Թագավորության սրահներ մեկ միլիոն Վկաների համար
1999–2015 թթ.-ին Եհովայի վկաները Կենտրոնական Ամերիկայում a և Մեքսիկայում կառուցել են ավելի քան 5 000 Թագավորության սրահներ։ Սակայն այդ տարածաշրջանում ժողովի հանդիպումներին հաճախող մեկ միլիոն Վկաների և այլ մարդկանց համար դեռ 700-ից ավելի Թագավորության սրահների կարիք կա։
Անցյալում աշխարհի այս մասում ապրող Եհովայի վկաների համար դժվար էր երկրպագության վայրեր կառուցել։ Օրինակ՝ Մեքսիկայում Վկաներից շատերը իրենց ժողովի հանդիպումները անցկացնում էին տներում։ Պատճառներից մեկն այն էր, որ երկար տարիներ օրենքը արգելում էր կրոնական կազմակերպություններին սեփականություն ունենալ։ Սակայն 1990-ականներին այն փոխվեց, ու Եհովայի վկաները սկսեցին բազմաթիվ Թագավորության սրահներ կառուցել։ Այնուամենայնիվ, հաճախ շատ ամիսներ էին պահանջվում մի Սրահ կառուցելու համար։
Գործը մեծ թափ է առնում
Աշխատանքները մեծ թափ առան 1999-ին, երբ Թագավորության սրահների շինարարության խմբերը նոր ծրագրի շրջանակներում սկսեցին Սրահներ կառուցել սահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար, այդ թվում Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի յոթ երկրների համար։ 2010 թ.-ից սկսած՝ Մեքսիկայի մասնաճյուղը վերահսկում է ողջ տարածաշրջանում ծավալվող շինարարական աշխատանքները։
Շինարարության ծառայողները դժվարություններ են ունենում հատկապես մեկուսի տարածքներում Թագավորության սրահներ կառուցելիս։ Օրինակ՝ Պանամայում նրանք ստիպված էին նավակով մոտ երեք ժամ անցնել շինհրապարակ հասնելու համար։ Իսկ Մեքսիկայի Չիապաս նահանգում շինարարական խումբը ստիպված էր շինանյութը փոքր ինքնաթիռով տեղափոխել մի հեռավոր տարածք։
Լավ արդյունքներ
Անգամ բազմաթիվ ոչ Վկա անհատներ ցանկանում են, որ իրենց համայնքում նոր Թագավորության սրահ լինի։ Հոնդուրասում բնակվող մի տղամարդ ասաց, որ նախքան իր բնակավայրում Վկաները Թագավորության սրահ կկառուցեին, ուրիշները ցանկանում էին այնտեղ գիշերային ակումբ կառուցել։ Բայց նա չէր ուզում։ Իսկ երբ Վկաները ասացին նրան, որ ծրագրում են այնտեղ Թագավորության սրահ կառուցել, նա բացականչեց. «Ի՜նչ օրհնություն»։
Շատ տեղերում մարդիկ անչափ տպավորվում են՝ տեսնելով Վկաների տքնաջան աշխատանքը։ Գվատեմալայում ապրող մի մարդ ասաց. «Մեր մշակույթում կանայք հիմնականում միայն խոհանոցում են աշխատում։ Սակայն այստեղ նրանք նույն գործն են անում, ինչ տղամարդիկ։ Ապշում եմ՝ տեսնելով, թե ինչպես են կանայք հավաքում երկաթյա շրջանակները և պատերին գաջ քսում։ Իրոք տպավորիչ է»։ Որոշ հարևաններ անգամ ուտելիք և զովացուցիչ ըմպելիքներ են գնում շինարարության ծառայողների համար։
Շատերին նաև տպավորում է մեր Թագավորության սրահների դիզայնը։ Մի ինժեներ Նիկարագուայի քաղաքներից մեկի քաղաքապետին ասաց, որ իրենց տարածքի Թագավորության սրահը շատ գեղեցիկ է և կառուցված է բարձրորակ շինանյութերից։ Նա նշեց, որ այդ Սրահը այդ քաղաքի լավագույն շինությունն է։
Ինչ խոսք, Եհովայի վկաները շատ են ուրախանում, երբ երկրպագության համար հարմարավետ վայրեր են ունենում։ Նրանք նկատել են, որ նոր Թագավորության սրահ կառուցելուց հետո մեծանում է ժողովի հանդիպումներին Աստվածաշունչ ուսումնասիրողների հաճախելիությունը։ Մեքսիկայի ժողովներից մեկի քարոզիչները, որոնք աջակցել են Թագավորության սրահի շինարարության ծառայողներին, այսպես են արտահայտել իրենց երախտագիտությունը. «Մենք շնորհակալ ենք Եհովային, որ առանձնաշնորհում ունեցանք մասնակցելու Թագավորության սրահի շինարարությանը, որը փառք ու պատիվ է բերում նրա անվանը»։
a Ըստ մի բառարանի՝ Կենտրոնական Ամերիկայի կազմի մեջ մտնում են Բելիզը, Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան, Պանաման և Սալվադորը (Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th Edition)։