Ծննդոց 2։1-25
2 Այսպիսով՝ ավարտին հասավ երկնքի, երկրի և դրանցում եղող ամեն բանի* արարումը:+
2 Նախքան յոթերորդ օրը Աստված ավարտեց այն աշխատանքը, որ անում էր, և յոթերորդ օրը սկսեց հանգստանալ+ իր արած ողջ աշխատանքից:*
3 Աստված օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հայտարարեց, որովհետև այդ օրը սկսեց հանգստանալ իր ողջ ստեղծագործ աշխատանքից, որ արել էր իր նպատակի համաձայն:
4 Սա է պատմությունը այն ժամանակահատվածի, երբ ստեղծվեցին երկինքն ու երկիրը՝+ այն օրվա, երբ Եհովա* Աստված արարեց դրանք:
5 Երկրի վրա դեռ չկային թփեր և այլ բուսականություն. Եհովա Աստված երկրի վրա անձրև չէր բերել, և մարդ չկար, որ հողը մշակեր:
6 Բայց երկրից գոլորշի էր բարձրանում և խոնավացնում էր երկրի ողջ մակերեսը:
7 Եհովա Աստված հողից+ կազմավորեց մարդուն ու նրա քթանցքերի մեջ կյանքի շունչ+ փչեց, և մարդը կենդանի էակ* դարձավ:+
8 Եհովա Աստված Եդեմում՝+ արևելյան կողմում, մի պարտեզ տնկեց և իր ստեղծած մարդուն+ բնակեցրեց այնտեղ:
9 Եհովա Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ գեղեցիկ տեսք ունեցող և ուտելու լավ պտուղներ տվող: Բացի այդ՝ նա պարտեզի մեջտեղում աճեցրեց կյանքի ծառը,+ ինչպես նաև բարին ու չարը որոշելու ծառը:*+
10 Եդեմից մի գետ էր դուրս գալիս ու ջրում պարտեզը և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղի:
11 Առաջինի անունը Փիսոն է: Այն եզերում է Եվիլայի ողջ երկիրը, որտեղ ոսկի կա:
12 Այդ երկրի ոսկին լավն է: Այնտեղ նաև անուշահոտ խեժ* և եղնգնաքար* կա:
13 Երկրորդի անունը Գեհոն է: Այդ գետը եզերում է Քուշի ողջ երկիրը:
14 Երրորդի անունը Տիգրիս*+ է: Այն հոսում է Ասորեստանից+ արևելք ընկած տարածքով: Իսկ չորրորդ գետը Եփրատն+ է:
15 Եհովա Աստված մարդուն բնակեցրեց Եդեմի պարտեզում, որ նա մշակի ու խնամի այն:+
16 Եհովա Աստված նաև այսպիսի պատվեր տվեց մարդուն. «Պարտեզի բոլոր ծառերից կարող ես ուտել,+ ինչքան ուզում ես,
17 բայց բարին ու չարը որոշելու ծառից* չուտե՛ս, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ կմեռնես»:+
18 Հետո Եհովա Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա: Նրա համար իրեն համապատասխան* մի օգնական ստեղծեմ»:+
19 Եհովա Աստված, որ հողից ստեղծել* էր բոլոր վայրի կենդանիներին ու երկնքի բոլոր թևավոր արարածներին, սկսեց նրանց բերել մարդու մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա ամեն մեկին: Եվ ինչ անուն որ մարդը տալիս էր յուրաքանչյուր կենդանի արարածի,* դա էլ լինում էր նրա անունը:+
20 Այսպիսով՝ մարդը անուններ տվեց բոլոր ընտանի կենդանիներին, երկնքի թևավոր արարածներին և բոլոր վայրի կենդանիներին: Այդ ժամանակ մարդը իրեն համապատասխան ոչ մի օգնական չուներ:
21 Ուստի Եհովա Աստված խոր քուն բերեց մարդու վրա ու, մինչ նա քնած էր, վերցրեց նրա կողոսկրերից մեկը և փակեց այդ մասը:
22 Եհովա Աստված մարդուց վերցրած կողոսկրից կին ստեղծեց* ու նրան բերեց մարդու մոտ:+
23 Այդ ժամանակ մարդն ասաց.
«Ահա վերջապես ոսկոր՝ իմ ոսկրից,Ահա մարմին՝ իմ մարմնից:
Նա կին* է կոչվելու,Քանի որ մարդուց է վերցված»:+
24 Դրա համար էլ տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,* և նրանք մեկ մարմին կդառնան:+
25 Երկուսն էլ՝ թե՛ տղամարդը, թե՛ կինը, մերկ էին,+ բայց չէին ամաչում:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «դրանց ողջ զորքի»:
^ Կամ՝ «դադար տվեց իր ողջ ստեղծագործ աշխատանքին»:
^ Առաջին անգամ այստեղ է հանդիպում Աստծու անձնանունը՝ יהוה (ՅՀՎՀ): Տես հավելված Ա4:
^ Բռց.՝ «բարու և չարի գիտության ծառը»: Այս ծառը խորհրդանշում էր մարդկանց համար բարու և չարի չափանիշներ սահմանելու Աստծու իրավունքը:
^ Կամ՝ «քարախունկ»:
^ Կամ՝ «օնիքս»:
^ Բռց.՝ «Հիդդեկել»:
^ Բռց.՝ «բարու և չարի գիտության ծառից»:
^ Կամ՝ «լրացնող»:
^ Կամ՝ «ստեղծում»:
^ Կամ՝ «հոգու»:
^ Բռց.՝ «շինեց»:
^ Բռց.՝ «կինմարդ»: Եբր.-ում «մարդ» և «կին» բառերը շատ նման են:
^ Կամ՝ «միշտ կմնա իր կնոջ հետ»: Եբր. բառը նշանակում է «ամուր կպչել, ասես սոսնձով»: