Հովհաննես 11։1-57
11 Ղազարոս անունով մի մարդ կար, որը հիվանդ էր: Նա Բեթանիա գյուղից էր. նրա քույրեր Մարիամն ու Մարթան+ նույնպես այնտեղ էին ապրում:
2 Սա այն Մարիամն էր, որը Տիրոջ ոտքերին անուշահոտ յուղ լցրեց և դրանք սրբեց իր մազերով:+ Նրա եղբայր Ղազարոսն էր հիվանդ:
3 Ուստի նրա քույրերը այս լուրն ուղարկեցին Հիսուսին. «Տե՛ր, նա, ում սիրում* ես, հիվանդ է»:
4 Սակայն երբ Հիսուսը լսեց դա, ասաց. «Այս հիվանդությունը ոչ թե մահվան է տանելու, այլ փառք է բերելու Աստծուն+ և նրա Որդուն»:
5 Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին:
6 Սակայն լսելով, որ Ղազարոսը հիվանդ է՝ նա երկու օր ևս մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր:
7 Նա աշակերտներին ասաց. «Եկեք նորից գնանք Հրեաստան»:
8 Աշակերտները պատասխանեցին. «Ռաբբի՛,+ մինչև վերջերս հրեաները ուզում էին քարկոծել քեզ,+ և դու նորից ուզում ես այնտե՞ղ գնալ»:
9 Հիսուսն ասաց. «Մի՞թե օրվա մեջ 12 ժամ լույս չէ:+ Եթե մեկը այդ ժամանակ է քայլում, չի սայթաքում, որովհետև տեսնում է այս աշխարհի լույսը:
10 Բայց եթե մեկը գիշերով է քայլում, սայթաքում է, որովհետև նրա մեջ լույս չկա»:
11 Հետո նա ասաց. «Մեր ընկեր Ղազարոսը քնել է,+ բայց ես գնում եմ՝ արթնացնեմ նրան»:
12 Աշակերտներն ասացին. «Տե՛ր, եթե քնել է, կառողջանա»:
13 Սակայն Հիսուսը նկատի ուներ, որ Ղազարոսը մահացել է, իսկ նրանք կարծում էին, թե նա սովորական քնի մասին է խոսում:
14 Այդ ժամանակ Հիսուսը պարզ ասաց. «Ղազարոսը մահացել է:+
15 Ես ուրախ եմ, որ այնտեղ չէի, որովհետև այն, ինչ անելու եմ, կամրացնի ձեր հավատը: Եկեք գնանք նրա մոտ»:
16 Թովմասը, որին Երկվորյակ էին կոչում, մյուս աշակերտներին ասաց. «Եկեք մենք էլ գնանք նրա հետ մեռնելու»:+
17 Երբ Հիսուսը տեղ հասավ, իմացավ, որ Ղազարոսը արդեն չորս օր է, ինչ գերեզմանում է:
18 Բեթանիան Երուսաղեմին մոտ էր գտնվում՝ շուրջ երեք կիլոմետր* հեռավորության վրա:
19 Շատ հրեաներ եկել էին մխիթարելու Մարթային ու Մարիամին, որոնք սգում էին իրենց եղբոր մահը:
20 Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը+ տանը մնաց:
21 Մարթան ասաց Հիսուսին. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա:
22 Բայց հիմա էլ համոզված եմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, նա կտա քեզ»:
23 Հիսուսն ասաց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի»:
24 Մարթան ասաց. «Գիտեմ, որ վերջին օրը՝ հարության ժամանակ, հարություն կառնի»:+
25 Հիսուսն էլ ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը:+ Ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա:
26 Եվ ամեն ոք, ով ողջ է և հավատում է ինձ, երբեք չի մահանա:+ Հավատո՞ւմ ես դրան»:
27 Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր. հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, նա, ով աշխարհ պետք է գար»:
28 Այս խոսքերն ասելուց հետո նա գնաց և կանչեց իր քույր Մարիամին՝ շշնջալով. «Ուսուցիչն+ այստեղ է: Նա կանչում է քեզ»:
29 Սա լսելուն պես Մարիամը շտապ վեր կացավ ու գնաց նրա մոտ:
30 Հիսուսը դեռ չէր մտել գյուղ, այլ այնտեղ էր, որտեղ Մարթան դիմավորել էր նրան:
31 Այն հրեաները, որոնք Մարիամի հետ տանն էին և մխիթարում էին նրան, տեսնելով, որ Մարիամը շտապ վեր կացավ ու դուրս գնաց, նրա հետևից գնացին՝ կարծելով, թե նա գերեզման է գնում,+ որ այնտեղ լաց լինի:
32 Տեսնելով Հիսուսին՝ Մարիամը նրան ընդառաջ գնաց, ոտքերն ընկավ ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»:
33 Երբ Հիսուսը տեսավ, որ Մարիամը և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, խոր հոգոց հանեց* և հուզվեց:
34 Նա հարցրեց. «Որտե՞ղ եք դրել նրան»: Նրանք պատասխանեցին. «Տե՛ր, արի ու տես»:
35 Հիսուսն արտասվեց:+
36 Հրեաներն ասացին. «Տեսեք, թե որքա՜ն էր սիրում նրան»:
37 Բայց նրանցից ոմանք ասացին. «Այս մարդը, որ կույրին բուժեց,+ մի՞թե չէր կարող այնպես անել, որ Ղազարոսը չմեռներ»:
38 Հիսուսը դարձյալ խոր հոգոց հանեց ու մոտեցավ գերեզմանին: Այն մի քարայր էր, որի մուտքը փակված էր մեծ քարով:
39 Նա ասաց. «Քարը մի կո՛ղմ տարեք»: Մարթան՝ ննջեցյալի քույրը, ասաց. «Տե՛ր, չորրորդ օրն է. պետք է որ արդեն հոտած լինի»:
40 Հիսուսն էլ ասաց. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը»:+
41 Ուստի քարը մի կողմ տարան: Հիսուսն իր աչքերը դեպի երկինք բարձրացրեց+ ու ասաց. «Հա՛յր, շնորհակալ եմ, որ լսեցիր ինձ:
42 Ճիշտ է, գիտեմ, որ միշտ լսում ես ինձ, բայց սա ասում եմ, որպեսզի այստեղ կանգնած ժողովուրդը հավատա, որ դու ես ինձ ուղարկել»:+
43 Այս խոսքերն ասելուց հետո նա բարձրաձայն կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»:+
44 Եվ նա դուրս եկավ. նրա ոտքերն ու ձեռքերը փաթաթված էին երիզներով,* իսկ դեմքը՝ կտորով: Հիսուսն ասաց. «Արձակեք կապերը, որ կարողանա քայլել»:
45 Մարիամի մոտ եկած հրեաներից շատերը, տեսնելով, թե Հիսուսն ինչ արեց, հավատացին նրան:+
46 Բայց ոմանք գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին, թե ինչ է արել Հիսուսը:
47 Ուստի ավագ քահանաներն ու փարիսեցիները հավաքեցին Սինեդրիոնը* և ասացին. «Ի՞նչ պետք է անենք. այս մարդը շատ հրաշքներ է գործում:+
48 Եթե ոչինչ չձեռնարկենք, բոլորը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կտիրեն մեր տաճարին* ու մեր ազգին»:
49 Նրանցից մեկը՝ Կայիափան,+ որն այդ տարվա քահանայապետն էր, ասաց նրանց. «Դուք ոչինչ չեք հասկանում
50 և չեք մտածում, որ ավելի լավ է՝ մեկ մարդ մեռնի հանուն ժողովրդի, քան թե ողջ ազգը կործանվի»:
51 Սակայն այս խոսքերը նա իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը պետք է մահանա ազգի համար,
52 և ոչ միայն ազգի համար, այլև Աստծու ցիրուցան եղած զավակներին մեկտեղ հավաքելու համար:
53 Այդ օրվանից սկսած՝ նրանք դավ էին նյութում, որ սպանեին նրան:
54 Այդ պատճառով Հիսուսն այլևս բացահայտ չէր շրջում հրեաների մեջ: Նա գնաց անապատի մոտ գտնվող Եփրեմ+ քաղաք և աշակերտների հետ մնաց այնտեղ:
55 Հրեաների Պասեքը+ մոտ էր, և շատ մարդիկ գյուղական վայրերից եկել էին Երուսաղեմ, որպեսզի տոնակատարությունից առաջ ծիսականորեն մաքրվեին:
56 Նրանք սկսեցին փնտրել Հիսուսին ու տաճարում կանգնած՝ իրար ասում էին. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ նա ընդհանրապես տոնին չգա»:
57 Ավագ քահանաներն ու փարիսեցիները հրամայել էին, որ եթե որևէ մեկը իմանա Հիսուսի տեղը, տեղեկացնի այդ մասին, որպեսզի բռնեն* նրան:
Ծանոթագրություններ
^ Հուն.՝ ֆիլեո:
^ Բռց.՝ «մոտ 15 ասպարեզ»: Հուն.՝ ստադիոն: Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «ոգով հառաչեց»:
^ Այսինքն՝ ժապավենաձև կտորներով:
^ Հրեական բարձրագույն դատարանը:
^ Բռց.՝ «վայրին»:
^ Կամ՝ «ձերբակալեն»: