Գրքույկ, որ կրթում է նկարներով
Օդվալը, որը տարեց կին է, ապրում է Մոնղոլիայում։ Նա չգիտի, թե քանի տարեկան է ինքը, կարծում է՝ ծնվել է 1921-ին։ Վաղ տարիքից նա հոգ է տարել իրենց անասունների մասին և ընդամենը մի տարի է դպրոց գնացել։ Նա չի կարողանում կարդալ։ Սակայն վերջերս մի գունագեղ գրքույկ օգնեց նրան ճանաչելու Աստծուն և իմանալու, թե ինչ երջանիկ ապագա է սպասում նրանց, ովքեր լսում են Աստծուն։ Իր իմացած նոր բաները խորապես հուզել էին նրան։
Այդ գրքույկը, որը Եհովայի վկաները հրատարակել են 2011-ին, ունի երկու տարբերակ։ Երկուսում էլ նույն գեղեցիկ նկարներն են։ Տարբեր են միայն նրանով, որ մեկում տեքստը ավելի քիչ է, քան մյուսում։
Այն տարբերակը, որտեղ տեքստը ավելի շատ է, և որի վերնագիրն է «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան», շուտով մատչելի կլինի արդեն 583 լեզուներով։ Մյուս տարբերակը՝ «Լսիր Աստծուն», մատչելի կլինի 483 լեզուներով։ Մինչդեռ, օրինակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը մինչև 2013թ. հոկտեմբերը թարգմանվել է միայն 413 լեզուներով։ Բացի դրանից, Վկաների հրատարակած գրքույկի երկու տարբերակների տպաքանակը մոտենում է 80 միլիոնի շեմին։
Բրազիլիայում մի տարեց կին ուրախությամբ վերցրեց «Լսիր Աստծուն» գրքույկը և ասաց. «Այնքան հաճելի է իմանալ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են իմ նման մարդկանց մասին։ Ես առաջ երբեք չեմ վերցրել ձեր ամսագրերը, որովհետև կարդալ չգիտեմ։ Բայց այս գրքույկից ուզում եմ ունենալ»։
Բրիժիտը, որը Ֆրանսիայում ապրող մի անուսում կին է, ասաց. «Ես այս գրքույկի նկարները նայում եմ ամեն օր»։
Հարավաֆրիկյան հանրապետությունում ապրող մի Վկա գրում է. «Չինական դաշտում մարդկանց աստվածաշնչյան ճշմարտությունը ներկայացնելու համար սրանից լավ գրքույկ չկա։ Ես այս գրքույկով քննարկումներ եմ ունեցել թե՛ համալսարան ավարտածների հետ, թե՛ այնպիսիների, ովքեր հազիվ են կարդում։ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկով շատ արագ կարողանում եմ հիմնական աստվածաշնչյան կարևոր ուսմունքները սովորեցնել մարդկանց։ Ընդամենը կես ժամից հիմքը պատրաստ է»։
Երկու Վկաներ Գերմանիայում ուսումնասիրություն են անցկացնում մի կրթված զույգի հետ։ Ամուսինը, գրքույկից տպավորված, մի անգամ ասաց. «Ինչո՞ւ առաջ այս գրքույկն ինձ չէիք տալիս։ Սրա օգնությամբ այնքա՜ն հեշտ է հասկանալ Աստվածաշնչի խոսքերն ու պատմությունները»։
Ավստրալիայում մի համր կին ասաց. «Երկար տարիներ մենաստանում ապրել եմ միանձնուհիների հետ։ Ես մոտիկ եմ եղել եկեղեցական առաջնորդներին։ Սակայն ոչ ոք ինձ չի ասել, թե ինչ է Աստծու Թագավորությունը։ Այս գրքույկի նկարները ինձ օգնեցին հասկանալ Մատթեոս 6:10 համարի նշանակությունը»։
Կանադայի Եհովայի վկաների մասնաճյուղը գրում է. «Սիեռա Լեոնեից այստեղ եկած մարդկանցից շատերը, տեսնելով կրիո լեզվով «Լսիր Աստծուն» գրքույկը, հիացմունքով ասացին, որ Եհովայի վկաները իսկապես ջանքեր են ներդնում, որ մարդկանց հայտնեն աստվածաշնչյան ճշմարտությունները։ Ոմանք էլ ասացին. «Դուք մտածում եք մարդկանց մասին, իսկ շատերը անտարբեր են»»։