Ծննդոց 48։1-22
48 Այս ամենից հետո Հովսեփին տեղեկացրին. «Հայրդ գնալով տկարանում է»: Ուստի Հովսեփը վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին,+ և գնաց նրա մոտ:
2 Հակոբին ասացին. «Որդիդ է եկել քեզ մոտ՝ Հովսեփը»: Իսրայելը հավաքեց ուժերը և նստեց անկողնում:
3 Հակոբն ասաց Հովսեփին.
«Ամենակարող Աստված երևաց ինձ Լուզում՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ՝+
4 ասելով. «Ես այնպես կանեմ, որ շատ սերունդներ ունենաս, ու սերունդներդ բազմապատկվեն: Քեզ մեծաթիվ ժողովրդի հայր կդարձնեմ*+ և այս երկիրը քեզնից հետո եկող քո սերնդին կտամ որպես մնայուն սեփականություն»:+
5 Քո երկու որդիները, որոնց մինչև իմ գալը ունեցել ես այստեղ՝ Եգիպտոսում, այժմ իմը կլինեն.+ Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմը կլինեն:+
6 Իսկ այն երեխաները, որոնց կունենաս նրանցից հետո, քոնը կլինեն: Նրանք իրենց եղբայրների անունով կկոչվեն և նրանց ժառանգությունից բաժին կստանան:+
7 Իսկ ես... ես կորցրի իմ Ռաքելին,+ երբ գալիս էի Փադանից: Այդ ժամանակ Քանանում էի: Եվ քանի որ մինչև Եփրաթա,+ այսինքն՝ Բեթլեհեմ+ հասնելը դեռ շատ կար, նրան թաղեցի այնտեղ տանող ճանապարհին»:
8 Հետո տեսնելով Հովսեփի որդիներին՝ Իսրայելը հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»:
9 Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված տվել է ինձ այստեղ»:+ Նա էլ ասաց. «Խնդրում եմ, մոտ բեր նրանց, որ օրհնեմ»:+
10 Ծերության պատճառով Իսրայելի տեսողությունը վատացել էր, և նա հազիվ էր տեսնում: Ուստի Հովսեփը մոտեցրեց իր որդիներին, և նա համբուրեց ու գրկեց նրանց:
11 Իսրայելն ասաց Հովսեփին. «Մտքովս անգամ չէր անցնի, որ նորից կտեսնեմ քեզ,+ բայց Աստված թույլ տվեց, որ քո զավակներին էլ տեսնեմ»:
12 Այդ ժամանակ Հովսեփը որդիներին մի կողմ տարավ հոր մոտից* ու մինչև գետին խոնարհվեց:
13 Ապա իր երկու որդիներին կրկին մոտեցրեց հորը. Եփրեմին+ իր աջ ձեռքով կանգնեցրեց Իսրայելի ձախ կողմում, իսկ Մանասեին+ ձախ ձեռքով կանգնեցրեց Իսրայելի աջ կողմում:
14 Սակայն Իսրայելը մեկնեց աջ ձեռքը և դրեց Եփրեմի գլխին, թեև նա կրտսերն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին: Նա իր ձեռքերը միտումնավոր այդպես դրեց, թեև գիտեր, որ Մանասեն էր առաջնեկը:+
15 Նա օրհնեց Հովսեփին+ ու ասաց.
«Ճշմարիտ Աստված, ում ծառայել են* իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը,+Ճշմարիտ Աստված, ով իմ ողջ կյանքում հովվել ու մինչ օրս էլ հովվում է ինձ,+
16 Նա, ով իր հրեշտակի միջոցով ազատել է ինձ ամեն փորձանքից,+ թող օրհնի տղաներին:+
Թող իմ ու հայրերիս՝ Աբրահամի և Իսահակի անունը պահպանվի նրանց միջոցով,*Եվ թող նրանք շատանան ու մեծաթիվ դառնան երկրի վրա»:+
17 Երբ Հովսեփը տեսավ, որ հայրը աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխին, դա նրան դուր չեկավ: Ուստի փորձեց հոր ձեռքը Եփրեմի գլխից վերցնել ու դնել Մանասեի գլխին:
18 Նա ասաց հորը. «Ո՛չ, հա՛յր իմ, առաջնեկը+ սա է: Աջ ձեռքդ նրա՛ գլխին դիր»:
19 Բայց հայրը չհամաձայնվեց ու ասաց. «Գիտեմ, որդի՛ս, գիտեմ: Նա նույնպես ժողովուրդ կդառնա և նույնպես մեծ կլինի: Բայց նրա կրտսեր եղբայրը ավելի մեծ կլինի, և նրա սերունդները շատ կլինեն,+ այնքան շատ, որ նրանցից հնարավոր կլիներ ազգեր կազմել»:*+
20 Այդ օրը նա շարունակեց օրհնել նրանց+ և ասաց.
«Թող Իսրայելը* օրհնանք տալիս քո անունը հիշատակի՝ ասելով.
«Թող Աստված օրհնի քեզ, ինչպես Եփրեմին ու Մանասեին»»:
Այդպես նա Եփրեմին Մանասեից առաջ դրեց:
21 Հետո Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես շուտով մեռնելու եմ,+ բայց Աստված ձեզ հետ կլինի և ձեզ կվերադարձնի ձեր նախահայրերի երկիր:+
22 Այն երկրից, որն իմ սրով ու իմ աղեղով եմ վերցրել ամորհացիների ձեռքից, ես քեզ մի բաժին* ավել եմ տալիս, քան քո եղբայրներին»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ազգերի ժողով կդարձնեմ»:
^ Բռց.՝ «նրա ծնկներից»:
^ Բռց.՝ «առաջ քայլել են»:
^ Բռց.՝ «կանչվի նրանց վրա»:
^ Բռց.՝ «և նրա սերունդները ազգերի ամբողջություն կլինեն»:
^ Խոսքը ժողովրդի մասին է:
^ Կամ՝ «մեկ լանջ»: Բռց.՝ «մեկ ուս»: