Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ժողովի հանդիպում՝ Սուխում քաղաքի մոտ գտնվող ծովափին (1989 թ.)

ՎՐԱՍՏԱՆ | 1924–1990 թթ.

Ճշմարտությունը որոնողներից առաջինները

Ճշմարտությունը որոնողներից առաջինները

ԴԵՌԵՎՍ 1920-ականներին Աստվածաշունչ ուսումնասիրողները ջանք էին թափում, որ բարի լուրը հայտնեին Վրաստանում բնակվող այն մարդկանց, ովքեր անկեղծորեն ուզում էին իմանալ ճշմարտությունը։ 1924 թ.-ին Բեյրութում (Լիբանան) հիմնվեց գրասենյակ՝ քարոզչական գործը Թուրքիայում, Հայաստանում, Սիրիայում և Վրաստանում վերահսկելու համար։

Թեև հնարավոր է՝ այդ ժամանակ ճշմարտության սերմերը ցանվեցին Վրաստանում, սակայն սկզբում տեսանելի արդյունքներ չեղան (Մատթ. 13։33)։ Բայց ժամանակի ընթացքում Թագավորության լուրը տարածվեց ու փոխեց այդ երկրում բնակվող շատ մարդկանց կյանքերը։

Նա արդարություն էր տենչում

Երբ բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Վասո Կվենիաշվիլին պատանի էր։ Քանի որ Վրաստանը Խորհրդային Միության մաս էր կազմում, նրա հայրը շուտով զորակոչվեց խորհրդային բանակ։ Վասոյի մայրը մահացել էր, և քանի որ Վասոն երեխաներից ամենամեծն էր, իր կրտսեր եղբայրների ու քրոջ մասին հոգ տանելու բեռը նրա վրա ընկավ։ Այդ պատճառով նա սկսեց գողությամբ զբաղվել։

Վասոն հանցախմբի անդամ դարձավ և ներգրավվեց կազմակերպված հանցավորության մեջ։ Նա պատմում է. «Մտածում էի, որ հանցագործ աշխարհում ավելի շատ արդարություն կա, քան իշխանական համակարգում կամ հասարակության մեջ»։ Սակայն Վասոն շուտով հասկացավ, որ մարդկային հասարակությունը չէր կարող առաջարկել իրեն այն, ինչ ինքը փնտրում էր։ Նա ասում է. «Ես արդարություն էի տենչում»։

Վասո Կվենիաշվիլին՝ բանտից ազատվելուց կարճ ժամանակ անց (1964 թ.)

Ի վերջո, Վասոն ձերբակալվեց իր հանցավոր գործունեության համար և աքսորվեց Սիբիր՝ ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Այնտեղ նա հանդիպեց մի Եհովայի վկայի, որը բանտարկված էր իր հավատի համար։ «Վերջապես ես գտա այն, ինչ փնտրում էի,— պատմում է Վասոն։— Քանի որ մենք գրականություն չունեինք, ես շատ բաներ սովորում էի այդ եղբորից, որը պատմում էր ինձ ճշմարտությունը»։

Երբ 1964 թ.-ին Վասոն ազատ արձակվեց, վերադարձավ Վրաստան ու փնտրեց Եհովայի վկաներին։ Այդ ընթացքում նա նամակագրական կապի մեջ էր այն Վկայի հետ, ում հետ ծանոթացել էր ճամբարում։ Ցավոք, Վասոյի այդ հավատարիմ ընկերը մահացավ, ու նա կորցրեց Աստծու ժողովրդի հետ իր կապը։ Նա գրեթե երկու տասնամյակ սպասեց, մինչև որ կրկին հանդիպեց Վկաների։ Վասոյի մասին այլ տեղեկություններ կիմանանք ավելի ուշ։

Դժվարությունները վերածվում են օրհնության

Ժողովի հանդիպում՝ անտառում

Վալենտինա Միմինոշվիլի անունով մի երիտասարդ վրացի կնոջ համար նացիստական համակենտրոնացման ճամբարում լինելը վերածվեց մեծ օրհնության։ Այնտեղ նա առաջին անգամ հանդիպեց Եհովայի վկաների։ Ամենից շատ Վալենտինային տպավորեց նրանց անսասան հավատը։ Այն, ինչ այդ Վկաները սովորեցրին նրան Աստվածաշնչից, հուզեց նրա սիրտը։

Երբ պատերազմից հետո Վալենտինան վերադարձավ տուն, սկսեց իր նոր հավատի մասին պատմել ուրիշներին։ Սակայն նրա գործունեությունը շուտով գրավեց տեղի իշխանությունների ուշադրությունը։ Վալենտինային տասը տարով դատապարտեցին և ուղարկեցին Ռուսաստան՝ ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Այնտեղ նա նորից հանդիպեց Եհովայի վկաների և ավելի ուշ մկրտվեց։

1967 թ.-ին ազատվելուց հետո Վալենտինան տեղափոխվեց Վրաստանի արևմուտք, որտեղ վերսկսեց իր քարոզչական գործունեությունը։ Սակայն այս անգամ նա զգուշություն էր դրսևորում։ Վալենտինան չգիտեր, որ շուտով իր միջոցով պատասխան էր տրվելու մի սրտաբուխ աղոթքի։

Եհովան պատասխանեց նրա աղոթքներին

1962 թ.-ին քույր Անտոնինա Գուդաձեն Սիբիրից տեղափոխվեց Վրաստան, քանի որ նրա ոչ Վկա ամուսինը որոշել էր հայրենիք վերադառնալ։ Անտոնինան ծնունդով Սիբիրից էր և ճշմարտությունը իմացել էր այնտեղ աքսորված Վկաներից։ Սակայն երբ նա բնակություն հաստատեց Խաշուրում, որը Վրաստանի արևելքում գտնվող քաղաք է, կորցրեց հավատակիցների հետ իր կապը։

Գուդաձեների ընտանիքը (1960-ականներ)

Անտոնինան պատմում է, թե Եհովան ինչպես պատասխանեց իր աղոթքներին. «Մի օր մորիցս, որը Սիբիրում էր ապրում, մի փաթեթ ստացա։ Դրա մեջ վարպետորեն թաքցրած աստվածաշնչյան գրականություն կար։ Հաջորդ վեց տարիների ընթացքում ես այդպես էի հոգևոր կերակուր ստանում։ Ամեն անգամ շնորհակալություն էի հայտնում Եհովային հոգևոր առաջնորդության, քաջալերանքի ու հոգատարության համար»։

Սակայն Խաշուր քաղաքում Անտոնինան հավատակիցներ չուներ։ Նա ասում է. «Ես շարունակ խնդրում էի Եհովային, որ օգնի ինձ՝ նորից եղբայրներիս ու քույրերիս հետ լինեմ։ Մի օր երկու կին մտան այն խանութ, որտեղ ես վաճառող էի աշխատում։ Նրանք ինձ հարցրին. «Անտոնինան դո՞ւ ես»։ Նրանց բարի դեմքերը ինձ հուշեցին, որ նրանք իմ հոգևոր քույրերն են։ Մենք գրկախառնվեցինք ու լաց եղանք»։

Այդ քույրերից մեկը Վալենտինա Միմինոշվիլին էր։ Որքա՜ն ոգևորվեց Անտոնինան, երբ իմացավ, որ Վրաստանի արևմուտքում ժողովի հանդիպումներ էին անցկացվում։ Նա սկսեց ամիսը մեկ անգամ գնալ այդ հանդիպումներին, թեև դրանք անցկացվում էին իր տնից ավելի քան 300 կիլոմետր [200 մղոն] հեռու։

Ճշմարտությունը արմատներ է գցում Վրաստանի արևմուտքում

1960-ականներին որոշ Վկաներ, ովքեր Խորհրդային Միության տարածքի շատ երկրներում իշխանությունների կողմից հալածանքի էին ենթարկվում, ձգտում էին տեղափոխվել այնպիսի վայրեր, որտեղ համեմատաբար բարենպաստ պայմաններ էին։ Նրանցից մեկը Վլադիմիր Գլադյուկն էր, որը նախանձախնդիր ու եռանդուն եղբայր էր։ 1969 թ.-ին նա Ուկրաինայից տեղափոխվեց Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդի քաղաք։

Լյուբա և Վլադիմիր Գլադյուկները

Վրաստան եկածները սկզբում ռուսերենով էին անցկացնում ժողովի հանդիպումները։ Սակայն քանի որ ավելի ու ավելի շատ վրացիներ սկսեցին կանոնավորաբար հաճախել հանդիպումներին, քայլեր ձեռնարկվեցին, որ ժողովի հանդիպումները վրացերենով անցկացվեն։ Աշակերտներ պատրաստելու գործը այնքան մեծ հաջողությամբ էր առաջ ընթանում, որ 1970 թ. օգոստոսին 12 տեղաբնակներ մկրտվեցին։

1972 թ. գարնանը Վլադիմիրն ու նրա ընտանիքը տեղափոխվեցին Սև ծովի ափին գտնվող Սուխում քաղաք։ Վլադիմիրը պատմում է. «Մենք հոգևոր առումով հարուստ էինք ու երախտապարտ էին Եհովային մեզ օրհնելու համար։ Ժողովը այնտեղ շատ արագ աճեց»։ Այդ գարնանը Սուխումում անցկացվեց առաջին Հիշատակի երեկոն, որին ներկա եղավ 45 մարդ։

