Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը
Մեր համաշխարհային գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է Եհովայի վկաների կամավոր նվիրատվությունների շնորհիվ։ a Նվիրատվությունների արկղերը տեղադրված են այն սրահներում, որտեղ անցկացվում են մեր ժողովի հանդիպումները։ Նվիրատվություն կատարելու այլ կերպերի մասին նշված է «Նվիրատվություններ» էջում։ Այնտեղ ներկայացված են տարբեր կերպեր, որոնց միջոցով անհատը կարող է նվիրատվություն անել թե՛ մեր համաշխարհային գործունեության համար, թե՛ ժողովի ծախսերի համար։
Եհովայի վկաները տասանորդ չեն տալիս, և չկա սահմանված գումար, որը նրանք պարտավոր են նվիրաբերել իրենց եկամտից (2 Կորնթացիներ 9։7)։ Մենք դրամահավաք չենք անում, իսկ մեր հանդիպումների մուտքն ազատ է։ Մեր եղբայրները մկրտության, թաղման, հարսանիքի կամ այլ արարողությունների ժամանակ կրոնական ծառայություն մատուցելու դիմաց չեն վարձատրվում։ Մենք գումար հավաքելու նպատակով միջոցառումներ չենք կազմակերպում։ Նվիրատուի անունը երբեք չի հրապարակվում, և նա չի ներկայացվում հանրությանը (Մատթեոս 6։2–4)։ Մեր կայքերում և հրատարակություններում գովազդներ չկան։
Եհովայի վկաների բոլոր ժողովներում ամեն ամիս ներկայացվում է ֆինանսական հաշվետվություն։ Բոլոր ժողովներում կանոնավորաբար աուդիտ է իրականացվում՝ հավաստիանալու, որ նվիրաբերված գումարները ճիշտ են օգտագործվում (2 Կորնթացիներ 8։20, 21)։
Նվիրատվություն անելու կերպեր
Նվիրատվության արկղեր։ Դուք կարող եք նվիրատվություն անել կանխիկ կամ վճարագրի միջոցով։ Նվիրատվության համար նախատեսված արկղերը դրված են Թագավորության սրահներում, համաժողովների սրահներում և այն վայրերում, որտեղ անցկացվում են մեր ժողովի հանդիպումները։
Օնլայն նվիրատվություններ։ Շատ երկրներում հնարավոր է նվիրատվություն անել «Նվիրատվություն արեք» էջում՝ ընտրելով ձեզ հարմար էլեկտրոնային եղանակը՝ կրեդիտ քարտ, դեբետային քարտ, բանկային փոխանցումներ և այլն։ b Որոշ Վկաներ ամեն ամիս «մի կողմ են դնում» որոշակի գումար, որպեսզի նվիրատվություն անեն՝ օգտագործելով վերոհիշյալ մեթոդներից մեկը (1 Կորնթացիներ 16։2)։
Պլանավորված նվիրատվություններ։ Նվիրատվություն անելու որոշ կերպերից օգտվելու համար թերևս իրավաբանական խորհրդատվության կամ նախօրոք պլանավորելու անհրաժեշտություն լինի։ Նախօրոք պլանավորելը գուցե հնարավորություն տա քեզ օգտվելու քո երկրում գործող հարկային արտոնություններից։ Շատ մարդիկ էլ, հանգամանորեն տեղեկանալով բարեգործական նվիրատվությունների մասին, որոնք կարող են արվել կա՛մ իրենց կյանքի ընթացքում, կա՛մ ուժի մեջ մտնել մահից հետո, որոշել են այդպես նվիրատվություն անել։ Եթե ցանկանում եք ներքոհիշյալ կերպերից մեկով նվիրատվություն անել, խնդրում ենք, դիմեք Եհովայի վկաների՝ ձեր տարածքում գործող մասնաճյուղ։
Բանկային հաշիվներ
Ապահովագրություն և կենսաթոշակային պլան
Անշարժ գույք
Բաժնետոմսեր և պարտատոմսեր
Կտակ և հավատարմագրային կառավարում
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար, թե ուրիշ ինչ կերպերով կարող եք նվիրատվություն անել ձեր երկրում, այցելեք «Նվիրատվություն արեք» էջը։
a Մեր գործունեությանը աջակցելու համար նվիրատվություն են անում նաև նրանք, ովքեր Վկաներ չեն։
b Հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիտիր «Ինչպես նվիրաբերություններ անել էլեկտրոնային ճանապարհով» տեսանյութը։