Ավելի քան 165000 գրականության շարժական ցուցատախտակ
Եհովայի վկաները հայտնի են տնետուն քարոզչությամբ։ Սակայն նրանց այժմ կարելի է տեսնել նաև հանրային վայրերում՝ գրականության գրավիչ ցուցատախտակի կողքին կանգնած։
Վերջին ժամանակներում այս կերպով քարոզելու վրա շեշտ է դրվել։ 2011-ի նոյեմբերին Նյու Յորք քաղաքում մի խումբ Վկաներ աստվածաշնչյան լուրը մարդկանց հայտնելու համար սկսեցին օգտագործել գրականության ցուցասեղաններ և ցուցատախտակներ։ Այս նախաձեռնությունը այնքան մեծ հաջողություն գրանցեց, որ այն արագ տարածում գտավ այլ քաղաքներում։
2015-ի մարտի դրությամբ աշխարհի տարբեր վայրերում Եհովայի վկաների ժողովներին տրամադրվել է 165390 շարժական ցուցատախտակ, ինչպես նաև հազարավոր այլ տեսակ ցուցատախտակներ, ցուցասեղաններ ու տաղավարներ։
Տնետուն գնալը Վկաների համար շարունակում է մնալ Աստվածաշնչի բարի լուրը քարոզելու հիմնական մեթոդը։ Այդուհանդերձ, գրականության ցուցատախտակներով վկայությունը մեծ հաջողություններ է ունեցել։ Ահա որոշ դեպքեր։
Պերուում Ռաուլ անունով մի մարդ մոտեցավ ցուցատախտակի մոտ կանգնած Վկաներին և ասաց. «Այդ ո՞ւր էիք կորել, երեք տարի է՝ ձեզ եմ փնտրում։ Երբ ձեր ցուցատախտակը տեսա, շնորհակալություն հայտնեցի Աստծուն»։
Թեև այնտեղ, որտեղ ապրում էր Ռաուլը, հաճախ էին Վկաները լինում, սակայն նա երբեք տանը չէր լինում օրվա ընթացքում և նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին։ Նա ասաց, որ նախկինում ուսումնասիրել է Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ ու հիմա ուզում է նորից վերսկսել ուսումնասիրությունը։ Նրա հետ պայմանավորվեցին հանդիպել։
Բուլղարիայում մի երիտասարդ զույգ մոտեցավ ցուցատախտակին և վերցրեց «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Մեկ շաբաթ անց նրանք վերադարձան ու վերցրին ևս երկու գիրք՝ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» և «Սովորիր Մեծ Ուսուցչից»։ Ցուցատախտակի մոտ կանգնած Վկան հարցրեց, թե քանի երեխա ունեն։ Նրանք պատասխանեցին. «Դեռ ոչ մի, բայց երբ ունենանք, նրանց սովորեցնելու ենք Աստծու մասին։ Իսկ այս գրքերը հենց այն են, ինչ պետք են»։
Ուկրաինայում զինվորական համազգեստով մի մարդ մոտեցավ գրականության ցուցատախտակին և ասաց. «Աղջիկնե՛ր, ինձ ասեք՝ երբ է Արմագեդոնը լինելու»։ Այդ տղամարդը ակտիվորեն մասնակցել էր վերջերս երկրում տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Աշխարհում կատարվող դեպքերը տեսնելով՝ նա համոզվել էր, որ Արմագեդոնը շուտով կլինի։ Նա պարզապես ուզում էր իմանալ, թե Աստված ինչու անմիջապես գործի չի անցնում։ Քարոզիչները Աստվածաշնչի միջոցով նրան բացատրեցին, որ Աստված հիմնավոր պատճառ ունի չմիջամտելու մարդկանց գործերին, սակայն նա շուտով կվերացնի ողջ չարությունը երկրի երեսից։ Այդ տղամարդը վերցրեց «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։
Մակեդոնիայում մի երիտասարդ տղամարդ ցուցատախտակի մոտ կանգնած Վկաներին ասաց, որ ծանոթ է իրենց ամսագրերին և ուզում է վերցնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Նա ասաց, որ անմիջապես կգնա հանրային գրադարան ու կկարդա այն։
Երկու ժամ անց երիտասարդը վերադարձավ։ Նա կարդացել էր 79 էջ։ «Այս գիրքը մարդու կյանք է փոխում։ Ես հասկացա, որ ինչին հավատացել եմ այսքան ժամանակ, մեծ մասամբ սխալ է։ Ինչ որ բացատրվում է գրքում, շատ տրամաբանական է։ Այն լրիվ փոխեց կյանքի իմ ընկալումը»,— ասաց նա։