2 Կորնթացիներ 5։1-21
5 Մենք գիտենք, որ մեր երկրային տունը՝ այս մարմնեղեն վրանը, կքանդվի,+ և Աստված մեզ մի շինություն կտա երկնքում՝ անձեռակերտ,+ հավիտենական մի տուն:
2 Այս երկրային տան մեջ մենք իսկապես հառաչում ենք՝ փափագելով ստանալ երկնայինը,+ հագուստի պես հագնել այն,
3 ու երբ այն հագնենք, այլևս մերկ չենք լինի:
4 Մենք՝ այս վրանում լինողներս, ծանր բեռի տակ կքված, հառաչում ենք, բայց այնպես չէ, որ ուզում ենք հանել այն, այլ ուզում ենք մյուսը հագնել,+ որ մահկանացուն փոխարինվի կյանքով:+
5 Աստված է պատրաստել մեզ այդ կյանքի համար+ և տվել է իր ոգին որպես գալիք օրհնությունների գրավական:*+
6 Ուստի մենք միշտ վստահությամբ* ենք լցված և միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ քանի դեռ մեր տունն այս մարմինն է, Տիրոջից հեռու ենք:+
7 Մենք հավատով ենք ապրում, ոչ թե տեսանելի բաներով:
8 Այո՛, լի ենք վստահությամբ* և գերադասում ենք թողնել այս մարմինն ու Տիրոջ հետ բնակվել:+
9 Ուստի անկախ այն բանից՝ նրա հետ ենք բնակվում, թե հեռու ենք նրանից, մեր նպատակն է ընդունելի լինել նրան,
10 որովհետև բոլորս էլ մարմնում եղած ժամանակ պետք է կանգնենք Քրիստոսի դատավորական աթոռի առաջ, որպեսզի ամեն մեկս ստանա արժանի հատուցումը իր արած գործերի համար՝ թե՛ բարի, թե՛ չար:+
11 Գիտակցելով, որ հարկավոր է Տիրոջ հանդեպ վախ ունենալ՝* շարունակ համոզում ենք մարդկանց, որ լսեն մեզ: Աստված լավ գիտի մեզ, և հուսով եմ, որ ձեր խիղճն էլ է վկայում, թե ինչպիսի մարդիկ ենք մենք:
12 Մեր նպատակը չէ ինքներս մեզ կրկին ներկայացնել ձեզ, այլ այս ամենն ասում ենք, որ մեզնով պարծենալու հիմք տանք, որպեսզի կարողանաք պատասխան տալ նրանց, ովքեր պարծենում են առերևույթ բաներով,+ ոչ թե սրտում եղածով:
13 Եթե որոշ բաներ մեր կողմից խելահեղություն են,+ դա Աստծու համար է, իսկ եթե ողջամիտ են, ապա դա ձեզ համար է:
14 Քրիստոսի սերը պարտավորեցնում է մեզ,* որովհետև սա ենք հասկացել. այդ մեկ մարդը մահացավ բոլորի համար,+ քանի որ բոլորը մեռած էին:*
15 Նա մահացավ բոլորի համար, որպեսզի ապրողները այլևս ոչ թե իրենց համար ապրեն,+ այլ նրա համար, ով մահացավ հանուն իրենց ու հարություն առավ:
16 Այնպես որ մենք այլևս ոչ ոքի մասին դատողություններ չենք անում մարդկային տեսանկյունից:+ Եվ եթե նույնիսկ նախկինում Քրիստոսի մասին դատողություններ ենք արել մարդկային տեսանկյունից, հիմա այլևս այդպես չենք անում:+
17 Ով որ միավորված է Քրիստոսի հետ, նոր ստեղծագործություն է.+ հինը անցավ, և ահա նորն է ի հայտ եկել:
18 Բայց ամեն ինչ Աստծուց է, ով Քրիստոսի միջոցով օգնեց, որ հաշտվենք իր հետ,+ և տվեց մեզ հաշտության ծառայությունը,+
19 այն է՝ հռչակել, որ Աստված Քրիստոսի միջոցով օգնում է աշխարհին հաշտվել իր հետ+ և այլևս հաշիվ չի պահանջում նրանց հանցանքների համար:+ Հաշտության այդ կոչը մարդկանց հայտնելը Աստված մեզ է վստահել:+
20 Հետևաբար մենք Քրիստոսի+ անունից գործող դեսպաններ ենք,+ այնպես որ կարելի է համարել, որ Աստված մեր միջոցով իր կոչն է ուղղում մարդկանց: Որպես Քրիստոսի անունից գործող դեսպաններ՝ մենք աղերսում ենք. «Հաշտվե՛ք Աստծու հետ»:
21 Չէ՞ որ Քրիստոսին, ով երբեք մեղք չէր գործել,+ Աստված տվեց որպես զոհ մեր մեղքերի համար,* որպեսզի իր աչքում արդար դառնանք նրա միջոցով:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «կանխավճար»:
^ Կամ՝ «քաջությամբ»:
^ Կամ՝ «քաջությամբ»:
^ Բառարանում տես «Աստվածավախություն»:
^ Ըստ ամենայնի, խոսքը որպես մեղսագործներ մահվան դատապարտված լինելու մասին է:
^ Կամ՝ «մղիչ ուժ է մեզ համար»:
^ Բռց.՝ «Աստված մեղք դարձրեց մեզ համար»: