Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Փողոցը իմ տունն էր դարձել»

«Փողոցը իմ տունն էր դարձել»
  • Ծննդյան տարեթիվը՝ 1955

  • Երկիրը՝ Իսպանիա

  • Նախկինում՝ թմրամոլ, հարբեցող և վայրագ անձնավորություն

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Որոշ մարդկանց համար երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի դասեր քաղեն իրենց դառը փորձից։ Նույնը կարելի է ասել իմ մասին։ Ես ծնվել ու մեծացել եմ Բարսելոնայում՝ Իսպանիայի երկրորդ խոշոր քաղաքում։ Ընտանիքս ապրում էր Սոմորոստրո կոչվող տեղանքում, որը զբաղեցնում էր քաղաքի առափնյա շրջանի մեծ մասը։ Սոմորոստրոն հայտնի էր նրանով, որ այնտեղ շատ հանցագործություններ էին լինում, և մարդիկ զբաղվում էին թմրադեղերի վաճառքով։

 Ծնողներս ինը երեխա ունեին, ու ես ամենամեծն էի։ Քանի որ մենք շատ աղքատ էինք, հայրս ինձ ուղարկեց տեղի թենիսի ակումբ՝ աշխատելու որպես գնդակներ հավաքող։ Այդ ժամանակ ընդամենը տասը տարեկան էի և ամեն օր աշխատում էի տասը ժամ, ուստի չէի կարող դպրոց գնալ մյուս երեխաների պես։ 14 տարեկանում սկսեցի մեխանիկ աշխատել փականագործի արհեստանոցում։

1975թ.-ին Հյուսիսային Աֆրիկայում միացա Իսպանիայի արտասահմանյան լեգեոնին և սկսեցի հատուկ համազգեստ կրել

 1975թ.-ին զորակոչվեցի բանակ. զինծառայությունը պարտադիր էր Իսպանիայում։ Քանի որ արկածներ էի փնտրում կյանքում, կամավորագրվեցի Իսպանիայի արտասահմանյան լեգեոն, որը Մելիլյայում էր՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական անկլավում։ Այդ ժամանակ էր, որ ընկղմվեցի թմրամոլության և հարբեցողության զազրելի ճահճի մեջ։

 Լեգեոնից հեռանալուց հետո վերադարձա Բարսելոնա և մի հանցախումբ հիմնեցի։ Մենք գողանում էինք ցանկացած բան, ինչին մեր ձեռքը հասնում էր։ Իսկ հետո վաճառում էինք գողոնը և ստացած փողով թմրադեղ գնում։ Ես սկսեցի ԼՍԴ ու ամֆետամիններ ընդունել, ապրել անբարո կյանքով և անձնատուր եղա ալկոհոլին ու մոլեխաղերին։ Այս կործանարար ապրելակերպի պատճառով ավելի ու ավելի վայրագ մարդ էի դառնում։ Մոտս միշտ դանակ, կացին կամ մաչետե ունեի ու երբեք չէի վախենում անհրաժեշտության դեպքում դրանք գործի դնելուց։

 Մի անգամ մեքենա գողացանք, և ոստիկանները սկսեցին հետապնդել մեզ։ Ասես ֆիլմից մի դրվագ լիներ։ Գողացված մեքենան քշեցինք մոտ 30 կիլոմետր (20 մղոն), մինչև որ ոստիկանները սկսեցին կրակել մեր ուղղությամբ։ Ի վերջո, վարորդը վթարի ենթարկեց մեքենան, և մենք բոլորս փախուստի դիմեցինք։ Երբ հայրս իմացավ այդ մասին, դուրս արեց ինձ տնից։

 Հաջորդ հինգ տարիներին փողոցը իմ տունն էր դարձել։ Ես քնում էի շենքերի մուտքերում, բեռնատարների մեջ, այգու նստարանների վրա և գերեզմանոցներում։ Որոշ ժամանակ նույնիսկ ապրել եմ քարանձավի մեջ։ Կյանքս զուրկ էր իմաստից, և ինձ համար ոչ մի նշանակություն չուներ՝ ողջ եմ, թե մեռած։ Հիշում եմ, որ մի անգամ թմրանյութերի ազդեցության տակ կտրեցի ձեռքերիս երակները։ Մինչ օրս սպիերը մնացել են։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Երբ 28 տարեկան էի, մայրս գտավ ինձ ու խնդրեց, որ տուն վերադառնամ։ Ես համաձայնեցի ու խոստացա, որ կփոխվեմ։ Սակայն անցավ որոշ ժամանակ, մինչև որ կատարեցի խոստումս։

 Մի օր երկու Եհովայի վկա թակեցին մեր դուռը։ Մինչ լսում էի նրանց, հայրս ներսից բղավեց, որ դուռը փակեմ։ Քանի որ երբեք չէի սիրում հրամաններին ենթարկվել, չլսեցի նրան։ Վկաները երեք փոքր գիրք առաջարկեցին ինձ։ Ես ուրախությամբ վերցրի դրանք ու հարցրի, թե որտեղ են անցկացվում նրանց հանդիպումները։ Մի քանի օր անց գնացի Թագավորության սրահ։

 Առաջին բանը, որ գրավեց ուշադրությունս, բոլորի կոկիկ հագուկապն էր։ Ի տարբերություն նրանց՝ ես երկար մազեր ունեի, անխնամ մորուք և հագիս հնամաշ հագուստ էր։ Իմ արտաքին տեսքով բոլորովին չէի համապատասխանում այդ միջավայրին, ուստի ներս չմտա։ Սակայն հետո, ի զարմանս ինձ, տեսա Խուան անունով իմ ծանոթներից և հանցախմբի նախկին անդամներից մեկին, որի հագին կոստյում էր։ Իմացա, որ ընդամենը մեկ տարի առաջ Եհովայի վկա է դարձել։ Նրա ներկայությունը վստահությամբ լցրեց ինձ։ Ես ներս մտա ու ներկա եղա հանդիպմանը։ Այդտեղ էր, որ ամեն ինչ սկսեց փոխվել իմ կյանքում։

 Ինձ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին, և ես համաձայնեցի։ Շուտով հասկացա, որ եթե ուզում եմ ունենալ Աստծու հավանությունը, պետք է փոխեմ իմ ագրեսիվ բնավորությունը և անբարո ապրելակերպը։ Հեշտ չէր այդ փոփոխություններն անելը։ Իմացա, որ Եհովա Աստծուն հաճեցնելու համար պետք է «վերափոխվեմ՝ նորոգելով [իմ] միտքը» (Հռոմեացիներ 12։2)։ Ինձ խորապես հուզեց Աստծու ողորմածությունը։ Չնայած իմ գործած բոլոր սխալներին՝ զգում էի, որ նա ինձ հնարավորություն է տալիս նոր կյանք սկսելու։ Այն, ինչ սովորեցի Եհովա Աստծու մասին, խորապես ազդեց ինձ վրա։ Հասկացա, որ գոյություն ունի Արարիչ, որը հոգ է տանում իմ մասին (1 Պետրոս 5։6, 7

 Դա մղեց ինձ փոփոխություններ անելու։ Օրինակ՝ երբ Աստվածաշունչ ուսումնասիրելիս քննարկեցինք ծխախոտ գործածելու թեման, ինքս ինձ ասացի. «Եթե Եհովա Աստված ուզում է, որ ամեն առումով մաքուր և անպիղծ լինեմ, ապա այս ծխախոտը պետք է դեն նետեմ» (2 Կորնթացիներ 7։1)։ Ուստի այն նետեցի աղբամանի մեջ։

 Ես նաև պետք է դադարեի թմրադեղեր գործածելուց և դրանք վաճառելուց։ Սակայն դրա համար մի փոքր ավելի շատ ժամանակ ու ջանքեր պահանջվեցին։ Այդ նպատակին հասնելու համար գիտեի, որ պետք է խզեմ կապերս իմ ընկերների հետ։ Նրանց ազդեցությունը թույլ չէր տալիս ինձ հոգևորապես առաջադիմել։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ավելի շատ սկսեցի ապավինել Աստծուն և հուսալ ժողովում ձեռք բերած իմ նոր ընկերների օգնությանը։ Իմ հանդեպ ցուցաբերած նրանց սերն ու հետաքրքրությունը մի բան էր, ինչը նախկինում երբեք չէի ունեցել։ Վերջիվերջո, ամիսներ անց ազատվեցի թմրադեղերի նկատմամբ կախվածությունից և «հագա նոր անձնավորությունը», որը կօգներ ինձ ունենալու Աստծու հավանությունը (Եփեսացիներ 4։24)։ 1985թ. օգոստոսին մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Աստվածաշունչը նոր շունչ հաղորդեց իմ կյանքին։ Դրա շնորհիվ ձերբազատվեցի իմ վատ ապրելակերպից, որը կործանարար էր մարմնիս ու արժանապատվությանս համար։ Նախկին ընկերներիցս ավելի քան 30-ը մահացել է երիտասարդ տարիքում ՁԻԱՀ-ից կամ թմրադեղերի պատճառով առաջացած հիվանդություններից։ Որքա՜ն երախտապարտ եմ, որ աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ կարողացել եմ խուսափել այդ նույն ողբերգական հետևանքներից։

 Այլևս ինձ մոտ չեմ պահում դանակներ ու կացիններ, ինչպես որ անում էի երիտասարդ տարիքում։ Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր դրանց փոխարեն ինձ մոտ Աստվածաշունչ կլինի, և դրանով կօգնեմ մարդկանց։ Այսօր ես ու կինս լիաժամ ծառայում ենք Աստծուն։

 Ծնողներս այդպես էլ չդարձան Եհովայի վկա, բայց նրանք գնահատում էին այն օգուտները, որ ես ստանում էի Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ։ Հայրս նույնիսկ պաշտպանում էր Վկաներին իր բոլոր աշխատակիցների առաջ։ Նա հստակ տեսնում էր, որ իմ նոր հավատը մեծ բարեփոխումներ էր անում։ Մայրս հաճախ ասում էր, որ ես ավելի շուտ պետք է սկսեի ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ինչ խոսք, ես համաձայն եմ նրա հետ։

 Իմ կյանքի փորձից հասկացել եմ, թե որքան անիմաստ է բավարարվածություն փնտրել թմրադեղերի և այլ արատավոր բաների մեջ։ Հիմա իսկական բավարարվածություն եմ զգում, երբ ուրիշներին սովորեցնում եմ Աստծու Խոսքում տեղ գտած ուսմունքները։ Այդ ուսմունքներն են, որ փրկեցին իմ կյանքը։