ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Դուք ամենալավ հարևաններն եք»
2016 ԹՎԱԿԱՆԻ մայիսի 7-ին և 8-ին Կոլումբիա Հայթս, 25 (Բրուքլին, Նյու Յորք) հասցեում գտնվող գլխավոր վարչության ընդունարանում եռուզեռ էր։ Թեև սովորաբար շաբաթ-կիրակի օրերին ընդունարանն ու շրջայցերի համար նախատեսված ցուցասրահները փակ են լինում, այդ օրերը բաց դռների օրեր էին Բեթելի շրջակայքում բնակվող հարևանների համար, որոնք հրավիրվել էին՝ տեսնելու Աստվածաշնչի մեր պատմական ցուցասրահը։
Այդ միջոցառումը հրաշալի վկայություն եղավ համայնքի համար և հոգևորապես թարմացրեց մասնակիցներին։ Հատկապես քաջալերական էր դրական խոսքեր լսել այդ թաղամասում երկար տարիներ բնակվող հարևաններից։
«1960-ականներից ես տարբեր տներում եմ ապրել [Բեթելի հարևանությամբ],— ասաց մի տղամարդ։— Եվ կարող եմ ասել, որ դուք ամենալավ հարևաններն եք։ Մենք իսկապես շատ կկարոտենք ձեզ։ Կուզեինք, որ չտեղափոխվեիք»։
«Առանց ձեզ՝ այս թաղամասն այսքան չէր բարգավաճի,— ասաց մի կին։— Շնորհակալ ենք, որ այսքան տարի մեր հարևանն եք եղել»։
Այդ տարածքում ծառայող շատ ռահվիրաների համար հաճելի էր տեսնել, որ հարևանները սրտանց ու լավ արձագանքեցին հրավերին։ Նրանցից մեկը արտահայտեց իր մեծ գնահատանքը մեր կազմակերպության հանդեպ և ասաց, որ անկեղծորեն ափսոսում է, որ բաց դռների օրերին քաղաքում չի լինելու։
Այդ նախաձեռնության արդյունքները շատ քաջալերական էին։ Երկու օրվա ընթացքում 48 ոչ Վկա անհատներ այցելեցին Աստվածաշնչի ցուցասրահ։ Բաց դռների օրերին Բեթելի ընտանիքի որոշ անդամներ ընդունարանում ողջունում էին հարևաններին և զրուցում նրանց հետ։
Սելին, որը մոտ 30 տարեկան երիտասարդ կին է, երբ եկավ Բեթել, ընդունարանում հանդիպեց իրեն հրավիրատոմս տված ռահվիրաներին։ Գրեթե կես ժամ ցուցասրահում անցկացնելուց հետո նա ասաց, որ երբեք չէր մտածի, որ այնտեղ Աստվածաշնչեր կցուցադրվեին։ Ռահվիրաներն ասացին նրան, որ հաճելի է հանդիպել երիտասարդ կրթված անհատի, որը գնահատանքով է վերաբերվում Աստվածաշնչին։ Սելին պատասխանեց. «Դա շատ կարևոր է։ Միայն Աստվածաշնչի միջոցով կարող ենք իմանալ Աստծու պատգամը։ Այն կենդանի փաստաթուղթ է մեզ համար»։
Սելին ասաց, որ Աստվածաշնչի հանդեպ սերը մղել է իրեն ուսումնասիրելու լատիներեն և հունարեն, և որ ինքը շատ հետաքրքրված է թարգմանչությամբ։ Նա այն կարծիքին էր, որ
կարևոր է՝ Աստվածաշնչի թարգմանությունը ճշգրիտ լինի, որպեսզի նրա պատգամը չհարմարեցվի ինչ-որ մեկի ծրագրին։ Երբ ռահվիրաները նրան ասացին, որ մեր jw.org վեբ կայքի տեղեկությունը հիմնված է Աստվածաշնչի վրա և թարգմանված է ավելի քան 800 լեզվով, նա անչափ զարմացավ և հիացմունք արտահայտեց։ Իսկ երբ քույրերը բացատրեցին նրան, թե տարբեր թարգմանիչներ ինչպես են վարվել «Եհովա» անվան հետ, նա ցնցվեց ու հարցրեց. «Ինչո՞ւ են «Եհովա» անունը հանել Աստվածաշնչից»։ Հեռանալիս Սելին ասաց. «Ես միշտ այստեղ եմ ապրել, և դուք ամենալավ հարևաններն եք»։Երկուշաբթի՝ բաց դռների օրերից հետո, մի հոգևորական մոտեցավ Ջոն անունով մի բեթելցու, որը Բեթելի շրջակայքում մասնակցում էր գրականության ցուցատախտակով վկայություն տալու գործին։ Նա Ջոնին ասաց, որ իրեն շատ դուր է եկել բաց դռների օրը, և որ հաճելի է տեսնել, որ մենք կառչած ենք Աստվածաշնչին։ Սակայն մի փոքր զրուցելուց հետո նա հանկարծ ասաց. «Ես շատ բարկացած եմ Վկաների վրա»։ Ջոնը շփոթված հարցրեց, թե ինչու։ «Քանի որ դուք տեղափոխվում եք։ ՄՆԱՑԵ՛Ք ԱՅՍՏԵՂ։ Ինչ ուզում եք, արեք՝ ավելի մեծ շենքեր գնեք կամ կառուցեք, բայց մնացեք այստեղ։ Դուք կայունություն եք մտցնում հարևանության մեջ։ Ես այնքան ցավում եմ, որ տեղափոխվում եք»։
Ընդհանուր առմամբ հրավիրատոմսեր տարածելն ու Աստվածաշնչերի ցուցադրման համար կազմակերպված բաց դռների օրերը հիանալի վկայություն եղան Բեթելի հարևանությամբ ապրող մարդկանց համար, և առավել քան երբևէ Աստծու անունը հայտնի դարձվեց նրանց։