ԳԼՈՒԽ 21
Նազարեթի ժողովարանում
-
ՀԻՍՈՒՍՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ Է ԵՍԱՅԻԱ ՄԱՐԳԱՐԵԻ ԳՐՔԻՑ
-
ՆԱԶԱՐԵԹԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ
Երբ Հիսուսը վերադառնում է Նազարեթ, այստեղ, անկասկած, մեծ աշխուժություն է սկսվում։ Ավելի քան մեկ տարի առաջ Հիսուսին այս քաղաքում ճանաչում էին որպես ատաղձագործ։ Բայց այժմ նրան ճանաչում են որպես զորավոր գործեր անող։ Նազարեթի բնակիչները շատ են ցանկանում, որ նա իր հայրենի քաղաքում էլ զորավոր գործեր անի։
Նրանց ոգևորությունը ավելի է մեծանում, երբ Հիսուսը, իր սովորության համաձայն, ժողովարան է գնում։ Ժողովարանում մատուցվող ծառայության մեջ մտնում է աղոթելը և Մովսեսի գրքերից մի հատված ընթերցելը, ինչը արվում է «ամեն շաբաթ օր» (Գործեր 15։21)։ Նաև ընթերցվում են հատվածներ մարգարեների գրքերից։ Երբ Հիսուսը կանգնում է, որ ընթերցի, հավանաբար տեսնում է իրեն ծանոթ շատ մարդկանց, քանի որ տարիներ շարունակ հենց այս ժողովարան է եկել։ Նրան տալիս են Եսայիա մարգարեի գիրքը։ Նա բացում է այն տեղը, որտեղ խոսվում է Եհովայի ոգով օծված անձնավորության մասին։ Աստվածաշնչում այդ հատվածը գտնվում է Եսայիա 61։1, 2-ում։
Հիսուսը կարդում է այն մասին, որ Եհովայի ոգով օծված այդ անձնավորությունը հռչակելու է, որ գերիներն ազատ են արձակվելու, կույրերի աչքերը բացվելու են, և գալու է Եհովայի բարեհաճության տարին։ Ապա Հիսուսը գիրքը վերադարձնում է սպասավորին և նստում է։ Բոլորը նայում են նրան։ Հետո նա, հավանաբար, մանրամասն բացատրում է իր կարդացած խոսքերը և ասում է մի կարևոր բան. «Գրքի այս հատվածը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց» (Ղուկաս 4։21)։
Ներկաները հիանում են «այն շնորհալի խոսքերով, որ դուրս են գալիս նրա բերանից» և ասում են իրար. «Սա Հովսեփի որդին չէ՞»։ Սակայն Հիսուսը հասկանում է, որ մարդիկ ուզում են տեսնել զորավոր գործեր, որոնց մասին լսել են, ուստի ասում է. «Անշուշտ այս առածը կասեք ինձ՝ «բժի՛շկ, ինքդ քե՛զ բուժիր»։ Եվ կասեք. «Այն ամենը, ինչ որ լսեցինք, թե արել ես Կափառնայումում, այստեղ՝ քո հայրենի վայրերում էլ արա»» (Ղուկաս 4։22, 23)։ Ակներևաբար, այդ մարդիկ մտածում են, թե Հիսուսը նախևառաջ պետք է բուժեր իր քաղաքի բնակիչներին, ուստի իրենց անտեսված են զգում։
Հասկանալով, թե ինչ են նրանք մտածում՝ Հիսուսը Իսրայել ժողովրդի պատմությունից որոշ դեպքեր է նշում։ Նա ասում է, որ Եղիայի օրերում Իսրայելում բազմաթիվ այրի կանայք կային, սակայն Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց, այլ ուղարկվեց Սարեփթայում ապրող ոչ իսրայելացի մի այրի կնոջ մոտ։ Սիդոնի մոտակայքում գտնվող այդ քաղաքում Եղիան հրաշք գործեց՝ փրկելով այրի կնոջ ու նրա որդու կյանքը (1 Թագավորներ 17։8–16)։ Նմանապես, Եղիսեի օրերում շատ բորոտներ կային Իսրայելում, բայց նա բուժեց միայն ասորի Նեեմանին (2 Թագավորներ 5։1, 8–14)։
Ինչպե՞ս են ժողովարանում հավաքված մարդիկ արձագանքում Հիսուսի խոսքերին։ Նրանց թերևս դուր չեն գալիս Հիսուսի բերած այդ համեմատությունները, որով նա բացահայտում է նրանց եսասիրությունն ու հավատի պակասը։ Ուստի նրանք բարկանում են և Հիսուսին շտապ դուրս հանում քաղաքից։ Նրան տանում են մինչև այն լեռան սարավանդը, որի վրա կառուցված է Նազարեթը, և ցանկանում են ցած նետել այնտեղից։ Սակայն Հիսուսին հաջողվում է փախչել նրանցից։ Այժմ Հիսուսը ճանապարհ է ընկնում դեպի Կափառնայում, որը գտնվում է Գալիլեայի ծովի հյուսիսարևմտյան ափին։