ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 2013
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանը տրամադրում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն
Երևում է, որ վերջապես Հայաստանի կառավարությունը ճանաչել է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքները: 2013թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական հանձնաժողովը քննեց և բավարարեց այլընտրանքային քաղաքացիական ծառայության համար դիմած 90 Եհովայի վկաներից 57-ի դիմումները (մնացած դիմումները կքննվեն հետագայում): Նրանց թվում էին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման մեջ գտնվող 20 Վկաներից 6-ը, ովքեր դիմել էին նոր ծրագրում ընդգրկվելու համար: Այդ վեց կալանավորներն ազատ արձակվեցին 2013թ. հոկտեմբերի 24-ին: Հանձնաժողովը կքննարկի այլընտրանքային ծառայության համար դիմած ազատազրկման մեջ գտնվող Վկաների դիմումները, և ակնկալվում է, որ ազատ կարձակի նրանց:
Նոր ծրագիրը
Իրավական այս զարգացումները սկսվեցին, երբ 2013թ. հունիսի 8-ին Հայաստանը այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում կատարեց փոփոխություններ՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական չափանիշներին: Այդ փոփոխությունները կարգավորող որոշումները ընդունվեցին 2013թ. հուլիսի 25-ին: 2013թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առջև խոսելով փոփոխված օրենքի մասին, նշեց. «Այն անհատները, ովքեր խղճի հիմնավորմամբ չեն ցանկանում ծառայել բանակում, մեր օրենսդրությամբ սահմանված կարգով կազատվեն քրեական պատասխանատվությունից»: 2013թ. հոկտեմբերի 3-ին Հայաստանը ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշում, որի հիման վրա խղճի կալանավորների ազատազրկման ժամկետը վեց ամսով կրճատվեց: Համաներման հիման վրա՝ 2013թ. հոկտեմբերի 8-ին և 9-ին ութ Եհովայի վկաներ, ում ազատազրկման ժամկետի ավարտին մնացել էր վեց ամսից քիչ, ազատ արձակվեցին:
Այլընտրանքային քաղաքացիական ծառայության նոր ծրագիրը թույլ է տալիս համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին Աստվածաշնչով դաստիարակված իրենց խղճին ընդունելի կերպով աջակցել իրենց երկրին: Ներկայիս օրենքը այլևս չի վերահսկվում զինված ուժերի կողմից և գտնվում է քաղաքացիական վերահսկողության տակ: Քաղաքացիական ծառայության ժամկետը 36 ամիս է, իսկ աշխատանքային շաբաթը բաղկացած է 48 ժամից: Տարեկան տրվում է 10 արձակուրդային օր: Դիմում ներկայացրած անձինք պետք է նշանակվեն իրենց բնակության վայրից ոչ շատ հեռու գտնվող տարածք, որտեղ կկատարեն ոչ զինվորական բնույթի ծառայություն:
Փոփոխություններին նպաստած քայլերը
2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցելով՝ Հայաստանը, ինչպես ցանկացած նոր անդամ երկիր, ստանձնել է այլընտրանքային ծառայության մասին օրենք ընդունելու և բոլոր խղճի կալանավորներին ազատ արձակելու պարտավորություն: Սակայն, չնայած այդ պարտավորությանը, Հայաստանը շարունակ հետապնդել և ազատազրկել է երիտասարդ Եհովայի վկաներին:
Վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 450 Եհովայի վկաներ ազատազրկման մեջ երկար տարիներ են անցկացրել՝ հաճախ գտնվելով դժվարին պայմաններում և ենթարկվելով դաժան վերաբերմունքի
Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների մեջ ազատազրկման չենթարկվելու հույս արթնացավ, երբ 2004թ. հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունը ընդունեց Այլընտրանքային ծառայության մասին օրենք: Սակայն օրենքը գործողության մեջ դրվելուց հետո պարզվեց, որ այլընտրանքային ծառայությունը գտնվում է զինվորական վերահսկողության տակ և բնույթով պատժիչ է: Եվրոպայի խորհուրդը բազմիցս ընդգծել է, որ այլընտրանքային ծառայության այս ծրագիրը չի համապատասխանում Եվրոպական չափանիշներին: Օրինակ՝ 1532 (2007թ.) բանաձևում նշվում է, որ «Վեհաժողովը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ իսկական քաղաքացիական ծառայություն չլինելու պատճառով տասնյակ անձինք, ովքեր համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվում են զինվորական ծառայությունից, ընդ որում՝ նրանց մեծ մասը Եհովայի վկաներ են, շարունակում են մնալ բանտարկված, քանի որ նախընտրում են բանտը, քան քաղաքացիական բնույթ չունեցող այլընտրանքային ծառայությունը»:
Միացյալ ազգերի մարդու իրավունքների կոմիտեն նույնպես արտահայտել է իր մտահոգությունը այն մասին, որ Հայաստանը շարունակում էր ազատազրկել խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող Եհովայի վկաներին: 2012թ. տեղի ունեցած իր 105-րդ նստաշրջանի եզրափակիչ դիտարկումներում Կոմիտեն նշել է.
«Մասնակից պետությունը պետք է իրական այլընտրանք ստեղծի զինվորական ծառայությանը, որն իրապես կլինի ոչ զինվորական, ընդունելի կլինի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող բոլոր անձանց համար, նաև ո՛չ բնույթով, ո՛չ ծախսերի իմաստով և ո՛չ էլ տևողությամբ չի լինի պատժիչ կամ խտրական։ Մասնակից պետությունը պետք է նաև ազատ արձակի բոլոր խղճի կալանավորներին»։
ՄԻԵԴ-ի աջակցությունը
Հայաստանում դատական պաշտպանություն չգտնելով՝ Վահան Բայաթյանն ու երկու այլ դատապարտված երիտասարդ Վկաներ դիմումներ ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի: 2011թ. հուլիսի 7-ին պարոն Բայաթյանի օգտին կայացված ցնցող վճիռը շրջադարձային եղավ: Առաջին անգամ պատմության մեջ Եվրոպական դատարանը սահմանեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պաշտպանում է անհատի՝ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը: Մեծ պալատի կողմից կայացված այս դրական որոշմանը հաջորդեցին ՄԻԵԴ-ի ևս չորս որոշումներ, որոնք նույնպես պաշտպանեցին խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների իրավունքները: *
Անտեսելով «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը՝ Հայաստանի կառավարությունը հետապնդել և դատապարտել է 29 երիտասարդ Վկաների, ովքեր համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվել են զինվորական ծառայությունից: Նրանցից 23-ը ազատազրկվել են: 2011թ. հուլիսից մինչև 2013թ. հոկտեմբերը 86 երիտասարդ բանտում անցկացրել են ընդհանուր հաշվով 168-ից ավել տարի: Այդ երիտասարդներից ոմանք բողոքարկել են իրենց նկատմամբ կայացված անօրինական որոշումները՝ դիմումներ ներկայացնելով Եվրոպական դատարան:
Չլուծված հարցեր
Դատապարտված և պատիժը կրած, ինչպես նաև 2013թ. հոկտեմբերին ազատ արձակված խղճի կալանավորները ակնկալում են, որ իրենք կհամարվեն դատվածություն չունեցած՝ իրավական վերջին փոփոխությունների համաձայն։ Մեկ այլ մտահոգիչ հարց է այն, թե արդյոք փոխհատուցում կտրամադրվի «Բայաթյան» վճռից հետո դատապարտված և ազատազրկված անհատներին, թե ոչ:
Ժամանակը ցույց կտա, թե ինչպես Հայաստանը կկիրառի այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխությունները: Սակայն Հայաստանը կարծես լուրջ քայլեր է կատարել՝ ճանաչելու խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների իրավունքները:
Երկար ճանապարհ դեպի սպասված արդյունք
Տարեթիվ |
Իրադարձություն |
---|---|
2001 |
Հայաստանը անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ պարտավորվելով ընդունել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն |
2004 |
Այլընտրանքային ծառայության մասին օրենքը մտնում է ուժի մեջ, սակայն այլընտրանքային ծառայությունը վերահսկվում է զինվորական մարմինների կողմից, ինչը անընդունելի է Եհովայի վկաների համար |
2006 |
Այլընտրանքային ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններով ավելացվում են պատժիչ դրույթներ, ինչի հետևանքով այն չի կարող համարվել իսկական քաղաքացիական ծառայություն, որն ընդունելի կլինի Եհովայի վկաների համար |
2011 |
16/1 ձայների հարաբերակցությամբ կայացված «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» որոշմամբ Եվրոպական դատարանի Մեծ պալատը սահմանում է, որ տեղի է ունեցել խղճի ազատության իրավունքի խախտում՝ պաշտպանելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքները |
2012 |
Եվրոպական դատարանի կողմից կայացվում է երկու որոշում՝ «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» |
2013 |
Հունիսի 8-ին օրենքի նոր փոփոխությունները մտնում են ուժի մեջ, իսկ այդ փոփոխությունները կարգավորող որոշումները ընդունվում են հուլիսի 25-ին Հունիսի 8-ին և 9-ին Հայաստանն ազատ է արձակում 8 խղճի կալանավորների Հոկտեմբերի 23-ին Հանրապետական հանձնաժողովը բավարարում է այլընտրանքային ծառայության դիմում ներկայացրած 57 Եհովայի վկաների դիմումները, որոնց թվում են նաև անազատության մեջ գտնվող 20 Վկաներից 6-ի դիմումները Հոկտեմբերի 24-ին Հայաստանը «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակում 6 Վկաների |
^ պարբ. 12 Տե՛ս «Էրչեփն ընդդեմ Թուրքիայի» (թիվ 43965/04), «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 37819/03), «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 37821/03) և «Ֆետի Դեմիրտաշն ընդդեմ Թուրքիայի» (թիվ 5260/07) գործերով կայացված Եվրոպական դատարանի վճիռները: