ՄԱՅԻՍԻ 26, 2020
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Հարավային Կորեայում ողջունում են Եհովայի վկաների՝ միջոցառումները օնլայն անցկացնելու որոշումը
Հարավային Կորեայի մարզադաշտերի տնօրենները գովել են մեր կազմակերպությանը 2020 թ. եռօրյա համաժողովը մեծ մարզադաշտերի փոխարեն օնլայն հարթակում կազմակերպելու համար։ Նրանք գովել են մեզ, որ գործել ենք ի նպաստ հանրության առողջության՝ առանց մեր հոգևոր ծրագրերը չեղարկելու։ Համաժողովի վարձակալված տարածքների համար տրված ողջ կանխավճարը վերադարձվել է։
Սեուլում գտնվող շինություններից մեկի տնօրենը նշեց. «Ինչպես և ակնկալվում էր, Եհովայի վկաները խելամիտ որոշում կայացրին։ Շատ ենք սիրում նրանց։ Լինելով հասարակության լիիրավ անդամ՝ կարող եմ հստակ նշել, որ դժվար թե գտնվի մեկ այլ կրոն, որն այնքան բան անի հասարակության համար, որքան Եհովայի վկաները։ Եհովայի վկաները ուրիշների շահերը իրենց շահերից վեր են դասում։ Ցավում ենք, որ այս տարի իրենց համաժողովը մեզ մոտ չեն անցկացնելու, սակայն հուսով ենք՝ ապագայում դեռ կշարունակենք մեր համագործակցությունը»։
Սուվոնում գտնվող շինություններից մեկի տնօրենն էլ հետևյալը նշեց. «35 տարի շարունակ Եհովայի վկաները խնամքով են վերաբերվել այս շինությանը և դրանից օգտվել են այնպես, ասես իրենցը լիներ, ինչի համար միշտ շնորհակալ եմ եղել նրանց։ Բայց հիմա առավել քան շնորհակալ եմ, քանի որ նրանք նախաձեռնություն վերցրին և հետևեցին կառավարության՝ COVID-19 համավարակի տարածումը կանխելու նպատակով տրված ցուցումներին։ Ինձ անչափ տպավորել է նրանց շրջահայացությունը։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նորից ընդունելու Եհովայի վկաներին»։
Համաժողովի անցկացման վայրից ոչ հեռու գտնվող օդանավակայանի տնօրենը նշեց. «2018 և 2019 թվականներին մենք տեսանք, թե [Եհովայի վկաները] որքան կարգապահ են։ Նրանք շատ արագ էին արձագանքում մեր խնդրանքներին։ Այս տարվա միջոցառումը չեղարկելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մարդկանց բարօրությունը։ Դա ինձ շատ է տպավորել։ Ինչ լավ կլիներ, որ բոլորը Եհովայի վկաների նման լինեին»։
Որպես Եհովայի ժողովուրդ՝ մենք սովորում ենք մերձավորի հանդեպ սեր դրսևորել, և այդ սերը ակնհայտ երևում է այս դժվարին ժամանակներում (Մատթեոս 22։39)։