«Աստվածաշնչի պատմությունները» աշակերտական սեղանին
Պանգասինան լեզվով «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը, որը լույս տեսավ 2012-ին, օգտագործվում է Ֆիլիպինների դպրոցներում։ Այս հրատարակությունը լիովին համապատասխանում է տարրական դպրոցներում երեխաներին իրենց մայրենի լեզուն սովորեցնելու վերաբերյալ կրթության նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին։
Ֆիլիպիններում խոսում են ավելի քան 100 տարբեր լեզուներով, և այն հարցը, թե ուսուցիչները որ լեզվով պետք է վարեն դասերը, երկար ժամանակ քննարկման առարկա է եղել։ 2012-ին կրթության նախարարության հրամանով՝ պետք է օգտագործվի այն լեզուն, որով երեխաները խոսում են տանը, քանի որ դա կնպաստի դասի հեշտ ընկալմանը և նրանց արագ առաջադիմելուն։ Արդյունքում՝ սկիզբ դրվեց «Մայրենի լեզվի հիմքով բազմալեզու կրթություն» ծրագրին։
Պանգասինան այն լեզուներից էր, որ ընտրվեց դասվարության համար։ Սակայն կար մի խնդիր։ Դպրոցի տնօրեններից մեկը բարձրաձայնեց այդ խնդիրը՝ ասելով, որ աշակերտների համար այդ լեզվով ընթերցանության շատ քիչ գրքերը կան։ Եհովայի վկաները ճիշտ ժամանակին՝ 2012-ի նոյեմբերի մարզային համաժողովին, հայտարարեցին «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի լույսընծայման մասին։
Մոտ 10000 օրինակ էր հրատարակվել համաժողովի ներկաներին բաժանելու համար։ Երեխաներն ու ծնողները անչափ ուրախ էին, որ իրենց մայրենի լեզվով գիրք են ստանում։ Մի ամուսնական զույգ այսպես արտահայտվեց. «Մեր երեխաները սիրահարվել են այս գրքին, որովհետև այն շատ պարզ ու հասկանալի է իրենց համար»։
Համաժողովից անմիջապես հետո Դագուպան քաղաքում ապրող մի քանի Վկաներ իրենց «Աստվածաշնչի պատմություններ» գիրքը տարան դպրոց։ Ուսուցիչները, որոնք փորձում էին ընթերցանության որևէ նյութ ճարել երեխաների համար, մեծ ուրախությամբ վերցրին գիրքը։ Ավելի քան 340 օրինակ բաժանվեց։ Բոլոր ուսուցիչները անմիջապես սկսեցին օգտագործել այն աշակերտներին կարդալ սովորեցնելու համար։
Եհովայի վկաները ուրախ են, որ այս հրատարակությունը որոշ չափով նպաստում է երեխաների կրթությանը։ Գրքի թարգմանիչներից մեկը այսպես արտահայտվեց. «Արդեն վաղուց պարզ է մեզ համար, որ որպեսզի նյութը հասնի մարդու սրտին, այն պետք է լինի նրա մայրենի լեզվով։ Դա է պատճառը, որ Վկաները մեծ ջանքեր են ներդնում Աստվածաշունչը և աստվածաշնչյան գրականությունը հարյուրավոր լեզուներով թարգմանելու համար»։