Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներն ինչպե՞ս են կրթվում իրենց ծառայությունը կատարելու համար

Եհովայի վկաներն ինչպե՞ս են կրթվում իրենց ծառայությունը կատարելու համար

 Մենք՝ Եհովայի վկաներս, շարունակական կրթություն ենք ստանում, որն առնչվում է մեր քրիստոնեական կյանքի տարբեր բնագավառներին՝ ներառյալ մեր հանրային ծառայությանը։ Մեր կատարած ծառայությունը հենց այն գործն է, որ Հիսուսը հանձնարարել է իր հետևորդներին՝ քարոզել Աստծու թագավորության մասին բարի լուրը և ուսուցանել մարդկանց (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Մենք համապատասխան կրթություն ենք ստանում մեր շաբաթական հանդիպումներին և ամեն տարի անցկացվող համաժողովներին։ Ժողովում կամ կազմակերպության մեջ պատասխանատվություններ ունեցող Եհովայի վկաները հավելյալ կրթություն են ստանում աստվածաշնչյան հատուկ դպրոցներում։

Այս հոդվածում՝

 Ի՞նչ կրթություն են ստանում Եհովայի վկաները

 Ժողովի հանդիպումներ։ Ամեն շաբաթ մենք հաճախում ենք երկու հանդիպումների, որոնք անցկացվում են Թագավորության սրահներ կոչվող մեր պաշտամունքի վայրերում։ Հանդիպումներից մեկը տեղի է ունենում շաբաթվա մեջ՝ աշխատանքային օրերին, մյուսը՝ շաբաթավերջին։ Դռները բաց են հանրության առաջ։ Հանգանակություն չի արվում։

  •   Միջշաբաթյա հանդիպում։ Մենք սովորում ենք, թե ինչպես վարժ ու արտահայտիչ ընթերցել, տիրապետել զրույց վարելու արվեստին, բարելավել հռետորական ունակությունները, քարոզելու և ուսուցանելու հմտությունները։ Կրթական ծրագրի շրջանակներում լինում են ելույթներ, քննարկումներ, ցուցադրումներ և տեսանյութեր։ Այս ամենը նպաստում է, որ ավելի հմուտ դառնանք աստվածաշնչյան լուրը ուրիշներին հաղորդելու և հետաքրքրվող մարդկանց Աստվածաշունչ ուսուցանելու հարցում։ Եվ որ ամենակարևորն է, հանդիպումներն օգնում են, որ ամրացնենք Աստծու հանդեպ մեր հավատը և խորացնենք հավատակիցների հանդեպ մեր սերը։

  •   Շաբաթավերջի հանդիպում։ Երկու մասից բաղկացած այս հանդիպումը սկսվում է աստվածաշնչյան հանրային ելույթով, որը գլխավորապես նախատեսված է լայն հանրության համար։ Երկրորդ մասում հարց ու պատասխանով քննարկվում է «Դիտարան» a ամսագրի ուսումնասիրության թողարկման հոդվածներից մեկը։ Հոդվածներում ներկայացվում և բացատրվում են աստվածաշնչյան թեմաներ ու սկզբունքներ, որոնք օգտակար են թե՛ մեր ծառայության մեջ, թե՛ առօրյա կյանքում։

 Համաժողովներ։ Ամեն տարի մենք երեք մեծ միջոցառում ենք ունենում, որոնց մասնակցում են բազմաթիվ ժողովների քարոզիչներ։ Այս ուրախ միջոցառումները նվիրված են լինում աստվածաշնչյան որևէ թեմայի և ներառում են ելույթներ, կարճ բեմականացումներ, հարցազրույցներ և տեսանյութեր։ Ժողովի հանդիպումների պես՝ համաժողովներն էլ են նպաստում, որ խորացնենք աստվածաշնչյան մեր գիտելիքները, ինչպես նաև բարի լուրի ավելի լավ քարոզիչներ և ուսուցիչներ լինենք։ Այս միջոցառումների ժամանակ նույնպես դռները բաց են բոլորի առաջ, և հանգանակություն չի արվում։

 Աստվածաշնչյան դպրոցներ Եհովայի վկաների համար

 Ավելի խորացված կրթություն ստանալու համար որոշ Եհովայի վկաներ հրավիրվում են սովորելու աստվածաշնչյան տարբեր դպրոցներում։ Որո՞նք են այդ դպրոցները։ Ո՞րն է դրանց նպատակը։ Որքա՞ն է տևողությունը։ Ովքե՞ր են հրավիրվում սովորելու։

