ԴԱՍ 4
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
1. Ո՞վ է ստեղծել Հիսուսին և որտե՞ղ։
Ի տարբերություն մյուս մարդկանց՝ նախքան երկրի վրա ծնվելը Հիսուսը ապրել է երկնքում որպես ոգեղեն էակ (Հովհաննես 8։23)։ Նա Աստծու առաջին ստեղծագործությունն է։ Հիսուսը օգնել է Աստծուն մնացած բոլոր բաները ստեղծելիս։ Նա միակն է, որ ստեղծվել է անմիջականորեն Եհովայի կողմից, այդ իսկ պատճառով տեղին է, որ կոչվում է Աստծու «միածին որդի» (Հովհաննես 1։14)։ Հիսուսը եղել է Աստծու Խոսնակը, ուստի կոչվում է նաև «Խոսք»։ Կարդա՛ Առակներ 8։22, 23, 30; Կողոսացիներ 1։15, 16։
2. Ինչո՞ւ Հիսուսը եկավ երկիր։
Աստված երկնքից ուղարկեց իր Որդուն երկիր՝ փոխադրելով նրա կյանքը Մարիամ անունով մի հրեա կույսի արգանդը։ Ուստի Հիսուսը երկրային հայր չուներ (Ղուկաս 1։30–35)։ Աստծու Որդին եկավ երկիր, որ 1) ճշմարտությունը սովորեցնի Աստծու մասին, 2) օրինակ թողնի մեզ, թե ինչպես կատարենք Աստծու կամքը նույնիսկ դժվարությունների ժամանակ, և 3) իր կատարյալ կյանքը տա որպես «փրկանք»։ Կարդա՛ Մատթեոս 20։28։
3. Ինչո՞ւ փրկանքի կարիք ունենք։
Փրկանքը այն գինն է, որ վճարում են մարդուն մահից ազատելու համար (Ելք 21։29, 30)։ Ծերությունն ու մահը չէին մտնում մարդկանց առնչությամբ Աստծու նպատակի մեջ։ Որտեղի՞ց գիտենք։ Աստված առաջին մարդուն՝ Ադամին, ասել էր, որ եթե նա անի այն, ինչն Աստվածաշունչը «մեղք» է կոչում, կմեռնի։ Ուստի եթե Ադամը մեղք չգործեր, երբեք չէր մահանա (Ծննդոց 2։16, 17; 5։5)։ Աստվածաշունչը հայտնում է, որ մահը Ադամի միջոցով «մտավ աշխարհ»։ Այդպես Ադամն իր սերունդներին փոխանցեց մեղքը և դրա դատապարտությունը՝ մահը։ Մենք փրկանքի կարիք ունենք, որ ազատվենք մեր «ժառանգությունից»՝ մահից։ Կարդա՛ Հռոմեացիներ 5։12; 6։23։
Ո՞վ կարող էր վճարել փրկագինը՝ մեզ մահից ազատելու համար։ Երբ մարդը մահանում է, պատիժ է կրում միայն իր մեղքերի համար։ Այդ իսկ պատճառով ոչ մի անկատար մարդ չի կարող վճարել ուրիշների մեղքերի դիմաց։ Կարդա՛ Սաղմոս 49։7–9։
4. Ինչո՞ւ Հիսուսը մահացավ։
Ի տարբերություն մեզ՝ Հիսուսը կատարյալ էր։ Հետևաբար նա մեղքեր չուներ, որոնց համար պետք է մահապատիժ կրեր։ Հիսուսը մահացավ ուրիշների մեղքերի համար։ Աստված առանձնահատուկ սեր դրսևորեց մարդկանց հանդեպ, երբ իր Որդուն ուղարկեց, որ մահանա հանուն մեզ։ Հիսուսը նույնպես սեր ցուցաբերեց մեր հանդեպ՝ հնազանդվելով իր Հորը ու մահանալով մեր մեղքերի համար։ Կարդա՛ Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 5։18, 19։
Դիտեք «Ինչո՞ւ Հիսուսը մահացավ» տեսանյութը։
5. Ի՞նչ է անում Հիսուսը հիմա։
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը բուժում էր հիվանդներին, հարություն էր տալիս մահացածներին և թեթևացնում էր տառապող մարդկանց ցավը։ Այդպիսով նա ցույց տվեց, թե ինչ է անելու ապագայում հնազանդ մարդկության համար (Մատթեոս 15։30, 31; Հովհաննես 5։28)։ Հիսուսի մահից հետո Աստված նրան հարություն տվեց որպես ոգեղեն անձնավորության (1 Պետրոս 3։18)։ Այնուհետև Հիսուսը, Աստծու աջ կողմում նստած, սպասեց, որ Աստված իրեն իշխանություն տա որպես Թագավոր ղեկավարելու ողջ երկիրը (Եբրայեցիներ 10։12, 13)։ Հիմա Հիսուսը Թագավոր է երկնքում, և իր հետևորդները հռչակում են այդ բարի լուրը ամբողջ աշխարհում։ Կարդա՛ Դանիել 7։13, 14; Մատթեոս 24։14։
Մոտ ապագայում Հիսուսը իր թագավորական իշխանությամբ վերջ կդնի տառապանքին և նրանց, ովքեր պատճառում են այն։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին և հնազանդվում են նրան, կվայելեն կյանքը դրախտ-երկրի վրա։ Կարդա՛ Սաղմոս 37։9–11։