Դանիել 2։1-49

  • Նաբուգոդոնոսոր թագավորը տագնապեցնող երազ է տեսնում (1-4)

  • Իմաստուններից ոչ մեկը չի կարողանում պատմել ու մեկնել երազը (5-13)

  • Դանիելը օգնության համար դիմում է Աստծուն (14-18)

  • Դանիելը փառաբանում է Աստծուն գաղտնիքը բացահայտելու համար (19-23)

  • Դանիելը թագավորին պատմում է նրա երազը (24-35)

  • Երազի մեկնությունը (36-45)

    • Թագավորության քարը ջարդուփշուր է անում արձանը (44, 45)

  • Թագավորը պատվի է արժանացնում Դանիելին (46-49)

2  Իր իշխանության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ, որոնց պատճառով այնքան տագնապեց,+ որ կորցրեց քունը:  Ուստի թագավորը կանչել տվեց մոգությամբ զբաղվող քրմերին, ոգի կանչողներին, կախարդներին ու քաղդեացիներին,* որպեսզի պատմեն իր երազները, և նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ:+  Թագավորն ասաց նրանց. «Ես մի երազ եմ տեսել ու շատ տագնապած եմ: Ուզում եմ իմանալ, թե ինչ երազ էր դա»:  Քաղդեացիները թագավորին արամերեն+ ասացին.* «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր: Պատմիր երազը ծառաներիդ, ու մենք կտանք դրա մեկնությունը»:  Ի պատասխան՝ թագավորն ասաց նրանց. «Իմ որոշումը սա է. եթե դուք չպատմեք ինձ այդ երազը և չմեկնեք այն, ձեզ կտոր-կտոր կանեն ու ձեր տները հասարակական արտաքնոց* կդարձնեն:  Բայց եթե պատմեք ու մեկնեք երազը, ես ձեզ առատորեն կվարձատրեմ և մեծ պատվի կարժանացնեմ:+ Ուրեմն պատմեք երազը ու մեկնեք այն»:  Նրանք երկրորդ անգամ ասացին. «Թող թագավորն իր ծառաներին պատմի երազը, ու մենք կտանք դրա մեկնությունը»:  Թագավորն ասաց. «Ես լավ գիտեմ, որ փորձում եք ժամանակ շահել, քանի որ լսեցիք, թե ինչ որոշում կայացրի:  Եթե ինձ չպատմեք երազը, բոլորիդ նույն պատիժն է սպասում: Դուք պայմանավորվել եք սուտ բաներ ասել ու խաբել ինձ՝ հույս ունենալով, որ մի բան կփոխվի: Հիմա պատմե՛ք ինձ երազը, ու ես կիմանամ, որ դուք կարող եք մեկնել այն»: 10  Քաղդեացիներն ասացին թագավորին. «Երկրի վրա չկա մի մարդ, որ կարողանա կատարել թագավորի պահանջը: Ոչ մի մեծ թագավոր կամ կառավարիչ նման բան երբևէ չի խնդրել մոգությամբ զբաղվող քրմերից, ոգի կանչողներից կամ քաղդեացիներից: 11  Թագավորը դժվար բան է պահանջում, և չկա մեկը, որ կարողանա պատմել այն՝ բացի աստվածներից, որոնք մահկանացուների հետ չեն բնակվում»: 12  Այդ պահին թագավորը կատաղեց և հրամայեց վերացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին:+ 13  Հրամանը դուրս եկավ, և իմաստուններին պատրաստվում էին կոտորել: Դանիելին ու նրա ընկերներին նույնպես սկսեցին փնտրել, որ սպանեն: 14  Այդ ժամանակ Դանիելը խոհեմությամբ ու զգուշությամբ խոսեց թագավորի թիկնապահների պետի՝ Արիոքի հետ, որը դուրս էր եկել սպանելու Բաբելոնի իմաստուններին: 15  Նա հարցրեց Արիոքին՝ բարձրաստիճան պալատականին. «Ինչո՞ւ է թագավորը այդքան խիստ հրաման արձակել»: Արիոքն էլ Դանիելին պատմեց եղածը:+ 16  Ուստի Դանիելը մտավ թագավորի մոտ ու խնդրեց, որ իրեն ժամանակ տա երազի մեկնությունը հայտնելու համար: 17  Այնուհետև Դանիելը գնաց տուն և ամեն ինչ պատմեց իր ընկերներ Հանանիային, Միսայելին և Ազարիային: 18  Դանիելը խնդրեց իր ընկերներին աղոթել երկնքի Աստծուն,* որ նա գթասիրտ լինի իրենց հանդեպ ու բացահայտի այդ գաղտնիքը, որպեսզի իրենք Բաբելոնի մյուս իմաստունների հետ չկործանվեն: 19  Գիշերը Աստված տեսիլքում Դանիելին բացահայտեց գաղտնիքը,+ և նա փառաբանեց երկնքի Աստծուն: 20  Դանիելն ասաց. «Թող Աստծու անունը փառաբանվի հավիտյանս հավիտենից,Որովհետև միայն նրանն են իմաստությունն ու զորությունը:+ 21  Նա փոխում է ժամանակներն ու ժամկետները,+Թագավորներ է գահընկեց անում ու նշանակում,+Իմաստություն է տալիս իմաստուններին և գիտելիք՝ խորաթափանցներին:+ 22  Նա բացահայտում է խորունկ և ծածուկ բաները,+Գիտի, թե ինչ կա խավարում,+Եվ լույսը նրա հետ է բնակվում:+ 23  Ո՛վ իմ նախահայրերի Աստված,Գովաբանում եմ քեզ ու շնորհակալություն հայտնում,Որովհետև իմաստություն և զորություն տվեցիր ինձ: Դու հայտնեցիր ինձ այն, ինչի մասին խնդրել էինք քեզ,Հայտնեցիր մեզ, թե ինչն է անհանգստացնում թագավորին»:+ 24  Ապա Դանիելը մտավ Արիոքի մոտ, որին թագավորը կարգադրել էր վերացնել Բաբելոնի իմաստուններին,+ և ասաց. «Բաբելոնի իմաստուններից ոչ ոքի մի՛ սպանիր, տար ինձ թագավորի մոտ, ու ես նրան կհայտնեմ երազի մեկնությունը»: 25  Արիոքը Դանիելին շտապ տարավ թագավորի մոտ ու ասաց նրան. «Հուդայից գերեվարվածների մեջ մի մարդ եմ գտել,+ ով կարող է թագավորին հայտնել երազի մեկնությունը»: 26  Թագավորը հարցրեց Դանիելին, որին Բաղդասասար էին կոչում.+ «Դու իրո՞ք կարող ես պատմել իմ տեսած երազը և մեկնել այն»:+ 27  Դանիելը պատասխանեց. «Այն գաղտնիքը, որի մասին թագավորը հարցնում է, ո՛չ իմաստունները, ո՛չ ոգի կանչողները, ո՛չ մոգությամբ զբաղվող քրմերը և ո՛չ էլ աստղագուշակները չեն կարող հայտնել նրան:+ 28  Սակայն երկնքում գաղտնիքներ Բացահայտող Աստված կա,+ և նա հայտնել է Նաբուգոդոնոսոր թագավորին, թե ինչ է լինելու վերջին օրերում: Ահա թե ինչ երազ ու տեսիլքներ ես տեսել քո անկողնում: 29  Ո՛վ թագավոր, երբ քո անկողնում ապագայի մասին մտքերը կլանեցին քեզ, գաղտնիքներ Բացահայտողը հայտնեց քեզ, թե ինչ է լինելու: 30  Իսկ ինձ այս գաղտնիքը բացահայտվեց ոչ թե նրա համար, որ ես ուրիշներից ավելի իմաստուն եմ, այլ որ երազի մեկնությունը հայտնի դարձնեմ թագավորին, և որ իմանաս, թե ինչ մտքեր ես ունեցել:+ 31  Դու, ո՛վ թագավոր, նայում էիր և ահա մի հսկա արձան տեսար: Այդ ահռելի մեծ ու շլացուցիչ փայլ ունեցող արձանը, որն ահազդու տեսք ուներ, կանգնած էր քո առաջ: 32  Արձանի գլուխը ընտիր ոսկուց էր,+ կրծքավանդակն ու ձեռքերը՝ արծաթից,+ որովայնն ու ազդրերը պղնձից էին,+ 33  սրունքները՝ երկաթից,+ իսկ ոտնաթաթերի մի մասը երկաթից էր, մի մասը՝ կավից:+ 34  Մինչ դու նայում էիր, լեռից մի քար պոկվեց, բայց ոչ մարդու ձեռքով: Այն հարվածեց արձանի ոտնաթաթերին, որոնք երկաթից ու կավից էին, և ջարդուփշուր արեց դրանք:+ 35  Այդ ժամանակ երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին միասին ջարդուփշուր եղան և ամառային կալի* մղեղի* պես դարձան: Քամին քշեց-տարավ դրանք, այնպես որ դրանց հետքն անգամ չմնաց: Իսկ այն քարը, որը հարվածել էր արձանին, մեծ լեռ դարձավ ու տարածվեց ողջ երկրով մեկ: 36  Սա էր երազը, և հիմա մենք թագավորին կհայտնենք դրա մեկնությունը: 37  Ո՛վ թագավոր՝ թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն,+ զորություն, ուժ և փառք է տվել, 38  որին իշխանություն է տվել մարդկանց վրա, որտեղ էլ որ նրանք ապրեն, ինչպես նաև գազանների ու թռչունների վրա, և որին նա ղեկավար է նշանակել նրանց բոլորի վրա,+ այդ ոսկե գլուխը դու ես:+ 39  Բայց քեզնից հետո ուրիշ թագավորություն է ի հայտ գալու,+ որը, սակայն, քեզ պես հզոր չի լինելու: Հետո մեկ ուրիշ թագավորություն է ի հայտ գալու՝ երրորդը, որը պղնձի հատվածն է, և իշխելու է ողջ երկրի վրա:+ 40  Իսկ հաջորդ թագավորությունը՝ չորրորդը, երկաթի պես ամուր է լինելու,+ որովհետև ինչպես երկաթն է կոտրում ու փշրում ամեն ինչ, այնպես էլ նա է կոտրելու և ջարդուփշուր անելու այդ բոլոր թագավորությունները:+ 41  Դու տեսար, որ ոտնաթաթերի ու մատների մի մասը կավից էր, մի մասն էլ՝ երկաթից: Նույն ձևով էլ թագավորությունն է բաժանված լինելու: Բայց այն որոշ չափով երկաթի ամրություն է ունենալու. չէ՞ որ տեսար, որ փափուկ կավը երկաթի հետ էր խառնված: 42  Այն, որ ոտքի մատների մի մասը երկաթից էր, մի մասը՝ կավից, նշանակում է, որ թագավորությունը մասամբ հզոր է լինելու, մասամբ՝ դյուրաբեկ: 43  Եվ այն, որ երկաթը փափուկ կավի հետ խառնված տեսար, նշանակում է, որ նրանք* խառնվելու են մարդկանց* հետ, բայց չեն միավորվելու, ինչպես որ երկաթը կավի հետ չի միախառնվում: 44  Այդ թագավորների օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու,+ որը երբեք չի կործանվելու+ և ուրիշ ժողովրդի* չի տրվելու:+ Այն ջախջախելու է և վերջ է դնելու այդ բոլոր թագավորություններին.+ միայն ինքն է մնալու հավիտյան:+ 45  Չէ՞ որ դու տեսար, որ լեռից քար պոկվեց, բայց ոչ մարդու ձեռքով, և ջարդուփշուր արեց երկաթը, պղինձը, կավը, արծաթն ու ոսկին:+ Մեծ Աստվածը հայտնել է թագավորին, թե ինչ է լինելու ապագայում:+ Երազը կատարվելու է, և դրա մեկնությունը վստահարժան է»: 46  Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը, ծնկի գալով, խոնարհվեց Դանիելի առաջ և պատվեց նրան: Նա հրամայեց, որ Դանիելին նվեր տան և նրա պատվին խունկ ծխեցնեն: 47  Թագավորն ասաց Դանիելին. «Իրոք որ, ձեր Աստվածը աստվածների Աստվածն է, թագավորների Տերն է և գաղտնիքներ Բացահայտողն է, որովհետև դու կարողացար բացահայտել այս գաղտնիքը»:+ 48  Թագավորը Դանիելին բարձր դիրքի արժանացրեց և բազմաթիվ ընտիր նվերներ տվեց: Նա նրան դարձրեց Բաբելոնի ողջ մարզի կառավարիչը+ և Բաբելոնի բոլոր իմաստունների գլխավոր վերակացուն: 49  Դանիելի խնդրանքով թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին+ նշանակեց՝ տնօրինելու Բաբելոնի մարզի գործերը, իսկ Դանիելը մնաց ծառայելու թագավորի արքունիքում:

Ծանոթագրություններ

Այսպես էր կոչվում այն խմբավորումը, որը զբաղվում էր գուշակությամբ:
Դանիել 2:4բ-7:28-ը գրվել է արամերենով:
Կամ հնարավոր է՝ «աղբակույտ», «արտաթորանքի կույտ»:
Բառարանում տես «Երկնքի Աստված»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Այսինքն՝ հացահատիկի թեփի:
Ըստ ամենայնի, վերաբերում է այն բանին, ինչը ներկայացված է երկաթով:
Կամ՝ «մարդկային սերնդի»: Այսինքն՝ հասարակ մարդկանց:
Խոսքը որևէ այլ ժողովրդի ղեկավարի մասին է: