Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 9, 2016
ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում Եհովայի վկա երիտասարդների առաջին խումբը ավարտում է այլընտրանքային աշխատանքային ծառայությունը

Հայաստանում Եհովայի վկա երիտասարդների առաջին խումբը ավարտում է այլընտրանքային աշխատանքային ծառայությունը

Հայաստանում Վկա երիտասարդների առաջին խումբը, որը կատարում է քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայություն, ջանասիրաբար աշխատում է պետության հանդեպ իր պարտքը կատարելու համար։ Նախկինում Եհովայի վկաներին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար ազատազրկում էին։ Սակայն 2013թ.-ին Հայաստանի Հանրապետությունը փոփոխություններ կատարեց օրենքում՝ հնարավորություն տալով զինծառայության փոխարեն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնել։ Ներկայումս ավելի քան 200 Վկա այլընտրանքային ծառայություն է անցնում։ 2016թ. հունիսի դրությամբ 16 Վկա արդեն ավարտել է իր ծառայությունը։

Քաղաքացիական բնույթի հաջողված այլընտրանքային ծառայություն

Այլընտրանքային ծառայություն անցած Վկա երիտասարդների առաջին խումբը սկզբում կալանավորված էր զինծառայությունից հրաժարվելու համար։ Սակայն երբ ուժի մեջ մտավ ««Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, այս խումբը նշանակվեց կատարելու այլընտրանքային աշխատանքային ծառայություն։ 2014թ. հունվարից նրանք սկսեցին աշխատել բժշկական հաստատություններում, կատարել կանաչապատման և փողոցների ու բակերի մաքրման աշխատանքներ կամ աշխատել որպես բանվորներ՝ կատարելով այլ բնույթի հանձնարարություններ։

Այլընտրանքային ծառայությունն ավարտած երիտասարդները ուրախ են, որ կառավարությունը իրենց հնարավորություն է տվել արդյունավետորեն իրականացնելու իրենց ծառայությունը, օրինակ՝ գեղեցկացնելու իրենց համայնքը և հոգ տանելու կարիքավոր անձանց։ Oրենսդրական այս փոփոխությունների շնորհիվ ծառայությունն ավարտած այդ երիտասարդները հասարակության լիարժեք անդամներ են և համարվում են դատվածություն չունեցող։

22-ամյա Դավիթ Առաքելյանը տուն-ինտերնատներից մեկում ծառայել է սանիտար և արդեն ավարտել է ծառայությունը։ Դավիթն ասում է. «Այլընտրանքային ծառայությունը օգնեց ինձ լինելու ավելի լուրջ, պատասխանատու և աշխատասեր մարդ։ Ուրախ եմ, որ կարողացել եմ հայրենիքիս հանդեպ իմ պարտքը այնպես կատարել, որ այն օգուտ բերի մարդկանց։ Տուն-ինտերնատի տնօրինությունը և անձնակազմը, նույնիսկ որոշ հիվանդներ գովում էին մեզ մեր կատարած աշխատանքի համար»։ Միխաիլ Մանասյանը, որը նույնպես 22 տարեկան է, նշանակվել էր աշխատելու արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Նա ասում է. «Իմ ծառայությանը զուգահեռ ես նոր հմտություն ձեռք բերեցի, որը այժմ կարող է դառնալ իմ աշխատանքը։ Նաև հնարավորություն ունեցա կատարելու հայրենիքիս հանդեպ իմ պարտքը՝ առանց համոզմունքներիս դեմ գնալու»։

Հայաստանի փորձը կարո՞ղ է մղել ուրիշ երկրներին այլընտրանքային աշխատանքային ծառայության մասին օրենք ընդունելու

Վերջերս Հայաստանը ևս մեկ քայլ ձեռնարկեց՝ փոփոխություններ մտցնելով Սահմանադրության մեջ, որով ճանաչվում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ 2015թ.-ին ուժի մեջ մտավ փոփոխված Սահմանադրությունը, որի 41-րդ հոդվածով սահմանվում է. «Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք»։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը դրական գնահատեց Հայաստանի այդ քայլը՝ այն կոչելով «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի իրականացումն ապահովելու հիանալի միջոց, ինչը ողջունվում է»։ *

Այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունմամբ Հայաստանը իր օրենսդրությունը համապատասխանեցրել է միջազգային չափանիշներին։ Այդ փոփոխության շնորհիվ Հայաստանը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժի ենթարկելու փոխարեն՝ ճանաչում է խղճի ազատության նրանց իրավունքը։ Այս դրական զարգացումները կարող են լավ օրինակ լինել այն երկրների համար, որտեղ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը պատժելի արարք է։ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նման օրենքի ընդունումը կարող է բավարարել թե՛ կառավարության, թե՛ քաղաքացիների պահանջները։

Խոսելով Հայաստանում Եհովայի վկաների անունից՝ Տիգրան Հարությունյանն ասաց. «Ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունը դրական քայլեր արեց պաշտպանելու համար մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Այսօր Հայաստանում երիտասարդ Վկաները կարող են պետության հանդեպ իրենց պարտքը կատարել այնպես, որ այն դեմ չլինի իրենց խղճին և նպաստի ուրիշների բարօրությանը»։

^ պարբ. 8 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից Բայաթյանն ընդդեմ Հայաստանի ([ՄՊ], No. 23459/03, ՄԻԵԴ 2011) գործով կայացված վճիռը շրջադարձային եղավ։ Առաջին անգամ դատարանը սահմանեց, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու անհատի իրավունքը լիովին պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով (մտքի, խղճի և կրոնի ազատություն)։