ՀԱՐՑ 2
Ինչո՞ւ ինձ դուր չի գալիս իմ արտաքինը
ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ
Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Ջուլիան նայում է իրեն հայելու մեջ, և նրան թվում է, թե ինքը գեր է։ «Ես պետք է նիհարեմ»,— մտածում է նա, չնայած որ նրա ծնողներն ու ընկերները ասում են, որ նա շատ նիհար է։
Ջուլիան պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմելու, միայն թե մի քանի կիլոգրամ նիհարի։ Նա մի քանի օր պետք է իրեն սովի մատնի։
Եթե դու էլ նման զգացումներ ունես, ինչպե՞ս կվարվես։
ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ
Սխալ չէ անհանգստանալ արտաքին տեսքի համար։ Իրականում, Աստվածաշնչում շատ տղամարդկանց ու կանանց, օրինակ՝ Սառայի, Ռաքելի, Աբիգեայի, Հովսեփի և Դավթի գեղեցիկ արտաքին տեսքը արժանիք էր համարվում։ Այնտեղ գրված է նաև Աբիսակ անունով մի աղջկա մասին, որը «չափազանց գեղեցիկ էր» (1 Թագավորներ 1։4)։
Սակայն բազմաթիվ երիտասարդների չափազանց շատ է մտահոգում իրենց արտաքինը։ Դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Նկատի առնենք հետևյալը։
-
Մի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ աղջիկների 58 տոկոսը մտածում է, թե գեր է, մինչդեռ իրականում նրանց միայն 17 տոկոսն է գեր։
-
Ըստ մեկ ուրիշ հետազոտության արդյունքների՝ շատ նիհար կանանց 45 տոկոսը մտածում է, թե շատ գեր է։
-
Փորձելով նիհարել՝ որոշ երիտասարդներ դարձել են անորեքսիայի զոհը։ Դա սննդի ընդունման խանգարում է, որը լուրջ սպառնալիք է մարդու առողջության ու կյանքի համար և տանում է սովամահության։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Իրականում մարդու ներքին անձնավորությունն է, որ նրան դարձնում է գրավիչ կամ հակառակը։ Քննենք Դավթի որդի Աբիսողոմի օրինակը։ Աստվածաշունչն ասում է.
«Չկար.... մեկը, որն այդքան շատ գովաբանվեր իր գեղեցկության համար.... Նա ոչ մի արատ չուներ» (2 Սամուել 14։25)։
Սակայն այս երիտասարդը շատ հպարտ, փառասեր անձնավորություն էր, ինչպես նաև դավաճան էր։ Այդ պատճառով Աստվածաշնչում Աբիսողոմը ներկայացվում է ոչ թե որպես դրական անձնավորություն, այլ որպես անհավատարիմ մարդ և ատելությամբ լցված ոճրագործ։
Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը մեզ խորհուրդ է տալիս.
«Հագեք նոր անձնավորությունը» (Կողոսացիներ 3։10)։
«Թող ձեր զարդարանքը չլինի արտաքուստ.... Այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը» (1 Պետրոս 3։3, 4)։
Թեև ոչ մի սխալ բան չկա, որ ցանկանաս լավ տեսք ունենալ, սակայն տեսքից շատ ավելի կարևոր է քո ներքին անձնավորությունը։ Իրականում, մարդկանց ավելի շատ կգրավեն քո լավ հատկությունները, ոչ թե քո գեղեցիկ մկաններն ու կազմվածքը։ «Բարետեսությունը անմիջապես նկատվում է, բայց մարդկանց ավելի շատ տպավորում են քո ներքին անձնավորությունը և լավ հատկությունները»,— ասում է Ֆիլիսյա անունով մի աղջիկ։
ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՆԱՅԻՐ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ
Հաճա՞խ ես քո արտաքին տեսքից հիասթափվում։
Երբևէ մտածե՞լ ես կոսմետիկ վիրահատություն անելու կամ խիստ սննդակարգ պահելու մասին՝ ֆիզիկական թերությունները շտկելու համար։
Ի՞նչը կփոխեիր քո արտաքինի մեջ, եթե հնարավորություն ունենայիր (պատասխաններդ վերցրու շրջանակի մեջ)։
-
ՀԱՍԱԿԸ
-
ՔԱՇԸ
-
ՄԱԶԵՐԸ
-
ԿԱԶՄՎԱԾՔԸ
-
ԴԵՄՔԸ
-
ՄԱՇԿԻ ԳՈՒՅՆԸ
Եթե առաջին երկու հարցերին պատասխանել ես՝ այո՛, և երրորդ հարցին պատասխանելիս շրջանակի մեջ ես վերցրել երեք կամ ավելի բառ, նկատի առ հետևյալը. ուրիշները այնքան բծախնդիր չեն քո նկատմամբ, որքան դու։ Հեշտ է ծայրահեղությունների մեջ ընկնել և չափից շատ կենտրոնանալ արտաքինի վրա (1 Սամուել 16։7)։