Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 2024
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2024 թ. օգոստոսը նշանավորվեց յոթ Աստվածաշնչերի լույսընծայումով

2024 թ. օգոստոսը նշանավորվեց յոթ Աստվածաշնչերի լույսընծայումով

Իբինդա

2024 թ. օգոստոսի 2-ին Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Կարլոս Օրտելաուն հայտարարեց, որ իբինդա լեզվով լույս է տեսել Քրիստոնեական Հունարեն Գրվածքների և «Ծննդոց», «Հռութ», «Եսթեր» ու «Հովնան» գրքերի «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Հայտարարությունն արվեց «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովի առաջին օրը։ Ծրագիրը տեղի ունեցավ Անգոլայի Կաբինդա քաղաքում։ Ներկաները 953-ն էին։ Նրանք ստացան Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանության տպագիր օրինակը։ Թե՛ Քրիստոնեական Հունարեն Գրվածքները, թե՛ Եբրայերեն Գրվածքների վերոնշյալ գրքերը անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։

Անգոլայում բնակվում են ավելի քան 716 000 իբինդախոս մարդիկ։ Առաջին անգամ է, որ իբինդա լեզվով Աստվածաշնչի թարգմանություն է հրատարակվում։ Անգոլայի 13 իբինդախոս ժողովներում և 1 խմբում ծառայող 335 եղբայրներն ու քույրերը անչափ ոգևորված են, որ այսուհետ կարող են ընթերցել Աստծու Խոսքը իրենց մայրենի լեզվով։

Զիմբաբվեական ժեստերի լեզու

2024 թ. օգոստոսի 9-ին Զիմբաբվեի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Էներջի Մատանդան հայտարարեց, որ լույս է տեսել զիմբաբվեական ժեստերի լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Հայտարարությունն արվեց Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում կայացած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովին։ Ընդհանուր հաշվով՝ ծրագրին ներկա էր 405 հոգի։ Թարգմանությունը անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library հավելվածում։

2021 թ.-ին զիմբաբվեական ժեստերի լեզվով լույս էր տեսել «Մատթեոս» գիրքը։ Դրանից հետո աստիճանաբար լույս էին ընծայվել Քրիստոնեական Հունարեն Գրվածքներից այլ գրքեր։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ շուրջ մեկ միլիոն մարդ է խոսում զիմբաբվեական ժեստերի լեզվով՝ ներառյալ Զիմբաբվեում այդ լեզվով գործող 11 ժողովներում և 11 խմբերում ծառայող 377 եղբայրներն ու քույրերը։

Բուլղարերեն

2024 թ. օգոստոսի 11-ին «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովի եզրափակիչ ելույթի ժամանակ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը հայտնեց, որ վերանայվում է բուլղարերեն Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը, և հայտարարեց, որ «Մատթեոս», «Մարկոս» և «Ղուկաս» գրքերն արդեն հասանելի են։ Ծրագիրը կայացավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Ներկաների թիվը 5 418 էր։ Երեք գրքերն էլ անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։

Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը առաջին անգամ բուլղարերենով լույս էր տեսել 2009 թ.-ին։ Այսօր Բուլղարիայի 57 ժողովներում շուրջ 3 000 եղբայրներ ու քույրեր են ծառայում։

Աջա

2024 թ. օգոստոսի 16-ին Արևմտյան Աֆրիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Բոիս Սիլվեյնը հայտարարեց, որ «Մատթեոս» և «Մարկոս» գրքերը լույս են տեսել աջա լեզվով։ Հայտարարությունն արվեց Բենինի Ժակոտոմե ավանում տեղի ունեցած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովին։ Ներկաները 631-ն էին, ևս 435 հոգի էլ տեսակապով հետևում էր ելույթին Բենինի Աբոմեյ Կալավի քաղաքի համաժողովների սրահից։ Երկու գրքերն էլ անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։

Բենինում և Տոգոյում աջա լեզվով խոսում է ավելի քան 1,2 միլիոն մարդ։ Աջա լեզվով հասանելի են Քրիստոնեական Հունարեն Գրվածքների երկու այլ թարգմանություններ։ Սակայն դրանք ձեռք բերելը բարդ է, իսկ օգտագործված բառապաշարը ընթերցողների մեծ մասի համար դժվարըմբռնելի է։ Դեռ ավելին՝ երկու թարգմանություններում էլ բացակայում է Աստծու անձնանունը՝ Եհովա։ Այսօր Բենինի աջախոս 25 ժողովներում և 1 խմբում, ինչպես նաև Տոգոյի աջախոս 12 ժողովներում և 2 խմբերում ծառայում են շուրջ 1 300 եղբայրներ ու քույրեր։ Բոլորն անչափ ոգևորված են, որ այսուհետ կկարողանան օգտվել պարզ ու հստակ թարգմանությունից, որում Աստծու անունը հանդիպում է բոլոր տեղերում, որտեղ այն պետք է լինի։

Կինյառուանդա

2024 թ. օգոստոսի 16-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ուինդերը հայտարարեց, որ լույս է տեսել կինյառուանդայով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակը։ Եղբայր Ուինդերը տեղեկացրեց այս մասին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում կայացած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովի առաջին օրը։ Ներկաները 9 908-ն էին, ևս 1 141 հոգի էլ ծրագիրը դիտում էր համաժողովի անցկացման երկու այլ վայրերից։ Բոլոր ներկաները ստացան տպագիր Աստվածաշնչի իրենց օրինակը։ Կինյառուանդայով «Նոր աշխարհ» թարգմանության ձայնագրությունը և թվային տարբերակը անմիջապես հասանելի դարձան jw.org կայքում և JW Library հավելվածում։

Ռուանդայում ավելի քան 13 միլիոն մարդ է խոսում կինյառուանդայով։ Այս լեզվով են խոսում նաև այլ երկրներում, ինչպես, օրինակ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Տանզանիայում և Ուգանդայում։ Կինյառուանդայով Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը առաջին անգամ ամբողջությամբ լույս էր տեսել 2010 թ.-ին։ Այսօր Ռուանդայում կինյառուանդայով խոսող 634 ժողովներում ավելի քան 35 500 եղբայրներ ու քույրեր են ծառայում։

Սինհալի

2024 թ. օգոստոսի 16-ին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Դեյվիդ Սփլեյնը հայտարարեց, որ սինհալի լեզվով լույս է տեսել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակը։ Հայտարարությունն արվեց Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տեղի ունեցած «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովի առաջին օրը։ Ներկաները 4 273-ն էին։ Ծրագրին տեսակոնֆերանսով միացել էր ևս 1 045 հոգի Շրի Լանկայի Չիլավ քաղաքում անցկացվող համաժողովից։ Երկու վայրերում էլ ներկաները ստացան սինհալի լեզվով «Նոր աշխարհ» թարգմանության իրենց տպագիր օրինակը։ Գիրքը անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library հավելվածում։

Եհովայի վկաները սկսել են աստվածաշնչյան գրականությունը թարգմանել սինհալի լեզվով ավելի քան 75 տարի առաջ։ Այսօր ավելի քան 15 միլիոն սինհալիախոս մարդ է բնակվում Շրի Լանկայում՝ ներառյալ այդ երկրի սինհալիախոս 62 ժողովներում ծառայող 4 808 եղբայրներն ու քույրերը։

Ուոլիսերեն

2024 թ. օգոստոսի 30-ին՝ «Հռչակենք բարի լուրը» տարածաշրջանային համաժողովի ժամանակ, Նոր Կալեդոնիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Մարտին Դեկուզուն հայտարարեց, որ լույս է տեսել ուոլիսերեն Աստվածաշնչի ամբողջական «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Ծրագիրն անցկացվում էր Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում, ինչպես նաև Ուոլիս և Ֆուտունա կղզիների Մալաե գյուղում։ Երկու վայրերի լսարանները միացած էին իրար տեսակոնֆերանսով։ Բոլոր 317 ներկաները ստացան տպագիր «Նոր աշխարհ» թարգմանության իրենց օրինակը։ Աստվածաշունչը նաև անմիջապես հասանելի դարձավ jw.org կայքում և JW Library հավելվածում։

Ուոլիսերեն Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս էր ընծայվել 2018 թ.-ին։ Նոր Կալեդոնիայի և Ուոլիս ու Ֆուտունա կղզիների ուոլիսերեն խոսող երկու ժողովներում ծառայում են 153 քարոզիչներ։ Նրանք խանդավառությամբ սպասում են, որ ամբողջական «Նոր աշխարհ» թարգմանության օգնությամբ պատմեն բարի լուրը այդ երկրների ավելի քան 35 000 ուոլիսախոս բնակիչներին։