մասն են կազմում, ինչը վկայում է, որ Աստծու Թագավորությունը շուտով կսկսի իշխել երկրի վրա։ Կարդա՛ Ղուկաս 21։7, 10, 11, 31։
5. Ի՞նչ է իրագործում Աստծու Թագավորությունը։
Համաշխարհային քարոզչական գործի միջոցով Աստծու Թագավորությունը բոլոր ազգերից մարդկանց միավորում է մեծ բազմության մեջ։ Միլիոնավոր հեզ մարդիկ դառնում են Հիսուսի հպատակները։ Աստծու Թագավորությունը կպաշտպանի նրանց, երբ կործանի ներկայիս չար համակարգը։ Ուստի նրանք, ովքեր ցանկանում են վայելել Աստծու Թագավորության բերած օրհնությունները, պետք է սովորեն լինել Հիսուսի հնազանդ հպատակներ։ Կարդա՛ Հայտնություն 7։9, 14, 16, 17։
1000 տարվա ընթացքում Թագավորությունը կիրագործի մարդկության հետ կապված Աստծու նպատակը։ Ամբողջ երկիրը դրախտի կվերածվի։ Վերջում Հիսուսը Թագավորությունը կվերադարձնի իր Հորը (1 Կորնթացիներ 15։24–26)։ Հույս ներշնչող այս բարի լուրը ո՞ւմ կուզեիր պատմել։ Կարդա՛ Սաղմոս 37։10, 11, 29։
a Մանրամասն տեղեկությունների համար, թե ինչ է մարգարեացվել Աստվածաշնչում 1914թ. վերաբերյալ, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 215–218 էջերը։