ՀՈՒԼԻՍԻ 19, 2019
ԻՍՊԱՆԻԱ
Պատմական իրադարձություն. Եհովայի վկաները լույս են ընծայել իսպաներեն «Նոր աշխարհ թարգմանությունը»
2019 թ. հուլիսի 19-ին՝ ուրբաթ, Մադրիդում (Իսպանիա) տեղի ունեցած «Սերը երբեք չի վերջանում» միջազգային համաժողովի առաջին օրը Եհովայի վկաները լույս ընծայեցին շատ սպասված իսպաներեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը։ Այժմ վերանայված Աստվածաշունչը առկա է jw.org® կայքում կարդալու և բեռնելու համար, և դրանից կարող են օգտվել ողջ աշխարհում ապրող մեր ավելի քան 2,5 միլիոն իսպանախոս եղբայրներն ու քույրերը, որոնք կազմում են լեզվական ամենամեծ խումբը Եհովայի վկաների շրջանում։ a
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Գերիտ Լյոշը Աստվածաշնչի լույսընծայման մասին հայտարարեց նախապես պատրաստված տեսանյութում, որը ցույց տրվեց Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում՝ միջազգային համաժողովի անցկացման վայրում։ Տեսանյութը միաժամանակ հեռարձակվում էր ողջ Իսպանիայում՝ 11 վայրերում։ Գրքի լույսընծայումից կարճ ժամանակ անց այդ տեսանյութը հայտնվեց JW Broadcasting® հեռուստաալիքի կայքում։
Միջազգային համաժողովի անցկացման վայրում քայլեր էին ձեռնարկվել, որպեսզի ներկաները կարողանային jw.org կայքից Աստվածաշունչը ներբեռնել EPUB, JWPUB և PDF ձևաչափերով։ Իսպանիայի 11 այլ վայրերից ծրագիրը ուղիղ հեռարձակմամբ դիտողները նույնպես կարող էին ներբեռնել Աստվածաշունչը՝ միանալով «JW Box» սարքին՝ Եհովայի վկաների կողմից տրամադրված Wi-Fi-ի թեժ կետին։ 1 200-ից ավելի կամավորներ համաժողովի անցկացման բոլոր վայրերում պատրաստ էին ներկաներին օգնելու բեռնել վերանայված Աստվածաշունչը։
Սուրբ Գիրքը իսպաներեն թարգմանելը առանձնահատուկ դժվարության հետ էր կապված, քանի որ իսպանախոս Վկաները աշխարհի տարբեր երկրներում են ապրում։ Իսպանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Պեդրո Գիլն ասում է. «Ըստ հաշվարկների՝ ողջ աշխարհում կան 577 միլիոն իսպանախոսներ, և երկրից երկիր առանձին բառերի և արտահայտությունների իմաստը տարբերվում է։ Բացի այդ, վերջին տասնամյակներում իսպաներենը մեծ փոփոխությունների է ենթարկվել»։
Տարբեր երկրներից մոտ 100 եղբայրների և քույրերի խնդրել էին իրենց կարծիքն արտահայտել թարգմանության մասին՝ օգնելու համար թարգմանչական թիմին ճշգրիտ և ընթեռնելի թարգմանություն անելու։ Ողջ նախագիծը տևեց մոտ չորսուկես տարի։
Եղբայր Գիլն ասում է. «Իսպաներեն վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունում» գործածված է այնպիսի բառապաշար, որը հասկանալի է բոլորին։ Արդյունքում՝ քարոզիչների համար հեշտ կլինի այն գործածել քարոզչական ծառայության և ժողովի հանդիպումների ժամանակ։ Ուրախ ենք, որ այս վերանայված տարբերակը նաև կօգնի իսպանախոս եղբայրներին և քույրերին ավելի մտերմանալու Եհովայի հետ»։
Մենք շնորհակալ ենք Եհովային վերջերս լույս տեսած թարգմանության համար, որը փառք է բերում նրա անվանը։ Վստահ ենք, որ վերանայված Աստվածաշունչը Եհովայի վկաներին կօգնի շարունակելու քարոզել «մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8)։
a Քանի որ աննախադեպ քանակությամբ տպագիր Աստվածաշնչերի կարիք կար, համաժողովի ժամանակ այն չբաժանվեց։ Սակայն հենց որ տպագիր օրինակները առկա լինեն, ողջ աշխարհի իսպանախոս ժողովները կստանան դրանք։ Իսպաներեն վերանայված Աստվածաշունչը մատչելի կլինի նաև JW Library® հավելվածում հուլիսի 22-ից հետո։