ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Եվրոպա
-
ԵՐԿՐՆԵՐԸ 47
-
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 744 482 011
-
ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1 611 290
-
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 834 121
Մեղմ պատասխան
Վրաստանում մի տղամարդ մոտեցավ գրականության ցուցատախտակին՝ բղավելով. «Ես ձեզ թույլ չե՛մ տա քարոզել այստեղ։ Վրաստանը ուղղափառ երկիր է»։ Ցուցատախտակի մոտ կանգնած եղբայրը բարյացակամորեն հարցրեց նրան, թե արդյոք երբևէ կարդացել է մեր գրականությունը։ Տղամարդը պատասխանեց՝ ո՛չ։ Եղբայրը նրբանկատորեն առաջարկեց նրան կարդալ որևէ հրատարակություն։
Նրա ողջամիտ մոտեցումը հանդարտեցրեց տղամարդուն, և վերջինս մի քանի հրատարակություն վերցրեց։ Մի քանի օր անց այդ մարդը վերադարձավ ու ներողություն խնդրեց իր պահվածքի համար։ Նա ասաց, որ մեր ամսագրերը կարդացել է իր կույր մոր համար։ Երկուսն էլ շատ են հավանել դրանք և կարդալու համար նոր բան են ուզում։ Այժմ այդ տղամարդը կանոնավորաբար մոտենում է մեր ցուցատախտակին, որ նոր ամսագրեր վերցնի։Խնդիրները լուծելու ավելի լավ միջոց
Ադրբեջանում երկու եղբայր ծառայության ժամանակ մոտեցան մի շենքի առաջ կանգնած երիտասարդի և սկսեցին վկայություն տալ նրան։ Երիտասարդը պատասխանեց. «Ես այդպիսի բաներ չեմ կարող լսել։ Դա մեղք է»։ Ապա հետևի գրպանից հանեց դանակն ու ասաց. «Իմ հանդեպ անարդարացիորեն են վարվել, և ես պատրաստվում եմ գնալ ու այս դանակով արդարություն հաստատել»։
Եղբայրները անակնկալի եկան, բայց ասացին. «Մարդ սպանելն է մեղք»։
Երիտասարդը հարցրեց. «Բա ի՞նչ անեմ»։ Եղբայրները կարդացին Հռոմեացիներ 12։17–21-ը և ասացին, որ վրեժխնդրությունն Աստծունն է, և որ չպետք է թույլ տանք՝ «չարը հաղթի մեզ, այլ միշտ [պետք է] բարիով հաղթենք չարին»։ Նրանք նաև ասացին, թե ինչ մեծ զորություն ունի մեղմ լեզուն, և բացատրեցին, որ եթե նա վնասի կամ սպանի ինչ-որ մեկին, նրա խիղճը կտանջի իրեն։ Իր լսածից տպավորված՝ երիտասարդը հեռացավ։
Մոտ մեկ ժամ հետո նա գտավ եղբայրներին ու ասաց. «Այն մարդու մոտից եմ գալիս, որին պատրաստվում էի սպանել։ Ես չվնասեցի նրան, բայց լուծեցի նրա հետ իմ խնդիրը։ Շնորհակալ եմ ձեզ, որ վատ բան անելուց հետ
պահեցիք ինձ»։ Վկաները բացատրեցին երիտասարդին, որ իրականում Եհովան էր օգնել նրան։Գրականության ցուցատախտակները գրավում են ոչ ակտիվ քրոջ ուշադրությունը
Նորվեգիայում ապրող մի քույր, որը մի քանի տարի առաջ հեռացել էր ճշմարտությունից, հաճախ խանութ գնալիս անցնում էր գրականության ցուցատախտակների կողքով։
Թեև այդ քույրը երբեք չէր մոտենում ցուցատախտակների մոտ կանգնած Վկաներին, սակայն գրավիչ պաստառներն ու շարժական վահանակները նրա հայացքից չէին վրիպում։ Դա, ինչպես նաև Վկաների բարեհամբույր և համեստ տեսքը նրա մեջ ցանկություն արթնացրին վերադառնալու Եհովայի ու նրա ժողովրդի մոտ։
Այդ քույրը նաև նկատեց մեր կայքի՝ jw.org-ի լոգոն և որոշեց այցելել կայք։ Նա տպավորվեց, երբ տեսավ, թե որքան հեշտ է գտնել մոտակա Թագավորության սրահի հասցեն և իմանալ ժողովի հանդիպումների անցկացման օրն ու ժամը։ Նա բեռնեց մի քանի հրատարակություններ և փոքր-ինչ անհանգիստ սրտով գնաց Սրահ։ Քույրը ջերմ ընդունելության արժանացավ, և երեցները մեկ ուրիշ քրոջ հետ պայմանավորվեցին, որ նրա հետ Աստվածաշունչ ուսումնասիրի։ Շուտով այս քույրը ընկերացավ ժողովի անդամների հետ և վերականգնեց իր հոգևոր սովորությունները։ Այժմ նա կանոնավորաբար մասնակցում է ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայությանը։ Նա երջանիկ է, որ կրկին մտերիմ փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ։