«Ես լսում էի իմ ողջ սրտով ու հոգով»

Բաբուցա Ջեջելավան, որն այժմ 90-ն անց է, առաջին մարդկանցից էր, որը Սուխումում 1973 թ. սկզբին ընդունեց ճշմարտությունը և արագ առաջադիմեց։ Նա պատմում է. «Մի օր նկատեցի չորս կանանց, որոնք աշխուժորեն ինչ-որ բան էին քննարկում։ Նրանցից երկուսը միանձնուհի էին, իսկ մյուս երկուսը, ինչպես ավելի ուշ պարզեցի՝ Եհովայի վկա»։ Քույրերից մեկը Վլադիմիր Գլադյուկի կինն էր՝ Լյուբան, մյուսը՝ Իտտա Սուդարենկոն, որը Ուկրաինայից եկած շատ նախանձախնդիր ռահվիրա էր։

Բաբուցա Ջեջելավան (1979 թ. և 2016 թ.)

Բաբուցան հիշում է, թե ինչ զգաց, երբ լսեց նրանց զրույցը։ Նա ասում է. «Ես լսում էի իմ ողջ սրտով ու հոգով»։ Երբ նա լսեց, որ Աստված անուն ունի, արագ ներքաշվեց զրույցի մեջ և հարցրեց, թե արդյոք կարող է այդ անունը տեսնել Աստվածաշնչում։ Նա այնքան շատ հարցեր տվեց, որ քննարկումը երեք ժամ տևեց։

Բաբուցան վախենում էր, որ այլևս չի տեսնի այդ Վկաներին, ուստի հարցրեց. «Ի՞նչ է, ինձ այսպես թողնելու եք ու գնա՞ք»։

Քույրերը պատասխանեցին. «Ո՛չ, ձեզ չենք թողնի։ Հաջորդ շաբաթ օրը կվերադառնանք»։

Հուրախություն Բաբուցայի երկու քույրերը պահեցին իրենց խոստումը ու հաջորդ շաբաթ օրը եկան։ Անմիջապես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Այդ օրը, երբ արդեն պետք է ավարտեին ուսումնասիրությունը, Բաբուցան կրկին խնդրեց, որ իրեն վստահեցնեն, որ ինքը չի կորցնի Աստծու ժողովրդի հետ կապը։ Նա մտածեց. «Ես գտել եմ այս մարդկանց։ Հիմա պետք է հավաստիանամ, որ չեմ կորցնի նրանց»։

Բաբուցայի գլխում մի միտք ծագեց։ Նա պատմում է. «Ես գիտեի, որ Լյուբան ամուսնացած է, ուստի Իտտային հարցրի, թե արդյոք նա էլ է ամուսնացած։ Իտտան ասաց, որ ամուսին չունի։ «Այդ դեպքում տեղափոխվիր իմ բնակարան,— բացականչեցի ես։— Այնտեղ երկու մահճակալ կա, և դրանց մեջտեղում ջահ է դրված։ Մենք կարող ենք Աստվածաշունչը դնել դրա տակ և քննարկել այն նույնիսկ գիշերը»»։ Իտտան ընդունեց հրավերը և տեղափոխվեց Բաբուցայի բնակարան։

Հիշելով այդ ժամանակները՝ Բաբուցան ասում է. «Երբեմն գիշերը չէի քնում և խորհրդածում էի իմ սովորածի շուրջ։ Հանկարծ մի հարց էր ծագում գլխումս։ Այդ ժամանակ արթնացնում էի Իտտային ու ասում. «Ի՛տտա, վերցրո՛ւ Աստվածաշունչդ։ Ես հարց ունեմ»։ Աչքերը տրորելով՝ Իտտան պատասխանում էր. «Լավ, անուշի՛կս»։ Հետո բացում էր Աստվածաշունչը և ցույց էր տալիս պատասխանը»։ Երեք օր էր, ինչ Իտտան տեղափոխվել էր Բաբուցայի բնակարան, երբ վերջինս սկսեց քարոզել բարի լուրը։

Բաբուցան Նաթելա Չարգեիշվիլի անունով մի մտերիմ ընկերուհի ուներ, որը հարուստ կին էր։ Բաբուցան պատմում է. «Ես մտածում էի, որ ունեցվածքը թույլ չի տա նրան ընդունել ճշմարտությունը, բայց ուրախ եմ, որ սխալվում էի։ Ճշմարտության մասին մեր առաջին իսկ զրույցը հուզեց նրա սիրտը»։ Շատ չանցած՝ այդ երկուսը իրենց հույսի մասին նախանձախնդրորեն պատմում էին ընկերներին, աշխատակիցներին ու հարևաններին։