«Լուսակիրը» հոգևոր լույսը տանում է հարավարևելյան Ասիա
1930-ականների սկզբին Եհովայի վկաները քարոզչական գործունեություն դեռևս չէին ծավալել Ինդոնեզիայում, Մալայզիայում և այն տարածքում, որն այսօր հայտնի է որպես Պապուա Նոր Գվինեա։ Ինչպե՞ս էր բարի լուրը հասնելու այդ երկրներ։ Արձագանքելով կարիքին՝ Ավստրալիայի մասնաճյուղը (այժմ՝ Ավստրալասիայի մասնաճյուղ) գնեց շարժիչով աշխատող 16 մետր (52 ֆուտ) երկարության երկկայմ առագաստանավ՝ կեչ։ Այն անվանեցին «Լուսակիր», քանի որ ողջ անձնակազմը, որը բաղկացած էր ռահվիրաներից a, դրա միջոցով հոգևոր լույսը պետք է տաներ հեռավոր երկրներ (Մատթեոս 5։14–16)։
Քարոզվում է Նոր Գվինեայում
1935 թ. փետրվարին յոթ հոգուց բաղկացած անձնակազմը Սիդնեյից, որը Ավստրալիայի արևելյան ափին է գտնվում, ճանապարհ ընկավ դեպի Փորտ Մորսբի (Նոր Գվինեա)։ Ճանապարհին նրանք ձուկ էին որսում և կանգ էին առնում նավահանգիստներում, որ վառելիք և հավելյալ սնունդ գնեն, ինչպես նաև նորոգեն նավը։ 1935 թ. ապրիլի 10-ին այդ ռահվիրաները ծով դուրս եկան՝ հեռանալով Քուքթաունից (Քվինսլենդ)։ Դեպի վտանգներով լի Մեծ արգելախութ ճանապարհորդելիս նրանք գործարկեցին նավի շարժիչը։ Սակայն հետո շարժիչը սկսեց արտասովոր ձայն հանել, և նրանք ստիպված եղան անջատել այն։ Արդյոք այդ մարդիկ կվերադառնայի՞ն, թե՞ կնավարկեին դեպի Նոր Գվինեա։ Նավապետ Էրիկ Յուինզն ասաց. «Վերադառնալը մեր սրտով չէր»։ Ուստի «Լուսակիրը» շարունակեց իր ճանապարհը և 1935 թ. ապրիլի 28-ին ապահով հասավ Փորտ Մորսբի։
Մինչ արհեստավորը վերանորոգում էր շարժիչը, ողջ անձնակազմը, բացի Ֆրենկ Դյուարից, քարոզում էր բարի լուրը Փորտ Մորսբիում։ Ֆրենկը, որին իր ուղեկիցներից մեկը նկարագրել էր որպես «անկոտրում ռահվիրա», ասաց. «Ես մեծ քանակությամբ գրքեր վերցրի և 32 կիլոմետր [20 մղոն] կամ ավելի քայլեցի դեպի կղզու խորքը՝ այցելելով բնակիչներին»։ Հետդարձի ճանապարհին նա ուրիշ ուղի ընտրեց և ստիպված եղավ անցնել մի փոքր գետով, որտեղ կոկորդիլոսներ կային։ Սակայն Ֆրենկը շատ զգույշ էր և ապահով վերադարձավ քաղաք։ Ծառայության մեջ այդ ռահվիրաների ներդրած ջանքերը վարձատրվեցին։ Որոշ մարդիկ, ովքեր այդ ժամանակ աստվածաշնչյան գրականություն վերցրին, հետագայում Եհովայի վկա դարձան։
Քարոզվում է Ճավայում
Երբ շարժիչը վերանորոգվեց, «Լուսակիրը» հեռացավ Փորտ Մորսբիից և ուղևորվեց դեպի Ճավա կղզի, որը գտնվում է Հոլանդական Օստ Ինդիայում (այժմ գլխավորապես Ինդոնեզիայի զբաղեցրած տարածքն է)։ Մթերք և անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու նպատակով մի քանի տեղ կանգ առնելուց հետո 1935 թ. հուլիսի 15-ին նավի անձնակազմը ափ իջավ Բատավիայում (այժմ՝ Ջակարտա)։
Տեղ հասնելուն պես ռահվիրաներից մեկը՝ Չարլզ Հարիսը, հեռացավ «Լուսակրից» և մնաց Ճավայում, որտեղ շարունակեց նախանձախնդրորեն քարոզել բարի լուրը։ b «Այդ օրերում,— ասաց նա,— մեր գործը հիմնականում քաղաքից քաղաք աստվածաշնչյան գրականությունը տարածելն էր։ Ես միշտ ունենում էի անգլերեն, արաբերեն, ինդոնեզերեն, նիդերլանդերեն և չինարեն հրատարակություններ։ Մարդիկ ուրախությամբ վերցնում էին դրանք, ուստի այդ տարի ես աստվածաշնչյան գրականության 17 000 օրինակ տարածեցի»։
Չարլզի եռանդը գրավեց նիդերլանդական իշխանությունների ուշադրությունը։ Մի անգամ մի պաշտոնյա Ճավայում քարոզող մեկ ուրիշ Վկայի հարցրեց, թե քանի Վկա են քարոզչական գործունեությամբ զբաղվում Արևելյան Ճավայում, որտեղ ծառայում էր Չարլզը։ «Միայն մեկ»,— պատասխանեց եղբայրը։ «Եվ դուք ուզում եք, որ ես հավատա՞մ դրան,— բղավեց պաշտոնյան։— Դատելով տարածվող գրականության քանակից՝ դուք երևի քարոզիչների մի մեծ բանակ ունեք այնտեղ»։
Քարոզվում է Սինգապուրում և Մալայզիայում
«Լուսակիրը» Ինդոնեզիայից ուղևորվեց Սինգապուր և տեղ հասավ օգոստոսի 7-ին։ Յուրաքանչյուր կանգառում եղբայրները հզոր ուժեղացուցիչների և բարձրախոսների միջոցով հնչեցնում էին ելույթների ձայնագրություններ։ Բարի լուրը հռչակելու այս մեթոդը հաճախ գրավում էր շատերի ուշադրությունը։ Օրինակ՝ «Սինգապուր ֆրի փրես» թերթը գրեց, որ «բարձր ձայն թնդաց ջրի վրա.... չորեքշաբթի երեկոյան»։ Եվ հավելեց. «Դա մի առանձնահատուկ ելույթ էր.... որը հնչեցվեց.... «Լուսակիր» առագաստանավից։ Այդ նավը Ավստրալիայից եկած ժամանակից ի վեր Սինգապուրում նվագարկում է «Դիտարանի» կողմից ձայնագրված ելույթները»։ Թերթում նաև գրված էր, որ «եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այդպիսի ելույթները.... երկուսից երեք մղոն [3–4 կմ] հեռավորության վրա.... պարզ լսելի են ջրի մակերևույթից»։
Մինչ «Լուսակիրը» Սինգապուրում էր, Ֆրենկ Դյուարը հեռացավ՝ անցնելով նոր նշանակման։ Իր հեռանալու մասին նա հետևյալն էր պատմում. «Մենք ռահվիրայություն էինք անում Սինգապուրում՝ շարունակելով ապրել նավի վրա։ Երբ ժամանակը եկավ, որ «Լուսակիրը» կրկին ճանապարհ ընկնի, Էրիկ Յուինզը ինձ անակնկալի բերեց։ Նա ասաց. «Ֆրե՛նկ, դու ասել էիր, որ քեզ համար որպես տարածք ընտրել ես Սիամը (այժմ՝ Թաիլանդ)։ Այստեղից արդեն չենք կարող քեզ տանել։ Դու պետք է իջնես այստեղ և շարունակես ճանապարհդ»։ Զարմանքից քար էի կտրել։ «Բայց ես չգիտեմ, թե ինչպես կարող եմ Սիամ հասնել»,— պատասխանեցի ես»։ Էրիկը Ֆրենկին ասաց, որ Կուալա Լումպուրից (այժմ՝ Մալայզիա) կարող է գնացք նստել այնտեղ գնալու համար։ Ֆրենկը, հնազանդվելով, ճանապարհ ընկավ դեպի Կուալա Լումպուր և մի քանի ամիս անց հասավ Թաիլանդ։ c
Մալայզիայի արևմտյան ափ ուղևորվելիս «Լուսակիրը» կանգ առավ Ջոհոր Բարուում, Մվարում, Մալակկայում, Կլանգում, Պորտ Սվետենհամում (այժմ՝ Պորտ Կլանգ) և Պինանգում։ Յուրաքանչյուր նավահանգստում անձնակազմը նավից բարձրախոսով տարբեր ելույթներ էր հնչեցնում։ «Մարդիկ այնպես էին զարմանում, ասես թռչող ափսե տեսած լինեին»,— ասաց Ժան Դեյշան անունով մի քույր, որն այդ ժամանակ ծառայում էր Ինդոնեզիայում։ Ձայնագրությունները նվագարկելուց հետո անձնակազմը ափ էր իջնում և հետաքրքրություն ցուցաբերող անհատներին գրականություն բաժանում։
Քարոզվում է Սումատրայում
Պինանգից ռահվիրաները Մալակկայի նեղուցով նավարկեցին դեպի Մեդան (Սումատրա) (այժմ Ինդոնեզիայի կազմի մեջ է մտնում)։ Էրիկ Յուինզը հիշում է. «Մեդան կատարած մեր այցելությունը հետաքրքիր ու հաճելի անցավ, և բազմաթիվ մարդիկ ցանկացան լսել բարի լուրը»։ Եղբայրները այդ տարածքում բաժանեցին աստվածաշնչյան գրականության մոտ 3 000 օրինակ։
«Լուսակիրը» շարունակեց ուղևորությունը դեպի հարավ։ Ճանապարհին անձնակազմը քարոզում էր Սումատրայի արևելյան կողմում գտնվող խոշոր նավահանգիստներում։ 1936 թ. նոյեմբերին առագաստանավը վերադարձավ Սինգապուր։ Այնտեղ Էրիկ Յուինզը հեռացավ անձնակազմից և մի քանի շաբաթ անց ամուսնացավ Իռեն Ստրաուս անունով մի Վկայի հետ, որն ապրում էր Սինգապուրում։ Էրիկն ու Իռենը շարունակեցին իրենց ռահվիրայությունը Սումատրայում։ «Լուսակիրն» այժմ նոր նավապետի կարիք ուներ։
Քարոզվում է Բոռնեոյում
Նոր նավապետը Նորման Սինյըրն էր, որը մասնագիտությամբ ղեկապետ էր։ Նա Սիդնեյից ժամանեց 1937 թ. հունվարին։ Դրանից հետո անձնակազմը Սինգապուրից նավարկեց դեպի Բոռնեո և Ցելեբես (այժմ՝ Սուլավեսի), որտեղ մեծածավալ վկայություն տվեց՝ 480 կիլոմետր [300 մղոն] գնալով դեպի կղզու խորքը։
Երբ «Լուսակիրը» ժամանեց Բոռնեոյի Սամարինդա քաղաքի նավահանգիստ, այնտեղի ղեկավարը ռահվիրաներին թույլ չտվեց քարոզել տեղացիներին։ Սակայն երբ Նորմանը բացատրեց, թե ինչի մասին են քարոզում, այդ մարդը դրականորեն տրամադրվեց և նույնիսկ գրականություն վերցրեց։
Մեկ ուրիշ անգամ մի կղերական Նորմանին հրավիրեց ելույթ ունենալու իր եկեղեցում։ Սակայն Նորմանը ոչ թե ինքը ելույթ ներկայացրեց, այլ ֆոնոգրաֆով աստվածաշնչյան հինգ ելույթ հնչեցրեց։ Կղերականին դուր եկան ելույթները։ Նա անգամ գրականություն վերցրեց, որ տա իր ընկերներին։ Այդ հոգևորականի արձագանքը, սակայն, բացառություն էր։ Հոգևոր առաջնորդներն ընդհանուր առմամբ չողջունեցին Եհովայի վկաների ծավալած գործունեությունը։ Նրանց զայրացնում էր այն, որ ռահվիրաները խիզախորեն վկայություն էին տալիս, և նրանք իշխանությունների վրա նույնիսկ ճնշում բանեցրին, որ «Լուսակրին» արգելեն այլ նավահանգիստներ մտնել։
Վերադառնում է Ավստրալիա
1937 թ. դեկտեմբերին հոգևորականների հրահրմամբ սահմանված արգելքի պատճառով «Լուսակիրը» վերադարձավ Ավստրալիա։ Նավը ճիշտ ժամանակին խարիսխ գցեց Սիդնեյի նավահանգստում. 1938 թ. ապրիլին տեղի էր ունենալու Եհովայի վկաների համաժողովը։ Ավելի քան երեք տարի էր անցել այն ժամանակից, երբ «Լուսակիրը» հեռացել էր Սիդնեյից։ 1940-ականների սկզբին՝ Ավստրալիայում Վկաների գործունեությունը արգելքի տակ դրվելուց անմիջապես հետո, նավը վաճառվեց։ «Անկասկած, այն ծառայեց իր նպատակին»,— նշեց եղբայր Յուինզը, որը «Լուսակիր» նավով կատարած ծառայության տարիների մասին ասաց, որ դրանք իր կյանքի ամենաերջանիկ տարիներից էին։
«Լուսակրի» թողած հարուստ ժառանգությունը
«Լուսակիր» նավի անձնակազմը Թագավորության սերմերը ցանեց մեծաթիվ բնակչություն ունեցող հսկայական տարածքում։ Չնայած հակառակությանը՝ այդ ռահվիրաների գործունեությունն աստիճանաբար պտուղ բերեց (Ղուկաս 8:11, 15)։ Եվ իսկապես, այն երկրներում, որտեղ այս վաղ ռահվիրաները վկայություն տվեցին, այժմ 40 000-ից ավելի Թագավորության քարոզիչներ կան։ Ի՜նչ հրաշալի ժառանգություն թողեցին այս փոքրաթիվ քաջ Վկաները և նրանց առագաստանավը, որի անունը շատ ճիշտ էր ընտրված։
a Ռահվիրաները լիաժամ ծառայող Եհովայի վկաներ են։
b Չարլզ Հարիսի կենսագրությունը հրատարակվել է «Դիտարանի» 1994 թ. հունիսի 1-ի համարում (անգլ., ռուս.)։
c Տես 1991 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 187 (անգլ.)։