Դպրոցական ավտոբուսում քարոզում է դասընկերներին
Նորվեգիայում 15-ամյա Ռոնյոն դպրոցական ավտոբուսում իր դասարանից երեք տղայի հետ սկսեց խոսել էվոլյուցիայի մասին։ Սակայն նրանք անհարգալից վերաբերմունք դրսևորեցին նրա հավատալիքների նկատմամբ, ինչի պատճառով մեր դեռահաս քույրը անհարմար վիճակի մեջ հայտնվեց։ Քանի որ Ռոնյոն այդքան լավ պատրաստված
չէր խոսելու այդ թեմայով, երբ գնաց տուն, խնդրեց մորը օգնել իրեն գտնելու համոզիչ փաստարկներ, որ գոյություն ունի Արարիչ։Հաջորդ օրը ավտոբուսում դասընկերների հետ զրուցելիս Ռոնյոն բերեց այն փաստարկները, որ նախապատրաստել էր։ Բայց տղաները պարզապես ծիծաղեցին նրա վրա այն բանի համար, որ հավատում է Եհովային։ Նրանցից մեկը բարձրաձայն ասաց. «Այս ավտոբուսում ոչ ոք չի հավատում Եհովային։ Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր հավատում են էվոլյուցիային, և նրանք, ովքեր հավատում են Եհովային»։ Ի՜նչ մեծ զարմանք ապրեց Ռոնյոն, երբ իր կողքին նստած տարիքով ավելի փոքր տղան բարձրացրեց ձեռքը և ասաց. «Ես հավատում եմ Եհովային»։ Ուրիշ երկու երեխաներ էլ ասացին՝ ես էլ։ Ռոնյոյի և նրա դասընկերների զրույցը լսել էին մյուս աշակերտները, և ոմանց համար նրա բերած փաստարկները համոզիչ էին եղել։
Անուսում մարդը գիրք է գտնում
Մի օր արաբախոս երկու տղամարդ, որոնք Սիրիայից էին, եկան Դանիայի մասնաճյուղ։ Նրանք ընդունարանում ծառայող քույրերին ասացին, որ Եհովայի վկաների են փնտրում։ Երբ քույրերը պատասխանեցին, որ ճիշտ հասցեով են եկել, այդ տղամարդիկ անչափ ուրախացան։ Իսկ ինչպե՞ս էին նրանք իմացել մասնաճյուղի հասցեն։ Նրանք հանրային գրադարանի աշխատողներին ցույց էին տվել իրենց հեռախոսով արված մի նկար։ Այդ նկարը «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի արաբերեն հրատարակության հրատարակչական էջի նկարն էր։ Դա օգնել էր գրադարանի աշխատողներին տալու մասնաճյուղի հասցեն։
Այդ տղամարդիկ շատ դժվարությամբ էին խոսում դանիերեն։ Ուստի քույրերը ընդունարան կանչեցին մի եղբոր, որը խոսում էր արաբերեն։ Պարզվեց, որ տղամարդկանցից մեկը շատ էր ցանկանում ավելին իմանալ Աստվածաշնչի մասին։ Եղբայրը վերցրեց նրա կոնտակտային տվյալները և խոստացավ, որ շուտով մեկ ուրիշ արաբախոս եղբոր հետ կայցելի նրան։
Երբ եղբայրները գնացին այդ մարդու տուն, իմացան, որ Եհովայի վկաները երբեք չեն այցելել նրան։ Տղամարդը նրանց ասաց, որ գիրքը գտել էր իր փոստարկղում, թեև փոստարկղի վրա անուն նշված չէր, որ երևար, որ արաբախոս անհատի է պատկանում։ Քանի որ նա անուսում էր, խնդրել էր իր ընկերոջը իր համար կարդալ այդ գիրքը, և նրանք երեք օրում ավարտել էին ընթերցանությունը։ Նա համոզվել էր, որ գտել է ճշմարտությունը։
Այդ մարդը շատ դժվարություններ է կրում, քանի որ փախստական է և ապրում է իր ընտանիքից հեռու։ Սակայն նա մխիթարություն է ստանում Աստվածաշնչից։ Երբ եղբայրները առաջին անգամ նրա տուն եկան, նա հարցրեց. «Ինչո՞ւ մինչև հիմա չէիք այցելում ինձ։ Ես իսկապես դրա
կարիքն ունեմ»։ Նա շարունակում է ուսումնասիրել Աստվածաշունչը և այն, ինչ սովորում է, շատ է ոգևորում նրան։Դատարկ սիրտը ուրախությամբ լցվեց
Ուկրաինայում Դմիտրին ծխախոտ արտադրող ընկերությունում մենեջեր էր աշխատում, սակայն երբ իմացավ, թե ծխելը ինչ մեծ վնաս է հասցնում առողջությանը, հեռացավ իր բարձր վարձատրվող աշխատանքից։ Այնուհետև երեք ամսվա ընթացքում մահացան նրա մայրն ու զոքանչը։ Սիրելիների կորուստը մեծ ցնցում էր նրա համար։ Նա հույս ուներ, որ իր եկեղեցին կմխիթարի ու կպատասխանի իր հարցերին, սակայն նման բան չեղավ։ Դմիտրիի ընկերը ասաց, որ ուղղափառ քրիստոնյա լինել նշանակում է «վզին խաչ ունենալ, բայց ոչինչ չիմանալ Աստծու մասին»։ Դմիտրին սրտում դատարկություն էր զգում։ Նա հասկանում էր, որ ոչինչ չգիտի Աստծու և Աստվածաշնչի մասին։ Հուսահատված՝ Դմիտրին սկսեց աղոթել օգնության համար։ Հետո հիշեց, որ լսել է Եհովայի վկաների մասին։ Նա ինտերնետում գտավ մեր վեբ կայքը և տպավորվեց՝ տեսնելով, որ այնտեղ շատ տեղեկություն կա Աստվածաշնչի մասին։ Դմիտրին գտավ մոտակա Թագավորության սրահը։ Երբ նա եկավ կայանատեղի, սպասարկու եղբայրը ողջունեց նրան և հարցրեց, թե ինչպես կարող է օգնել։ Դմիտրին ասաց. «Ես ուզում եմ ուսումնասիրել Աստվածաշունչը»։ Արդեն վեց ամիս է, ինչ նա ուսումնասիրում է Աստվածաշունչը, կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին և մասնակցում է դրանց։
Զարգացնում են հետաքրքրությունը՝ գրություն թողնելով
Փոլն ու Ֆեյթը, որոնք ապրում են Մեծ Բրիտանիայում, հետաքրքիր զրույց ունեցան Սյուզան անունով մի կնոջ հետ և պայմանավորվեցին նորից այցելել նրան։ Երբ նրանք եկան Սյուզանի տուն, նա տանը չէր։ Հետևելով 2014 թ. նոյեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրված
խորհրդին՝ Փոլն ու Ֆեյթը մի գրություն թողեցին, որում ասում էին, որ կգան հաջորդ օրը։ Երբ նրանք եկան, զարմացան՝ տեսնելով, որ Սյուզանը դռան վրա իրենց համար մի գրություն է թողել։ Նա գրել էր, որ գնացել է աղջկա հարսանիքի համար գնումներ անելու։ Փոլն ու Ֆեյթը կրկին գրություն թողեցին՝ նշելով, որ կգան հաջորդ շաբաթ։ Հաջորդ շաբաթ, երբ նրանք եկան, Սյուզանը սպասում էր նրանց, և նրանք սկսեցին ուսումնասիրել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։Քանի որ Սյուզանի աղջիկը շուտով պետք է ամուսնանար, նա խնդրեց հետաձգել հաջորդ այցը։ Երբ ավելի ուշ Փոլն ու Ֆեյթը կրկին եկան, Սյուզանը տանը չէր, ուստի նրանք նորից գրություն թողեցին, որում նշեցին իրենց բջջային հեռախոսի համարը։ Ամուսինները շատ ուրախացան, երբ Սյուզանը տեքստային հաղորդագրություն ուղարկեց՝ գրելով, որ ափսոսում է, որ իրար չեն հանդիպել. նա այգում զրուցելիս
է եղել հարևանի հետ։ Այդ ժամանակից սկսած՝ Սյուզանը կանոնավորաբար ուսումնասիրում է Աստվածաշունչը և վերջերս ներկա է եղել ժողովի հանդիպման։Փոլն ու Ֆեյթը մարդկանց հետ կապը չկորցնելու համար հաճույքով գրություն են թողնում նրանց դռան մոտ։ «Ուրիշ մարդիկ էլ են եղել, որ կարդացել են մեր թողած գրությունը և զանգահարել մեզ։ Դա մեզ շատ է ուրախացնում»։
Նրա հավատը խթան եղավ բուժքրոջ համար
2014 թ. օգոստոսին Հունգարիայում մի եղբայր թոքային էմբոլիա հիվանդությամբ տեղափոխվեց հիվանդանոց։ Ցավոք, շուտով նա մահացավ։ Թինդե անունով մի բուժքրոջ մասին, որը շատ է օգնել այդ եղբորը, նրա կինը գրեց հետևյալը.
