Կլիմայական փոփոխություններն ու մեր ապագան։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
«Կլիմայի փոփոխությունը դարձել է աղետ։ Երկրագունդն արդեն դառնում է անբնակելի» (Գարդիան)։
Մարդկությունը կանգնած է իր իսկ ստեղծած ճգնաժամի առաջ։ Գիտնականների մեծ մասն այն կարծիքին է, որ գլոբալ տաքացման պատճառը մարդու գործունեությունն է։ Ջերմաստիճանի բարձրացումը փոխել է կլիման և բերել աղետալի հետևանքներ, որոնցից են.
Ավելի հաճախակի և ինտենսիվ եղանակային փոփոխությունները, ինչպիսիք են ջերմային ալիքները, երաշտները և փոթորիկները, որոնք էլ իրենց հերթին ջրհեղեղների և անտառային հրդեհների պատճառ են դառնում:
Արկտիկայի սառույցների և սառցադաշտերի հալքը։
Ծովի մակարդակի բարձրացումը։
Կլիմայական ճգնաժամը ազդել է երկրագնդի բոլոր մասերի վրա։ 193 երկրներում անցկացված հետազոտություններից հետո «Նյու Յորք թայմս»-ի զեկույցում ասվում էր. «Մոլորակը ուղարկում է SOS ազդանշանը»։ Քանի որ կլիմայի փոփոխությունը բազմաթիվ մահերի և տառապանքի պատճառ է դարձել, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն անվանել է «մարդկության առջև ծառացած մեծագույն առողջական սպառնալիք»։
Այնուամենայնիվ, մենք լավ ապագայի հույս ունենք, և դրա համար հիմքեր կան։ Աստվածաշնչում կանխագուշակված են այն իրադարձությունները, որոնք այսօր տեսնում ենք։ Այնտեղ նաև ասվում է, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստված կանի ամեն ինչ մեր ապագան ապահով դարձնելու համար։
Արդյո՞ք կլիմայական փոփոխությունները աստվածաշնչյան մարգարեության կատարումն են
Այո՛։ Գլոբալ տաքացման հետևանքով առաջացած կլիմայական ճգնաժամը համապատասխանում է մեր ժամանակների համար Աստվածաշնչում կանխագուշակված իրադարձություններին։
Մարգարեություն: Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11:18)։
Աստվածաշունչը կանխագուշակել է մի ժամանակ, երբ մարդկային գործունեությունը Երկիրը կկանգնեցնի կործանման եզրին։ Գլոբալ տաքացմանը նպաստելով՝ մարդիկ այսօր աննախադեպ կերպով կործանում են մոլորակը։
Այս մարգարեությունը ընդգծում է մեկ պատճառ, թե ինչու մարդիկ չեն կարողանա փրկել Երկիրը։ Նկատեք, որ Աստված քայլեր կձեռնարկի այն ընթացքում, երբ մարդիկ «կործանում են երկիրը»: Լավ մտադրություն ունեցող մարդիկ ինչ էլ որ անեն, միևնույն է, չեն կարող կասեցնել կլիմայական փոփոխությունները:
Մարգարեություն: «Ահազդու երևույթներ.... կլինեն» (Ղուկաս 21:11)։
Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ մեր օրերում «ահազդու երևույթներ» կամ սարսափելի իրադարձություններ կլինեն։ Կլիմայի փոփոխությունը եղանակային սարսափելի աղետների պատճառ է դարձել ամբողջ աշխարհում: Այսօր որոշ մարդիկ տառապում են էկոանհանգստությունից՝ շրջակա միջավայրի կործանման քրոնիկական վախից:
Մարգարեություն: «Բայց իմացիր, որ վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... անհավատարիմ.... համաձայնության չեկող.... մատնիչ, համառ» (2 Տիմոթեոս 3։1–4)։
Աստվածաշնչում խոսվում է այն հատկանիշների և վարքագծի մասին, որոնց հետևանքով առաջ են եկել կլիմայական փոփոխությունները։ Կառավարությունները և ձեռնարկությունները առաջին տեղում են դնում իրենց շահույթը՝ չմտածելով, թե ինչպիսին կլինի մարդկանց կյանքը ապագայում։ Չնայած միասին աշխատելու փորձերին՝ նրանք չեն կարողանում համաձայնության գալ, որպեսզի քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումը դադարեցնելու համար։
Այս մարգարեությունը ցույց է տալիս, որ մենք չպետք է ակնկալենք, որ մարդիկ ընդհանուր առմամբ կփոխեն իրենց մոտեցումը ու կպաշտպանեն Երկիրը։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչն ասում է, որ եսասիրական հատկություններ դրսևորող մարդիկ «ավելի առաջ կգնան չարության մեջ» (2 Տիմոթեոս 3:13)։
Ինչու կարող ենք համոզված լինել, որ Աստված գործի կանցնի
Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան՝ a մեր Ստեղծիչը, մտահոգված է մեր մոլորակի և այնտեղ ապրողների բարօրությամբ։ Քննենք աստվածաշնչյան երեք համարներ, որոնք ցույց են տալիս, որ շուտով Աստված գործի է անցնելու։
1. Աստված «զուր տեղը չարարեց [երկիրը], այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18)։
Աստված կիրականացնի երկրի առնչությամբ իր նպատակը (Եսայիա 55:11)։ Նա թույլ չի տա, որ այն կործանվի կամ դառնա ապրելու համար ոչ պիտանի։
2. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ։ Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։11, 29)։
Աստված խոստանում է, որ մարդիկ հավիտյան կապրեն երկրի վրա խաղաղ պայմաններում։
3. «Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից» (Առակներ 2։22)։
Աստված խոստանում է վերացնել չարություն գործողներին, այդ թվում՝ նրանց, ովքեր կործանում են երկիրը։
Ինչ է Աստված անելու մեր ապագայի համար
Ինչպե՞ս է Աստված իրականացնելու երկրի առնչությամբ իր նպատակը. համաշխարհային կառավարության միջոցով, որը կոչվում է Աստծու Թագավորություն (Մատթեոս 6:10)։ Այն կիշխի երկնքից և երկրագնդի ու շրջակա միջավայրի հետ կապված հարցերի համար չի բանակցի մարդկային կառավարությունների հետ։ Ընդհակառակը՝ Աստծու Թագավորությունը կփոխարինի մարդկային կառավարություններին (Դանիել 2:44)։
Աստծու Թագավորությունը կբարելավի մարդկանց և շրջակա միջավայրի վիճակը (Սաղմոս 96։10–13)։ Տեսնենք, թե Եհովա Աստված ինչեր է իրականացնելու իր Թագավորության միջոցով։
Վերականգնելու է շրջակա միջավայրը
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1)։
Ինչ է դա նշանակում։ Եհովա Աստված կվերականգնի Երկիր մոլորակի առողջությունը, որը լրջորեն վնասվել է մարդկանց պատճառով։
Վերացնելու է եղանակային անոմալիաները
Ինչ է ասում Աստվածաշունչը. «[Եհովան] խաղաղեցնում է փոթորիկը, և ծովի ալիքները հանդարտվում են» (Սաղմոս 107։29)։
Ինչ է դա նշանակում։ Եհովան բնության ուժերը վերահսկելու զորություն ունի։ Մարդիկ այլևս չեն տուժի եղանակային անոմալիաներից։
Մարդկանց սովորեցնելու է, թե ինչպես հոգ տանել Երկիր մոլորակի մասին
Ինչ է ասում Աստվածաշունչը. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս» (Սաղմոս 32։8)։
Ինչ է դա նշանակում: Եհովան մարդկանց է տվել Երկիր մոլորակին հոգ տանելու պատասխանատվությունը (Ծննդոց 1:28; 2:15)։ Նա մեզ կսովորեցնի, թե ինչպես լավագույնս կատարենք այդ հանձնարարությունը և բնության հետ ներդաշնակ ապրենք։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։