ՄԱՍ 3
Ինչպես լուծել խնդիրները
«Ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը» (1 Պետրոս 4։8)։
Ամուսնությունից հետո, ինչ խոսք, զանազան խնդիրներ կծագեն։ Դրանց պատճառը կարող են լինել տարբեր դաստիարակությունը, մտածելակերպն ու խառնվածքը։ Խնդիրներ կարող են առաջանալ նաև արտաքին ազդակների կամ անսպասելի դեպքերի պատճառով։
Այդ ժամանակ գուցե ցանկություն առաջանա խուսափելու իրականությունից, սակայն Աստվածաշունչը խորհուրդ է տալիս չփախչել խնդիրներից, այլ փորձել լուծել դրանք (Մատթեոս 5։23, 24)։ Աստվածաշնչյան խորհուրդները կիրառելով՝ կկարողանաք լավագույն ձևով լուծել խնդիրները։
1 ՔՆՆԱՐԿԻՐ ԽՆԴԻՐԸ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Կա «խոսելու ժամանակ» (Ժողովող 3։1, 7)։ Ժամանակ տրամադրիր, որպեսզի հանգամանորեն խոսես խնդրի մասին։ Անկեղծորեն ասա կողակցիդ, թե ինչ ես մտածում տվյալ խնդրի մասին և ինչ ես զգում։ Միշտ «ճշմարտությունը խոսիր» կողակցիդ հետ (Եփեսացիներ 4։25)։ Նույնիսկ եթե շատ ես բարկացած, ամեն բան արա, որ չվիճես։ Մեղմ պատասխանը կարող է օգնել, որ ձեր զրույցը չվերածվի թեժ վիճաբանության (Առակներ 15։4; 26։20)։
Անգամ եթե համաձայն չես կողակցիդ հետ, կոպիտ մի՛ եղիր և շարունակիր սեր ու հարգանք դրսևորել նրա նկատմամբ (Կողոսացիներ 4։6)։ Փորձիր հնարավորինս շուտ հարթել խնդիրը և թույլ մի՛ տուր, որ ձեր հաղորդակցությունը դադարի (Եփեսացիներ 4։26)։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
-
Հարմար ժամանակ ընտրիր խնդիրը քննարկելու համար։
-
Երբ կողակիցդ խոսում է, մի՛ ընդհատիր նրան։ Դու էլ հնարավորություն կունենաս արտահայտվելու։
2 ԼՍԻՐ ԵՎ ՓՈՐՁԻՐ ՀԱՍԿԱՆԱԼ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Գորովանք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք» (Հռոմեացիներ 12։10)։ Շատ կարևոր է այն, թե ինչպես ես լսում։ Փորձիր հասկանալ կողակցիդ տեսակետը և եղիր «խորապես կարեկից ու խոնարհամիտ» (1 Պետրոս 3։8; Հակոբոս 1։19)։ Մի՛ ձևացրու, թե լսում ես, այլ եթե հնարավոր է, մի կողմ դիր ձեռքիդ գործը և ամենայն ուշադրությամբ լսիր կողակցիդ կամ էլ հարցրու, թե արդյոք կարող եք այդ խնդրի մասին ավելի ուշ խոսել։ Եթե կողակցիդ համարես թիմակից և ոչ թե մրցակից, ապա չես «շտապի ոգով վիրավորվել» նրանից (Ժողովող 7։9)։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
-
Շարունակիր լսել կողակցիդ՝ առանց կանխակալ կարծիքի, նույնիսկ եթե նրա ասածը քեզ դուր չի գալիս։
-
Փորձիր հասկանալ կողակցիդ խոսքերի իրական իմաստը։ Ուշադրություն դարձրու նրա դեմքի արտահայտությանը, ժեստերին և ձայնի տոնին։
3 ԳՈՐԾԵՔ ՁԵՐ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Ամեն տեսակ աշխատանքից օգուտ կա, բայց սոսկ շուրթերի խոսքերը կարիքի մեջ են գցում» (Առակներ 14։23)։ Միասին լավ լուծում գտնելը բավական չէ։ Պետք է գործեք ձեր որոշման համաձայն։ Գուցե դա մեծ ջանքեր պահանջի, բայց արժե այդպիսի ջանքեր թափել (Առակներ 10։4)։ Եթե միասնական լինեք և համագործակցեք, «վարձատրություն [կունենաք]» ձեր տքնաջան աշխատանքից (Ժողովող 4։9)։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
-
Որոշեք, թե ինչ գործնական քայլեր կձեռնարկի ձեզանից յուրաքանչյուրը՝ խնդիրը լուծելու համար։
-
Ժամանակ առ ժամանակ մտածեք, թե ինչ հաջողությունների եք հասել։