«2015 թ. ամռանը ես որդուս հետ ներկա էի «Ընդօրինակե՛ք Հիսուսին» տարածաշրջանային համաժողովին։ Երրորդ օրվա վերջում, երբ պատրաստվում էինք վերադառնալ տուն, կայանատեղիում մի կին մոտեցավ ինձ, վայր գցեց պայուսակները, գրկեց ու սկսեց լաց լինել։ Նա այն բուժքույրն էր, որը մոտ մեկ տարի առաջ խնամել էր ամուսնուս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա ասաց, որ ամեն հերթափոխի սկզբում յուրաքանչյուր բուժքույր նշանակվում է խնամելու մեկ հիվանդի։ Ինքը ամեն անգամ աղոթել էր, որ իրեն նշանակեն խնամելու ամուսնուս։ Եվ ամեն անգամ հենց այդպես էլ եղել էր։
Թինդեի խոսքերով՝ ամուսնուս լավ վարքը, որը նրա հավատի արդյունքն էր, ինչպես նաև հույսի մասին անընդհատ խոսելը խթան էր եղել իր համար, որ սկսի լրջորեն ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների օգնությամբ։
Թինդեն, որն այժմ ուսումնասիրում է Աստվածաշունչը, սպասում է այն ժամանակին, երբ նորից կտեսնի ամուսնուս։ Նա ցանկանում է ասել նրան, որ նրա լավ վարքն ու ամուր հավատը օգնել են իրեն ճանաչելու Եհովային և իմանալու նրա հրաշալի խոստումների մասին»։
Վկայություն՝ փոխադրամիջոցից փոխադրամիջոց
Ցույցերի և տեղադրված արգելապատնեշների պատճառով Հունաստանի և Բուլղարիայի սահմանի միջև գտնվող որոշ անցակետեր ժամանակ առ ժամանակ փակվում էին, ինչի պատճառով փոխադրամիջոցները, երկար շարքով կանգնած, ստիպված էին սպասել։ Բուլղարիայում մի ժողով, օգտվելով ստեղծված իրավիճակից, սպասող ուղևորներին սկսեց աստվածաշնչյան գրականություն առաջարկել։ Եղբայրները եկան սահմանի մոտ՝ իրենց հետ վերցնելով 12 լեզվով գրականություն։ Բեռնատար մեքենաների վարորդները, թեև ուժասպառ էին եղել և սրտնեղած էին, այնուամենայնիվ, ցանկանում էին խոսել։ Եղբայրները կարեկցանքով լսում էին նրանց, հուսադրում և քաջալերում էին։ Վարորդներից մեկը հարցրեց. «Դուք Եհովայի վկա՞ եք»։ Պատասխանը լսելուց հետո նա ավելացրեց. «Այդպես էլ գիտեի։ Քանի որ միայն Եհովայի վկաներն են այսպես քարոզում»։ Մի ավստրիացի վարորդ բարեսրտորեն կատակեց՝ ասելով. «Այստեղ էլ ձեզնից պրծում չկա։ Ապրե՛ք։ Շարունակեք մարդկանց մխիթարել և հույս տալ»։ Մեկ ուրիշն ասաց. «Երբեք ցանկություն չեմ ունեցել կարդալու ձեր գրականությունը։ Բայց հիմա հաճույքով կկարդամ»։ Իսկ մի վարորդի աչքերից արցունքներ հոսեցին, երբ մեր եղբայրը քարոզեց նրան։ Նա ասաց, որ ինքն էլ է Վկա, բայց երկար տարիներ ակտիվ չէ։ Եղբայրները հորդորեցին նրան ոչ միայն կարդալ գրականությունը, այլև կապ հաստատել ժողովի հետ։