Ռահվիրայական ծառայության դպրոց

  •   Նպատակը։ Կրթել ռահվիրա b կոչվող լիաժամ ծառայողներին, որպեսզի հմտանան քարոզելու և ուսուցանելու գործում։ Դասընթացը ներառում է դասարանային քննարկումներ, կարճ բեմականացումներ, ելույթներ և գործնական առաջադրանքներ։

  •   Տևողությունը։ Վեց օր։

  •   Ովքեր են հրավիրվում։ Հրավեր են ստանում նրանք, ովքեր արդեն մեկ տարի է՝ ռահվիրա են։ Երկարամյա ռահվիրաները կարող են կրկին հրավիրվել, եթե վերջին հինգ տարիներին չեն սովորել այս դպրոցում։


Թագավորության քարոզիչների դպրոց

  •   Նպատակը։ Հատուկ կրթություն տալ փորձառու լիաժամ ծառայողներին։ Սովորողները ավելի են բարելավում քարոզելու և ուսուցանելու հմտությունները, ինչպես նաև խորությամբ ուսումնասիրում են աստվածաշնչյան տարբեր թեմաներ։ Շրջանավարտներից շատերին առաջարկվում է ծառայել այնպիսի տարածքներում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։

  •   Տևողությունը։ Երկու ամիս։

  •   Ովքեր են հրավիրվում։ Դպրոցում սովորելու համար կարող են դիմել ռահվիրաները, եթե համապատասխանում են որոշակի պահանջների, և եթե իրենց հանգամանքները թույլ են տալիս ծառայել այնտեղ, որտեղ կարիք կա։


Ժողովի երեցների դպրոց

  •   Նպատակը։ Օգնել երեցներին, c որ լավ կատարեն ժողովում ունեցած պարտականությունները, ինչպես, օրինակ, ուսուցանելու և «հովվելու» գործը, ու խորացնեն Աստծու և հավատակիցների հանդեպ իրենց սերը (1 Պետրոս 5։2, 3

  •   Տևողությունը։ Հինգ օր։

  •   Ովքեր են հրավիրվում։ Հրավեր են ստանում նորանշանակ երեցները, ինչպես նաև այն փորձառու երեցները, ովքեր վերջին հինգ տարիներին չեն սովորել այս դպրոցում։


Դպրոց շրջանային վերակացուների և նրանց կանանց համար

  •   Նպատակը։ Կրթել շրջանային վերակացու d կոչվող ծառայողներին, որ ավելի լավ կատարեն իրենց պարտականությունները (1 Տիմոթեոս 5։17)։ Դասընթացը նաև օգնում է, որ այս երեցներն ու նրանց կանայք ավելի խորությամբ ըմբռնեն Աստծու Խոսքը։

  •   Տևողությունը։ Մեկ ամիս։

  •   Ովքեր են հրավիրվում։ Հրավեր են ստանում նոր շրջանային վերակացուները և նրանց կանայք, ովքեր արդեն մեկ տարի է՝ կատարում են այդ ծառայությունը։ Հետագայում նրանք նորից են հրավիրվում՝ ամեն հինգ տարին մեկ։


Թագավորական ծառայության դպրոց

  •   Նպատակը։ Օգնել երեցներին և ծառայող օգնականներին, e որ ընթացիկ իրավիճակներին, տենդենցներին և կարիքներին ընդառաջ կատարեն ժողովում ունեցած իրենց պարտականությունները (2 Տիմոթեոս 3։1)։ Անցկացվում է մի քանի տարին մեկ։

  •   Տևողությունը։ Տարբեր, սովորաբար մեկ օր։

  •   Ովքեր են հրավիրվում։ Շրջանային վերակացուները, երեցները և ծառայող օգնականները։


Բեթելի ծառայության դպրոց

  •   Նպատակը։ Օգնել Բեթելում f ծառայողներին արդյունավետ կատարել իրենց գործը ու խորացնել Աստծու և միմյանց հանդեպ սերը։

  •   Տևողությունը։ Հինգուկես օր։

  •   Ովքեր են հրավիրվում։ Բեթելի նոր ծառայողները պարտադիր սովորում են այս դպրոցում։ Իսկ երկարամյա ծառայողները կարող են կրկին հրավիրվել, եթե վերջին հինգ տարիներին չեն սովորել այս դպրոցում։


Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց

  •   Նպատակը։ Օգնել ուսանողներին ավելի մեծ գնահատանք ունենալ Աստծու Խոսքի հանդեպ և կիրառել սովորածը (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Հոգևոր հարցերում հասուն այն տղամարդիկ ու կանայք, ովքեր սովորում են «Գաղաադում», էլ ավելի օգտակար կադրեր են դառնում Եհովայի կազմակերպության և Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործի մեջ։ Շրջանավարտները կարող են նշանակվել ծառայելու իրենց երկրի կամ մեկ այլ երկրի մասնաճյուղում կամ մասնաճյուղից դուրս։

  •   Տևողությունը։ Հինգ ամիս։

  •   Ովքեր են հրավիրվում։ Մասնաճյուղերը ընտրում են որոշ լիաժամ ծառայողների և առաջարկում դիմում լրացնել։ Կրթական ծրագիրն անցկացվում է Դիտարանի կրթական կենտրոնում, որը գտնվում է Միացյալ Նահանգներում (Պատերսոն, Նյու Յորք)։


Դպրոց մասնաճյուղի կոմիտեի անդամների և նրանց կանանց համար

  •   Նպատակը։ Կրթել մասնաճյուղի կոմիտեի g անդամներին, որ վերահսկեն մասնաճյուղում իրականացվող գործը, ինչպես նաև իրենց մասնաճյուղի հոգածության տակ գտնվող երկրի կամ երկրների Եհովայի վկաների հոգևոր գործունեությունը։

  •   Տևողությունը։ Երկու ամիս։

  •   Ովքեր են հրավիրվում։ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը ընտրում և հրավիրում է մասնաճյուղի կոմիտեի անդամների ու նրանց կանանց, որ սովորեն այս դպրոցում։ Կրթական ծրագիրն անցկացվում է Դիտարանի կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք)։

 Ինչի՞ վրա է հիմնված Վկաներին տրվող կրթությունը

 Աստվածաշունչը Եհովայի վկաների բոլոր կրթական ծրագրերի գլխավոր դասագիրքն է։ Համոզված ենք, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչմամբ է գրված և քրիստոնեական կյանքի բոլոր բնագավառների համար լավագույն խորհուրդներն է պարունակում (2 Տիմոթեոս 3։16, 17

 Եհովայի վկաները վճարո՞ւմ են իրենց ստացած կրթության համար

 Ո՛չ։ Կրթությունն անվճար է։ Եհովայի վկաների գործունեությունը ֆինանսավորվում է կամավոր նվիրատվություններով (2 Կորնթացիներ 9։7

a Աստվածաշունչը և այն ուսումնասիրելու միջոցները, ներառյալ տեսանյութերը, հասանելի են մեր jw.org կայքում։

b Ռահվիրան իգական կամ արական սեռի մկրտված օրինակելի Վկա է, ով ցանկանում է ավելի շատ մասնակցել աստվածաշնչյան լուրը մարդկանց պատմելու գործին՝ ամեն ամիս դրան հատկացնելով կոնկրետ ժամաքանակ։

c Երեցները հասուն քրիստոնյա տղամարդիկ են, ովքեր սովորեցնում են Աստվածաշնչի հիման վրա և հովվում են Եհովայի ծառաներին՝ օգնելով ու քաջալերելով նրանց։ Նրանք որևէ գումար չեն ստանում իրենց կատարած գործի համար։

d Շրջանային վերակացուն լիաժամ ծառայող քրիստոնյա երեց է, ով ամեն շաբաթ այցելում է իրեն վստահված շրջանի որևիցե ժողով։ Նա քաջալերում է իր հոգևոր եղբայրներին և քույրերին՝ ներկայացնելով Աստվածաշնչի վրա հիմնված ելույթներ և նրանց հետ մասնակցելով քարոզելու և ուսուցանելու գործին։

e Ծառայող օգնականները զանազան ծառայություններ են կատարում իրենց եղբայրների ու քույրերի համար։ Նրանց օգնության շնորհիվ երեցները կարողանում են ավելի շատ ժամանակ տրամադրել ուսուցանելու և հովվելու գործին։

f Բեթելը Եհովայի վկաների մասնաճյուղերին տրված անվանումն է։ Այնտեղի լիաժամ ծառայողները իրենց աշխատանքով աջակցում են տվյալ մասնաճյուղի հոգածության տակ գտնվող տարածքում Վկաների գործունեությանը։

g Մասնաճյուղի կոմիտեն կազմված է երեք կամ ավելի փորձառու քրիստոնյա տղամարդկանցից։