Գաղատացիներ 2։1-21
2 Հետո՝ 14 տարի անց, նորից գնացի Երուսաղեմ, այս անգամ՝ Բառնաբասի+ հետ: Ինձ հետ տարա նաև Տիտոսին:+
2 Գնացի, քանի որ ինձ հայտնություն էր տրվել: Այնտեղ ես հարգանք վայելող եղբայրներին ներկայացրի, թե ինչ բարի լուր եմ քարոզում ուրիշ ազգերին, որպեսզի հավաստիանամ՝ արդյոք ծառայությունս ճիշտ եմ արել և անում, որ արածս իզուր չլինի:* Այս ամենի մասին խոսեցի նրանց հետ առանձին հանդիպման ժամանակ:
3 Ու թեև Տիտոսը,+ որն ինձ հետ էր եկել, հույն էր, եղբայրները չպարտադրեցին նրան թլփատվել:+
4 Այդ հարցը բարձրացել էր ժողով սողոսկած կեղծ եղբայրների պատճառով:+ Նրանք սողոսկել են որպես լրտեսներ և ուզում են խլել մեզնից Քրիստոս Հիսուսի շնորհիվ մեր ունեցած ազատությունը+ ու մեզ կրկին Օրենքի ստրուկը դարձնել:+
5 Մենք մի փոքր անգամ չզիջեցինք ու չենթարկվեցինք նրանց,+ որպեսզի դուք կառչած մնաք բարի լուրի մեջ ամփոփված ճշմարտությանը:
6 Իսկ ինչ վերաբերում է այն հարգված եղբայրներին+ (ինձ համար էական չէ, թե ովքեր են եղել նրանք, որովհետև Աստված մարդու մասին տեսանելի բաներով չի կարծիք կազմում), իրականում նրանք ոչ մի նոր բան չհաղորդեցին ինձ:
7 Նրանք տեսան, որ ինձ վստահվել է բարի լուրը անթլփատներին քարոզելը,+ ինչպես որ Պետրոսին՝ թլփատվածներին քարոզելը:
8 (Բանն այն է, որ Աստված, ով Պետրոսին լիազորել է* առաքյալ լինելու թլփատվածների համար, ինձ էլ լիազորել է առաքյալ լինելու ուրիշ ազգերի մարդկանց համար):+
9 Երբ նրանք հասկացան, որ իմ հանդեպ անզուգական բարություն է դրսևորվել,+ Հակոբոսը,+ Կեփասը* և Հովհաննեսը, ովքեր սյուներ էին համարվում, իրենց աջ ձեռքը մեկնեցին ինձ ու Բառնաբասին՝+ որպես համագործակցության նշան. որոշվեց, որ մենք կգնանք ուրիշ ազգերի մոտ, իսկ իրենք՝ թլփատվածների:
10 Մեզ պարզապես խնդրեցին, որ ուշադիր լինենք աղքատների կարիքների հանդեպ, և ես հենց դա էլ ջանացել եմ անել:+
11 Բայց երբ Կեփասը+ եկավ Անտիոք,+ ես ուղիղ խորհուրդ տվեցի նրան, որովհետև նա ակնհայտորեն սխալ էր պահում իրեն:
12 Նա սովորաբար այլազգի մարդկանց հետ հաց էր ուտում,+ բայց երբ Հակոբոսի+ մոտից որոշ մարդիկ եկան, մի կողմ քաշվեց և առանձնացավ նրանցից՝ վախենալով թլփատված մարդկանց կարծիքից:+
13 Մյուս հրեաներն էլ միացան նրան և սկսեցին կեղծավորություն անել, այնպես որ նույնիսկ Բառնաբասը ներքաշվեց նրանց կեղծավորության մեջ:
14 Տեսնելով, որ նրանք բարի լուրի մեջ ամփոփված ճշմարտության համաձայն չեն վարվում՝+ բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, հրեա լինելով հանդերձ, հրեաների պես չես ապրում, այլ ուրիշ ազգերի մարդկանց պես ես ապրում, էլ ինչո՞ւ ես ուզում ուրիշ ազգերի մարդկանց ստիպել, որ հրեաների սովորույթների համաձայն ապրեն»:+
15 Մենք, որ ծնունդով հրեա ենք և ոչ թե «մեղսագործ» այլազգիներ,
16 գիտենք, որ մարդը արդար է հայտարարվում ոչ թե Օրենքով պահանջված գործերն անելով, այլ միայն Քրիստոս Հիսուսի+ հանդեպ հավատով:+ Ուստի մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որ արդար հայտարարվենք նրա հանդեպ հավատով, ոչ թե Օրենքով պահանջված գործերով, որովհետև ոչ ոք չի կարող արդար հայտարարվել դրանց հիման վրա:+
17 Եվ եթե մեզ, որ ձգտում ենք Քրիստոսին հավատալով արդար հայտարարվել, նույնպես մեղավոր են համարում, ուրեմն ի՞նչ, Քրիստոսը մեղքի՞ է տանում:* Իհա՛րկե ոչ:
18 Եթե կրկին կառուցեմ այն ամենը, ինչ մի ժամանակ քանդել եմ, ապա կստացվի, որ ես Օրենքը խախտող եմ:
19 Օրենքի միջոցով ես մահացել եմ Օրենքի համար,+ որ ապրեմ Աստծու համար:
20 Քրիստոսի հետ միասին ես գամվել եմ սյանը,+ և հիմա ոչ թե ես եմ ապրում,+ այլ Քրիստոսը, ում հետ միավորվել եմ: Այո՛, իմ այս կյանքը ապրում եմ այն հավատով, որ ունեմ Աստծու Որդու հանդեպ,+ ով սիրեց ինձ և իր կյանքը զոհեց ինձ համար:+
21 Ես չեմ հրաժարվում Աստծու անզուգական բարությունից.+ չէ՞ որ եթե հնարավոր լիներ Օրենքի միջոցով արդար հայտարարվել, Քրիստոսի մահն իզուր կլիներ:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «[արդյոք] զուր տեղը չեմ վազել և վազում»:
^ Կամ՝ «զորություն է տվել»:
^ Հայտնի է նաև որպես Պետրոս:
^ Բռց.՝ «մեղքի սպասավո՞ր է»: